Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի ուժերից վեր է կանգնեցնել «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի շինարարությունը

Հոկտեմբեր 07,2016 16:00

Մալաթիա-Սեբաստիա համայնքում բնակվող մի քաղաքացու տունը Երեւանի քաղաքապետարանի հրահանգով մեկ օրում հողին էր հավասարեցվել: Բանն այն է, որ այդ քաղաքացին իր տունն անօրինական էր կառուցել՝ ո՛չ շինարարության համար թույլտվություն էր ձեռք բերել, ո՛չ էլ փորձել էր քաղաքապետարանի աշխատակիցների հետ «գործարքի» գնալ ու անօրինական կառույցն օրինականացնել: Այս թեման, որքան էլ բարոյական տեսանկյունից լուսաբանման արժանի էր, հատկապես, որ այդ քաղաքացին ազատամարտիկ էր եւ ապրիլյան պատերազմին էլ առաջիններից մեկն էր մեկնել առաջնագիծ, հրապարակման նյութ չդարձրինք. քաղաքապետարանն օրենքի տեսանկյունից ճիշտ էր, բնակիչը ապօրինի կառուցապատում էր արել:
Սակայն երբ այդ արդարադատությունը տարբերակված է կիրառվում,
հասկանալի է դառնում, որ քաղաքապետարանի նպատակն ամենեւին էլ օրենքը պահպանելը չէ:

Արդեն քանի տարի է՝ Հերացու 2 հասցեում «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» (ՀԱՊԿ) հիմնադրամը կառուցապատման աշխատանքներ է իրականացնում: Հիմնադրամի կողմից վեր խոյացող շենքը լուսավորության տեսանկյունից լուրջ խոչընդոտ է հանդիսանում Այգեստան 11 փողոցի թիվ 89/1 տան համար: Այս առնչությամբ նշյալ հասցեի բնակիչ Մարինե Վարդանյանն այս տարվա մայիսին դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով դադարեցնել կամ կասեցնել ՀԱՊԿ հիմնադրամի կողմից իրականացվող շինարարությունը, վերացնել թիվ 01/18-18833-413 շինարարության թույլտվությունը:
Լիցենզավորված կազմակերպությունը մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել եւ 20 էջից բաղկացած վերլուծություն ներկայացրել: Գծագրերով, լուսանկարներով ապացուցվել է, որ ՀԱՊԿ-ի կառուցվող շենքերը բնակչին զրկում են լուսավորությունից: Քաղաքաշինական նորմերի համաձայն՝ լուսավորությունը չէր խախտվի, եթե այդ բնակարանի առնվազն երկու ննջասենյակում օրվա ընթացքում 2,5 ժամ անընդմեջ արեւի լույս ընկներ, սակայն վերլուծությունը ցույց է տվել, որ այդպես չէ. մեկ սենյակում 1,5 ժամ է լուսավորությունը, մյուսում` մեկ ժամ, ինչը համարվում է ինսոլացիոն ռեժիմի խախտում: Արդեն իսկ պարզ երեւում է, որ ՀԱՊԿ-ի կողմից կառուցվող շենքը բազմահարկ է լինելու՝ 12 հարկից ավելի:

Կառուցապատողը երկու շենքերի միջեւ 11 մետր հեռավորություն է թողել, որպեսզի լուծվեին լուսավորության հետ կապված խնդիրները, սակայն համաձայն փորձագետների կարծիքի՝ այդչափ հեռավորությունն ամենեւին էլ խնդիրը չի լուծել:
Ի պատասխան Մարինե Վարդանյանի դիմումի՝ Երեւանի քաղաքապետարանը հայտնել է, որ «…կառուցապատողին 05.05.2014 թ. տրամադրված հ.01/18-18833-413 շինարարության թույլտվությունը կազմված է սահմանված կարգին համապատասխան՝ ՀՀ նորմերի պահպանմամբ, եւ դրա կասեցման հիմքեր չկան»:

Տիկին Վարդանյանն այնուհետեւ մեկ ամիս անց` 11.06.2016թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Երեւան համայնքի՝ նշյալ կառույցի 23.05.2016թ. թիվ 01/18-27591-427 շինարարության թույլտվությունը վերացնելու (անվավեր ճանաչելու) պահանջով: Եվ քանի որ հայցն ընդունվել է վարույթ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով պետք է Հերացու 2 հասցեում կատարվող շինարարությունը կասեցվեր մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելը: Սակայն փաստն այն է, որ մինչ այսօր շինարարական աշխատանքները չեն դադարեցվել, ինչը հստակ երեւում է օրերս կատարած լուսանկարներում:

Այդ մասին Երեւանի քաղաքապետարանը գրավոր նախազգուշացրել է «ՀԱՊԿ ակադեմիայի» հիմնադրամի տնօրենին, սակայն տնօրինությունը արհամարհել է քաղաքապետարանի եւ օրենքի պահանջը` շարունակելով իր գործը:
Տիկին Վարդանյանն այս անգամ էլ անգործության համար դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ այն հիմքով, որ վերջինս ի զորու չէ իր լիազորությունները կատարել: Ծանուցագիրը ստանալուն պես՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետը եւս մեկ գրություն էլ է ուղարկել «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի տնօրեն Ա. Ավետիսյանին՝ կրկնօրինակն էլ տրամադրելով Մարինե Վարդանյանին` հավաստիացնելու համար, թե տեսեք` մենք մեր գործն արել ենք:

Այդ փաստաթուղթն այժմ մեր ձեռքի տակ է, որտեղ քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետ Հ. Ասատրյանը ակադեմիայի տնօրենին գրում է. «Տեղեկացնում եմ, որ Հերացու փողոցի 2 հասցեում «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամի շենքի վերակառուցման եւ բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար Երեւանի քաղաքապետի կողմից 23.05.2016թ. կրված հ.01/18-27591-427 շինարարության թույլտվությունը քաղաքացի Մարինե Վարդանյանի ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանի կողմից բողոքարկվել է, եւ հայցը ՀՀ վարչական դատարանի 20.06.2016թ.-ի թիվ ՎԴ/3189/05/16 որոշմամբ ընդունվել է վարույթ, ուստի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերոնշյալ շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված: Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով քաղաքացի Մարինե Վարդանյանի ու վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ նախագահի վերահսկողական ծառայություն հասցեագրված 05.09.16թ. հ. 20-3983 եւ Երեւանի քաղաքապետին հասցեագրված 01.09.2016թ. հ Վ1153, 02.09.2016թ. հ. Կ-2556 եւ 05.09.2016թ. հ. Վ1164 դիմումները՝ տեղեկացնում եմ, որ անհրաժեշտ է կասեցնել Հերացու փողոցի հ. 2 հասցեում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը` մինչեւ դատարանի կողմից վերջնական ակտի ընդունման ու դրա օրինական ուժի մեջ մտնելը»:

Քաղաքապետարանի երկրորդ նախազգուշացմանն էլ հիմնադրամի տնօրինությունը լուրջ չի վերաբերել եւ այսօր էլ շարունակում է լայն թափով շինարարություն իրականացնել:
Ի դեպ, հիմնադրամին քաղաքապետարանի տրված թույլտվությունը ոչ թե հիմնովին շինարարություն անելու համար է եղել, այլ վերակառուցման եւ բարեկարգման համար: Այդ մասին նաեւ պարզ երեւում է հողի վերահսկողության վարչության պետի` տիկին Վարդանյանին տրամադրված պատասխանում: Սակայն ինչպես նկատում եք լուսանկարներից, ՀԱՊԿ ակադեմիան կապիտալ շինարարություն է անում:
Այս հանգամանքը եւս մեր երկրի վերահսկող մարմինների կողմից, չգիտես ինչու, ուշադրության չի արժանանում: Երբ բնակիչներն ահազանգում են հողի վերահսկողության բաժին, պատասխանում են` մենք ոչինչ անել չենք կարող:
Ուշագրավ է, որ ապօրինի շինարարություն անելու համար օրենքով նախատեսված է տուգանք, առաջին անգամ՝ 250 հազար դրամ, խախտումը չվերացնելու դեպքում՝ 2,5 միլիոն դրամ, սակայն քաղաքապետարանը կամ քաղաքաշինության տեսչությունն այս կառույցին անգամ տուգանելու փորձեր չեն արել:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «ՀԱՊԿ ակադեմիայի» անվան տակ կառուցվում են բարձրակարգ հյուրանոցներ:

Հերացու 2 հասցեում, որտեղ գրանցված է «ՀԱՊԿ ակադեմիա» հիմնադրամը, գրանցված են նաեւ երկու առեւտրային կազմակերպություններ, մասնավորապես` «ՀԱՊԿ Ակադեմիայի հյուրանոց» ՓԲԸ-ն, որի հիմնադիր եւ տնօրենն է Կարեն Սարգսյանը, որը հիմնադիր է նաեւ «Բեսթ թրեյդ», «Եվրոլայն», «Ռուբենյանց», «Երեւան մեդիա հոլդինգ» ՍՊԸ-ներում:

Այս հասցեում է նաեւ ՀԱՊԿ եւ ԵՏՄ ակադեմիայի հյուրանոց «Պրեզիդենտ» ՓԲԸ-ն:

 
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

06.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31