ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վարչական ակտի համաձայն, 52-ամյա դատապարտյալ Գագիկ Գյուլնազարյանը առաջին խմբի ցմահ հաշմանդամ է:
7 տարվա ազատազրկման դատապարտված հիվանդը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Չորս տարի առաջ Գագիկն ընդունվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի վիրաբուժական բաժանմունք:
Նրա մոտ առկա էին մի շարք հիվանդություններ՝ խցանող թրոմբանգիտ, բյուրգերի հիվանդություն, ստորին վերջույթների հետտրոմբոտիկ հիվանդություն, լյարդի ցիրոզ, հեպատիտ C, թոքերի սիլիկոզ, խրոնիկ թութք, խրոնիկ լեղաքարային հիվանդություն:
Վերջերս Գ. Գյուլնազարյանին տեղափոխել էին Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» քաղաքացիական հիվանդանոց: Ստացիոնար բուժման ընթացքում նա հետազոտվել է գործիքային, լաբորատոր միջոցներով, եւ ըստ քրեակատարողական վարչության պաշտոնական գրության, անցել է ստորին վերջույթների դոպլեքս հետազոտության:
Ըստ բժիշկների, դատապարտյալի մոտ առկա էր «խրոնիկ կալկուլյոզ խոլեցիստիտի սրացում»:
Դատապարտյալի կինը՝ Անուշ Գյուլնազարյանն ամեն օր այցելում է ամուսնուն, նա ունի ամենօրյա խնամքի կարիք:
Այդ կապակցությամբ նա դիմել էր նաեւ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Ա. Օսիկյանին, խնդրելով հիվանդության համար «ակտիրովկա անել» ամուսնուն, առաջարկել էր անգամ այլընտրանքը՝ տնային կալանքի ձեւով, միայն թե կարողանա մեղմել ամուսնու օրեցօր անկայունացող վիճակը:
ՔԿՀ իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանի տեղեկացմամբ, դատապարտյալը գտնվում է բժշկական անձնակազմի դինամիկ հսկողության տակ, ստանում է համապատասխան բուժում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
06.10.2016