Ինչպես սփյուռքի ազնիվ ու մասնագետ
ուժերին ներգրավել Հայաստանի զարգացման գործում
Օգտակար կլինի ստեղծել մի վեբ կայք, որտեղ կտեղադրվեն կառավարության բոլոր ոլորտների կադրային կարիքները՝ նույնիսկ մարզերի: Սա հնարավորություն կտա սփյուռքի այն երիտասարդներին, ովքեր երազ ունեն իրենց հայրենիքի նկատմամբ, ունեն համապատասխան բարձրակարգ կրթություն եւ մասնագիտական փորձ, տեղեկանալ այդ կարիքների ու պահանջների մասին եւ որոշում կայացնել, թե արդյոք ուզո՞ւմ են վերադառնալ Հայաստան ու օգնել կառուցել մեր պետականությունը:
Խնդիրը
Ընկերներիցս մեկն, ով դոկտորական կոչում ունի գերմանական մի համալսարանից եւ աշխատանքի երկարատեւ փորձ երեխաների հոգեբանության ու խորհրդատվության ոլորտում, ցանկանում է հաստատվել Հայաստանում: Նա ուզում է իր ծառայությունը բերել կրթության ոլորտում: Նոյեմբերին գալու է Հայաստան, որ տեղում աշխատանք փնտրի կրթության ոլորտում: Նա հուսով է, որ ծանոթությունների միջոցով կկարողանա գտնել մի այնպիսի աշխատանք, որտեղ իր ուսումն ու մասնագիտական փորձը կներդնի երեխաների կրթության գործում:
Լուծում
Բայց թերեւս ավելի լավ ու արդյունավետ տարբերակ կա սա անելու: Հնարավո՞ր է, արդյոք, մի կայք ստեղծել, որը հատուկ նպատակ կունենա արտասահմանում հաջողության հասած հայ մարդկանց հրավիրել Հայաստան, նրանց վստահել կոնկրետ ոլորտներ ու պահանջել արդյունք:
Կարդացեք նաև
Հայրենադարձության արդեն ներշնչող օրինակներ
Հասկանում եմ, որ ներկա պահին, մեզ կարծես թե ավելի շատ լավ տնտեսագետներ են պետք ու ազնիվ գործավարներ (թեեւ կրթությամբ ենք պատրաստելու վաղվա ազնիվ ու գործարար տնտեսագետներին): Վերը նշվածը պարզապես օրինակ էր բազում նմանատիպ պատմություններից: Այն ցույց է տալիս, որ ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում կան նվիրյալ ու ազնիվ, բարձրակարգ կրթություն ստացած պրոֆեսիոնալ հայ մարդիկ, որոնց համար պրիմիտիվ գողությունն արժեք չէ ու նրանք երազ ունեն իրենց հայրենիքի նկատմամբ եւ ուզում են վերադառնալ, օգնել ու կառուցել Հայոց պետականությունը:
Օրինակ, Ֆեյսբուքում Հայ հայրենադարձների խումբն այս պահին ունի 3487 անդամ, որից 29-ը դիմել են այս շաբաթ: Ահա հղումը՝ Armenian Repatriates Network https://www.facebook. com/groups/ ArmenianRepats Network/: Այս խմբում հաճախ քննարկվում են այս տիպի թեմաներ:
Նոր հնարավորություն
մեր երկրի համար
Աստված նոր հնարավորություն է բացել մեր ազգի համար: Մենք տեսնում ենք, որ վատատեսությանն ու հուսահատությանը զուգահեռ վերածնվում է մի նոր ու աճող լավատեսություն: Դեռեւս տագնապալի արտագաղթին զուգահեռ հառնում է մի նոր լավատեսություն: Սա հզոր կապիտալ է, որը կարող է արագ մեծանալ, տեսանելի լինել ու տարածվել հայ մարդկանց սրտերում: Այն պետք է անմիջապես օգտագործել: Օգտակար կլինի, եթե լինի մի կայք, որտեղ Հայոց կառավարությունը կզետեղի կոնկրետ պետական աշխատատեղեր, որտեղ պահանջվում են ազնիվ, համապատասխան կրթություն ունեցող, պրոֆեսիոնալ ու երազ ունեցող հայ մարդիկ: Հավատացե՛ք, շատերը կվերադառնան եւ կուզենան այդ երազի կառուցման մասնակիցը դառնալ:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ, ԱՄՆ
https://www.facebook.com/hareyanarm/
«Առավոտ»
06.10.2016