«Հայերի համար դեպրեսիվ ոչ թե եղանակային պայմաններն են, այլ ֆինանսը»
Քիչ չեն մարդիկ, ովքեր տխրում են աշնան առաջին ցրտերի պատճառով եւ կարոտում են ամռան արեւը: Ոմանց մոտ դա նույնիսկ վերածվում է սեզոնային դեպրեսիայի: Իրականում տարվա որեւէ եղանակ մյուսից ավելի դեպրեսիվ չէ, հարցը դրա ընկալման մեջ է: Որոշ մարդիկ աշունն ասոցացնում են ջերմության կորստի եւ զուգահեռաբար՝ սիրո կորստի հետ: Դա շատերի մոտ ենթագիտակցորեն է տեղի ունենում եւ հանգեցնում է վատ տրամադրության:
Աշնանային դեպրեսիան հաղթահարելու համար հարկավոր է աշխատել սեփական ընկալումների վրա եւ չկենտրոնանալ հեռացող ամռան կամ ջերմության վրա: Դրա փոխարեն պետք է մտածել, թե աշունն ի՞նչ դրական եւ գեղեցիկ բաներ է իր հետ բերում մեր կյանք: Հոգեբան Աննա Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես է խորհուրդ տալիս բոլոր նրանց, որոնք աշունը համարում են դեպրեսիվ շրջան:
Հոգեբանը նշում է, որ ժողովրդի մի մասի մեջ ընդունված է, որ աշունը ինչ-որ տեղ ավարտի, միայնության, տխրություն շրջանն է: Այս եղանակին տեղացող անձրեւները որոշ մարդկանց մոտ ստեղծում են այնպիսի տպավորություն, որ էլի սկսվեցին տխուր, խոնավ օրերը. «Բայց եթե աշնանը խորությամբ սկսենք նայել, ապա կտեսնենք, որ աշնան գույները հենց պայծառության նշան են: Չի կարող դեպրեսիվ համարվել մի շրջան, որտեղ գույների այդքան առատություն կա: Նույնիսկ անձրեւը, նրա «երաժշտությունը» էդ գույների մեջ, մաքուր օդը ամենեւին դեպրեսիվ տպավորություն չեն կարող թողնել»:
Մասնագետը նշում է, որ կարեւոր է, թե ինչպես ենք մենք ընկալում՝ աշունը` որպես տխրությո՞ւն, թե՞ բնության մի հրաշալի երեւույթ, որը կարող է ամեն ինչի սկիզբ լինել:
Այն մարդկանց, որոնց համար աշունը տխրություն է, հոգեբանը խորհուրդ է տալիս հաճախ խմել բուրումնավետ թեյեր, անձրեւի ժամանակ փորձել վայելել այդ ձայնը, զբոսնել, տեսնել բնության փոփոխված գույները, որը կվերացնի այդ դեպրեսիվությունը, տխրությունը:
«Գարունը մենք ակնկալում ենք, որ արդեն տաք եղանակ է, իսկ աշունը շատերը ընդունում են նույն այդ տաք եղանակի ավարտ, բայց հայը չի կարող աշունը վատ եղանակ համարել: Հայկական իրականության մեջ աշունը եղել է առատության, հանգստության, վայելելու շրջան: Հնում էլ հարսանիքները միշտ աշնանն են արել, բերքը ամբարել, բոլոր գյուղական գործերն ավարտել եւ պատրաստվել ձմռան»,- նշում է Աննա Բադալյանը:
Կարդացեք նաև
Հատկապես մեր էթնիկական տեսակի համար, ըստ հոգեբանի, աշունը երբեք չի եղել դեպրեսիվ. «Նույնիսկ մեր ազգային տարազն է աշնանային գույներով: Մեր խոհանոցում եւս աշնան ճաշացանկն ավելի վառ, բույրով հարուստ, տաք կերակուրներ են: Ի վերջո, հայերի համար դեպրեսիվ ոչ թե եղանակային պայմաններն են, այլ ֆինանսը, եթե այն կայուն եղավ, այս ազգը նույնիսկ ձմռան գորշ եղանակին էլ դեպրեսիվ չի լինի»:
Հոգեբանը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ չկա վատ եղանակ, կա վատ հագուստ: Ճիշտ հագնվելը եւս կարեւոր համարեց լավ տրամադրության համար. «Եվ եթե այդ ցրտին ավելի գորշ գույներով, ոչ տաք հագուստ ընտրենք, բնականաբար, այդ ցուրտը թույլ չի տա զգալ աշնան գեղեցկությունը: Սկսած ընկալումներից, հագուստից, մտածելակերպից, վարքից, պետք է ամբողջական դառնան տարվա բոլոր եղանակներին: Տեսողական ընկալումների համար շատ կարեւոր է, որ անընդհատ այն «չդոփի» նույն տեղում: Յուրաքանչյուր եղանակ իր հմայնքն ունի: Շատերի համար աշնանային անձրեւի տակ քայլելն էլ վայելք է, երբ հատկապես գնում ես տուն եւ տաք լոգանք ես ընդունում»:
Մասնագետի խոսքերով` աշունը տարվա ամենառոմանտիկ եղանակն է, շատերի մուսան այդ ժամանակ է գալիս. «Նույն բանաստեղծությունները, կտավները, երգերը աշնան վերաբերյալ շատ ավելի բովանդակալից են, նույնիսկ Վիվալդիի «Աշունը» եթե լսենք, նրա մեջ էլ տխրություն չկա` դինամիկա է»:
Իսկ զգացմունքների առումով, մասնագետը նշում է, որ աշունն էլ կարող է կիրք առաջացնել, նոր սեր, սիրահարվածություն, որովհետեւ շուրջբոլորը վառ գույներ են. «Եթե նույնիսկ մարդը դեպրեսիվ վիճակի մեջ է, ապա աշունն այն եղանակն է, որ «աջակցում» է մարդուն այդ վիճակից դուրս գալու:
Իսկ լավագույն միջոցը սիրահարվելն է: Սերն ու դրական էմոցիաները կօգնեն հաղթահարել ցանկացած դեպրեսիա եւ վատ տրամադրությունից ոչ մի հետք չեն թողնի: Սիրելի անձնավորության ջերմությունն ու սերը թույլ չի տա նկատել դրսի ցուրտը, իսկ աշնան վառ գույները հիանալի ռոմանտիկ միջավայր կապահովեն զբոսանքների համար»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
06.10.2016