ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գիրք տասնութերորդ
Գլուխ հիսուներեքերորդ
Կարդացեք նաև
ԱՌՑԱՆՑ
Իմ սերնդակիցներն ու առավել տարեցներն առցանց ու ինտերնետ սողոսկելու սովորություն չունեն, եւ հատկապես ու առանձնապես համակարգչով վեպ կարդալու նախասիրություն ու սովորություն չունեն, եւ էդ իմաստով մաթեմատիկոս Ղազարյան Հայկը երջանիկ բացառություն է, եւ չնայած էս վեպիս տարածքում միանգամայն անարդարացիորեն Ղազարյան Հայկին չափազանց քիչ եմ անդրադարձել, այդուհանդերձ, լուսավորության նախկին նախարար եւ ճշգրիտ գիտությունների ներկայիս դոկտոր Ղազարյան Հայկն առաջին իսկ օրվանից առ էսօր աչքի է անցկացնում էս վեպս, ընդ որում՝ առաջին իսկ օրվանից հենց ինտերնետում եւ «Առավոտի» կայքում է աչքի անցկացնում, ընդ որում՝ Ղազարյան Հայկն էս վեպս «Առավոտի» կայքում աչքի էր անցկացնում դեռեւս էն տարիներին, երբ էս վեպս դեռեւս օրաթերթում էլ էր տպագրվում, եւ երբ վեպս դադարեց օրաթերթում տպագրվել եւ սկսեց բացառապես «Առավոտի» կայքում տեղադրվել, թերթի ընթերցողներից շատերը դադարեցին էս վեպս կարդալ, եւ նույնիսկ ընթերցողներիցս ամենաերդվյալները դադարեցին վեպս կարդալ, որովհետեւ նրանցից քչերն էին ի վիճակի կայքում ու ինտերնետում վեպ կարդալ, եւ հիմնականում ջահելությունն է ինտերնետում ու կայքերում վեպ կարդում, իսկ ինչ վերաբերում է անձամբ իմ էս անծայրածիր ու անվերջանալի գրությանը, տարիքավորներից հիմնականում մաթեմատիկոս Ղազարյան Հայկն է կայքում ու ինտերնետով էս վեպս կարդացել ու կարդում, եւ մի քանի ուրիշ տարիքավորներ էլ կան, որոնց անունները չգիտեմ, բայց գիտեմ, որ Հայկի պես նրանք բոլորն էլ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչներ են՝ հիմնականում մաթեմատիկոսներ ու ֆիզիկոսներ, եւ ինտերնետն ու զանազան կայքերը հոգեհարազատ ու մատչելի են իրենց, եւ իրենք դեռեւս լճացման տարիներին են իմացել՝ ինչ բան է համակարգիչը, եւ էդ գիտնական ընթերցողներիս գոյության մասին Աթոյան Լյովայի ասելով գիտեմ, եւ Աթոյան Լյովան ինքն էլ է ճշգրիտ գիտության ներկայացուցիչ, եւ ճշգրիտ գիտության ներկայացուցիչ լինելով՝ ինքն էլ է երբեմն ռուսերեն լեզվով պատմվածքներ ու թեւավոր խոսքեր գրում, որոնք բոլորն էլ մեր ռուսալեզու թերթերը հաճույքով տպագրում են, եւ Աթոյանը նույնպես ինտերնետում երբեմն-երբեմն աչքի է անցկացնում էս անվերջանալի գրությունս, եւ Աթոյանի վկայությամբ՝ իր ֆիզիկոս ու մաթեմատիկոս կոլեգաներից չորսն ինտերնետում մշտապես կարդում են էս վեպս, ընդ որում, ոչ միայն կարդում, այլեւ հավանում էլ են, եւ հիմա որ էս ուղղությամբ մտածում եմ, մի ավելորդ անգամ հասկանում ու համոզվում եմ, որ էս վեպս ամենից քիչ մեր գրողներն են կարդում, ավելի ճիշտ՝ մեր գրողներն էս վեպիս էն հատվածներն են կարդացել ու կարդում, որտեղ անձամբ իրենց եմ անդրադառնում, եւ Իշխանյան Վահանը թերեւս գրողներից միակն է, ով էս վեպս ոչ միայն կարդում, այլեւ գրախոսում ու դրվատանքի է արժանացնում, չնայած իրեն էս վեպիս մեջ համարյա չեմ անդրադարձել:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: