Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է Եղնուկյանի պաշտպանի գրավի միջնորդությունը՝ «անհեթեթ, կոպտորեն, առանց որեւէ հիմքի»

Հոկտեմբեր 06,2016 23:23

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 10-ին քննում էր Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին միջնորդությունը:

Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ին հայտնեց, որ դատարանը մերժել է միջնորդությունը, փաստաբանի խոսքերով՝ անհեթեթ, կոպտորեն, առանց որեւէ հիմքի: Նա նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հյուպատոսը դիմել էր դատարանին, որպեսզի ինքն ու իր ներկայացուցիչը ներկա գտնվեն դատական նիստին, քանի որ Կարո Եղնուկյանը ԱՄՆ քաղաքացի է: Դատարանը մերժել է նաեւ այդ միջնորդությունը:

«Միջնորդությունը նիստից մի քանի րոպե առաջ էին մերժել, ուղարկել հյուպատոսին, այսինքն՝ հյուպատոսը մի քանի ժամ առաջ էր ստացել այդ միջնորդությունը, հետեւաբար՝ Եղնուկյանը չգիտեր, որ հյուպատոսը երաշխավորագիր պետք է ուղարկի: Եղնուկյանը հարցրեց դատավորին՝ եթե հյուպատոսը երաշխավորագիր ներկայացնի, խնդրում եմ, հարգելի՛ դատարան, դա կազդի՞ գրավի միջնորդության վրա, դատարանը հասկացրեց, որ իհարկե՛, կազդի, որովհետեւ ասաց՝ ես չեմ ուզում չեղած բանի մասին կարծիք հայտնել:

Հենց այդ հիմքով Եղնուկյանը միջնորդեց դատական նիստը հետաձգել՝ դա պարզելու համար: Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, բայց եկավ 1 ժամ 10 րոպե հետո, ինչը շատ զարմանալի էր պարոն Եղնուկյանի համար: Երկրորդ անգամ Եղնուկյանը նույն միջնորդությունը ներկայացրեց, դատարանը մերժեց Եղնուկյանի միջնորդությունը: Ասաց՝ Դուք ապացույցներ չեք ներկայացնում, որ հյուպատոսը պետք է երաշխավորագիր-միջնորդություն ներկայացներ դատարանին, այնինչ ինքն էր ներկայացրել հյուպատոսի միջնորդությունը»,- ասաց փաստաբանը:

Դեռ օգոստոսին Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, թե չեն կարող այդպես անհեթեթ ձեւով Կարո Եղնուկյանին մինչեւ սեպտեմբեր պահել: Մեր նկատառմանը, թե փաստաբանը միշտ պնդում էր, որ Եղնուկյանին ազատ կարձակեն, սակայն իրականում դատարանը մերժում է գրավի միջնորդությունը եւ բավարարում է քննիչի՝ կալանքը երկարաձգելու միջնորդությունը, Տիգրան Հայրապետյանը պատասխանեց. «Ամեն օր մեր դատական համակարգը բացասական իմաստով զարմացնում է: Օր օրի կամ ժամ ժամի, նամանավանդ, այս գործով դեգրադացվում է դատական համակարգը:

Եթե մինչեւ այս մենք ունեինք որոշակի չափորոշիչներ, որ ենթադրենք կալանքի հետ կապված քննության գործերով դատարանը ինչերի վրա պետք է ուշադրություն դարձնի, ինչ պետք է պարտադիր պահանջի քննիչներից, ինչը՝ չպահանջի: Ձեւավորվել էր դատական պրակտիկա եւ օրենքը կիրառվում էր: Փաստաբանների ջանքերով, բողոքներից հետո, Վճռաբեկ դատարանում գործեր շահելուց հետո հասել էր մի հանգրվանի, որ փոքր ի շատե կանխատեսելի էր այս ամենը: Բայց ամեն օր դատական համակարգը այնպես է դեգրադացվում, որ զարմանալ չի կարելի: 1 տարի առաջ ընդհանրապես հնարավոր չէր այսպիսի բան՝ առանց հիմնավորումների անձին պահել կալանքի տակ»:

Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատավարական նվազագույն իրավունքները նույնպես չեն օգնում, մասնավորապես՝ բազմաթիվ երաշխավորագիր-նամակներ էր ներկայացրել բազմաթիվ պատգամավորներից, հեղինակավոր կազմակերպություններից, սակայն ապարդյուն:

Նրա կարծիքով՝ դատարանին չի հետաքրքրում ո՛չ հասարակության կարծիքը, ո՛չ օրենքը, ո՛չ էլ Եղնուկյանի՝ ԱՄՆ քաղաքացի լինելու հանգամանքը: Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այս որոշումը եւ սպառել ներպետական ատյանները եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «1 տարի առաջ ընդհանրապես հնարավոր չէր»…

    իսկ 1-տարի-առաջ, պարոն հանճարեղ փաստաբան, Հայաստանում երբեւիցէ մարդիկ զէնքերով հարձակա՞ծ էին ոստիկանատան մը վրայ, ոստիկաններ սպանած, եւ գրգռած ապստամբություն, ջանալով բռնությամբ եւ բրտությամբ կառավարությունը տապալել…

    գոնէ փաստաբանի մը համար ո՞նց կարելի է կացության արտակարգ, արտասովոր յուրահատկությունները նկատի չառնել, այսպիսի օրինական գործի մը մէջ

    պաշտպան փաստաբաններից շատեր, դատարկ խօսքերով, անհիմն հույսերով եւ պատրաքներով տեւաբար… օրօրում են իրենց հաճախորդներն ու անոնց հարազատները, որոնք հատկապէս խոցելի վիճակում կը գտնվին

    բրտութեան եւ մարդասպանության արարքին ուղղակի մասնակիցների պարագային, անհնար է որ նախա-դատավարական կալանքը վերանա

    իսկ մյունսերից անոնց պարագային որոնց վիճակված այդ կալանքը մնում է ցարդ անփոփոխ, պարզ է թէ պատճառը կը վերաբերի ազգային անվտանգության, եւ հետեւաբար՝ այս հանգրվանին, տեսականօրէն արդարացի կերպով, դատարանում չեն բացայայտվելու այդ ուղղությամբ որեւէ տեղեկություն

    անշուշտ, ըստ էության դատավարության հանգրվանին, մեղադրող կողմը պարտավոր է փաստերով – եւ լուրջ, բաւարարաչափ փաստերով – հիմնավորելու մեղադրանքը…

    սակայն մինչ այդ, զարմանալի չէ, ոչ, որ դատարանը ռիսկը չառնի նախազգուշական կալանքը վերցնելու

    այս հատուկ պարագային, փոխանակ քաջալերելու եւ արդիւնքներ խոստանալու, ընդհակառակն, այս փաստաբանը պէտք է որ խորհուրդ տար իր հաճախորդին որ ան հրաժարի այս մէկ միլիոն տոլարի առաջարկից, ինչպէս նաեւ ԱՄՆ դեսպանատունը հեռու պահէ իր թղթածրարից.

    որովհետեւ, գոնէ երեւոյթների մակարդակի վրայ, այդ երկու քայլերն ալ վնասակար են իր հաճախորդին համար…

    մէկ միլիոն տոլարի նիւթով՝ պատգամը ի՞նչ է այստեղ…
    այն ամբաստանյալը որ հարուստ է, կարող է դուրս գալ կալանքից,
    իսկ ան որ փող չունի, ոչինչ, մնալու է իր տե՞ղը…

    իսկ ԱՄՆ-ի դեսպանի միջամտությունը որքա՞ն խոհեմ բան է, եթէ, ըստ հաւանականության, ամբաստանյալին վերագրված է ԱՄՆ-ի գաղտնի գործակալ լինելու հանգամանքը…

    փաստաբանները պարզապէս փող են աշխատում,
    ի վնաս իրենց հաճախորդներին

    ի դէպ, այս փաստաբանը նշեց ԱՄՆ դեսպանի կողմէ նամակ մը, ասելով որ անոր պատճենը դատարանը տվել է իրենց… լրագրողները արդյոք ստացե՞լ են այդ նամակի պատճենը… թէ ոչ, անոր կարծեցեալ բովանդակությունը լսելու ենք միմիայն այս փաստաբանի բերանից…

    «Տիգրան Հայրապետյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի այս որոշումը եւ սպառել ներպետական ատյանները եւ դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: »

    անուշ լինի՜…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31