Այսօր Aravot.am-ը ՀՀ թատերական գործիչների միության նախագահ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ Հակոբ Ղազանչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կտա պաշտոնաթող եղած Հասմիկ Պողոսյանի աշխատանքին ու ի՞նչ ակնկալիքներ ունի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից։
«Ես հետևում եմ սոցցանցերին ու ավելի շատ քննադատություն եմ տեսնում Հասմիկ Պողոսյանի հասցեին, բայց պետք է ասեմ, որ վատ նախարար չէր․ սխալներ բոլորս էլ թույլ ենք տալիս։ Ես ինքս միլիոնավոր սխալներ եմ թույլ տալիս աշխատանքում, բայց Հասմիկ Պողոսյանը, որի հետ շատ-շատ հարցերում ես համաձայն չէի և դա ասում էի իրեն, մենք շատ ենք վիճել տարբեր հարցերի շուրջ, այնուամենայնիվ, որ նայում ես էսպես դրական աշխատանք արել է, և ես չէի ուզենա, որ պաշտոնից հեռանալուց հետո միայն բացթողումները հիշվեին, միայն քննադատություն լինի։ Յուրաքանչյուր պարագայում գտնում եմ, որ պետք է և այն ասվի, և այն, արված գործերը ասվի:
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Ամիրյանին, շատ վաղուց գիտեմ, շատ մոտ հարաբերություններ ունեմ, չափազանց օրինավոր, կարգին անձնավորություն է, մշակութային մարդ է, բավական մեծ հեղինակություն ունի մշակույթի գործիչների շրջանում և ես համոզված եմ, որ Արմենը լավ կաշխատի։ Համենայնդեպս դա ամենաբարդ նախարարությունն է, որովհետև գործ ունես հայտնի անհատականությունների հետ, ինչ-որ տեղ մշակույթի նախարարի գործունեությունը ես համեմատում եմ արտգործնախարարի գործունեության հետ։ Պետք է շատ լուրջ դիվանագետ լինես և քո տարածքում, քո ոլորտում պետք է բավական ճիշտ կատարես քայլերը, որպեսզի ցնցումներ քիչ լինեն, իսկ մշակույթի բնագավառում ցնցումներն անընդհատ լինում են, որովհետև անհատականությունների հետ գործ ունես, բայց ամեն դեպքում Արմենը շատ ոգևորված է, շատ տրամադրված է, և ինչ-որ բան փորձում է,ես համոզված եմ, որ կանի», -ասաց Հակոբ Ղազանչյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ