Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարարի ուղեկցությամբ, այցելեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն

Հոկտեմբեր 06,2016 21:33

Հոկտեմբերի 6-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ, այցելեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» Հ/Կ:

Պատվիրակության կազմում էին «Կարդինալ Հյոֆների միության» ներկայացուցիչները, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր, ԵՄ հարցերով խորհրդարանական ենթահանձնաժողովի նախագահ Բերնհարդ Շուլթե-Դրյուգելթեն, Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խոսնակ Կարլ Շիվերլինգը, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավորներ Քրիստիան Հազեն, Մարտին Փաթցելթը, Հայնց Ռիզենհուբերը, Յոհաննես Ռյորինգը, Կարլ Յուսթենը և այլք:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» Հ/Կ-ից հանդիպմանը մասնակցեցին կենտրոնի փոխնախագահ Ալեքսան  Կարադանայանը, անդամները՝ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանը,  երաժիշտ, երգահան Սարգիս Ադամյանը և այլք:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի խորհրդարանականներին՝ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագում ընդունած՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի համար: Նա ողջունեց Գերմանացի պատգամավորների այցը առաջին քրիստոնյա երկիր, որի համար խթան է հանդիսացել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայաստանյան ուխտագնացությունը:

Քննարկվեցին սիրիական հակամարտության արդյունքում տուժած սիրիահայերին օգնության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Նախարար Հրանուշ Հակոբյանը գերմանացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանում սիրիահայերին ինտեգրելու ուղղությամբ՝ անցած տարիների ընթացքում իրականացված աշխատանքները: Նա նշեց, որ չնայած Հայաստանում լուծվել են սիրիահայերի առողջապահական, կրթական, սոցիալական և այլ խնդիրները, սակայն շատ կարևոր է, դեռ լուծման կարիք ունեն նրանց բնակարաններով և աշխատանքով լիարժեք ապահովելու հարցերը: Նախարարն ընդգծեց, որ եվրոպական ամենազարգացած երկրի հետ համատեղ այս խնդիրների լուծումն առավել դյուրին կլինի:

Բունդեսթագի պատգամավոր, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության աշխատաշուկայի և սոցիալական քաղաքականության հարցերով խոսնակ Կարլ Շիվերլինգը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ սիրիահայերին ընդունելու հայկական փորձը օգտակար և որոշ դեպքերում օրինակելի կարող է լինել նաև Գերմանիայի համար:

Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը նույնպես ընդգծեց, որ Հալեպում ծավալվող ռազմական գործողություններն ուղղակի հակամարդկային են, և Սիրիային օգնության ձեռք մեկնած պետությունները պետք է կարողանան, մեկը մյուսի փորձը հաշվի առնելով, հնարավորինս հեշտացնել փախստականների ինտեգրումը:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին նվիրեց Հալեպում սիրիահայերի պատրաստած, սակայն Հայաստանում տպագրված Մարաշի գանձերի մասին պատմող բազմահատոր ուսումնասիրությունը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31