Լրահոս
Օրվա լրահոսը

Խառը վիճակ Գյումրիում․ կհաջողվի՞ Սամվել Բալասանյանին դառնալ քաղաքապետ. (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 21:12

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու ՏԻՄ ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերը՝ ԳԱԼԱ-ն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Հայկական վերածնունդն» այսօր համատեղ փաստաթուղթ ստորագրեցին՝ հայտարարելով, որ թույլ չեն տան իրենցից ի օգուտ «Բալասանյան» դաշինքի մանդատ խլեն ու, այսպիսով` Սամվել Բալասանյանին Գյումրու քաղաքապետ կարգեն։

gyumri_ert_9

Այս կուսակցությունների ցուցակով անցած անձինք նախազգուշացնում են՝ եթե Տիգրան Մուկուչյանը փորձի զբաղվել նկարչությամբ, գյումրեցիների քվեն գողանա ու այս երեք քաղաքական ուժերից որևէ մեկից փորձի երկու մանդատ խլել ի օգուտ «Բալասանյան» դաշինքի, իրենք կդիմեն դատարան ու կբոյկոտեն ավագանու նիստերը։ ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանն ասաց․ «Աբսուրդ է ստացվում, որ ձայների 66 տոկոս հավաքած կուսակցությունները Գյումրի քաղաքի գործառույթներում․ դա կլինի օրենսդիր՝ որպես ավագանինու անդամներ, ու գործադիր, ընդհանրապես այդ համակարգում որևէ անելիք չեն ունենա։ 17 մանդատը սկուտեղի վրա փոխանցելով Բալասանյանին ՝զրկում են 66 տոկոսին կառավարման իրավունքից»։

«Հայկական վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչն էլ ասաց․ «Տարրական մաթեմատիկական հաշվարկ պետք է անեն․ յուրաքանչյուր մանդատ արժե 1300-1500 քվե, այսինքն 3 մանդատ կորցնելով՝ մենք 3000 ընտրողի կորցնում ենք, զրկում իր իրավունքներից։ Նշված 66 տոկոսն այդ 3000-ից մեկն է»։ Այս քաղաքական ուժերի ներկայացուցիչները իշխանություններին նախազգուշացրեցին զգույշ լինել իրենց դիրքորոշումն արտահայտելիս։

3 ուժերի ներկայացուցիչներն ու նրանց համակիրները բողոքի երթ անցկացրեցին։ «Գյումրեցին ինքն է ընտրում, ոչ մեկը իրավունք չունի գյումրեցու փոխարեն նշանակել քաղաքապետի, Գյումրիում հաղթել է գյումրեցին, պարտվել է Հանրապետական կուսակցությունը, պարտվել է Սերժ Սարգսյանը, ով չի կարողանում լուծել իր իսկ խճճված թնջուկը։ Մենք կբոյկոտենք ավագանու նիստերը, քանի դեռ յուրաքանչյուր քաղաքական ուժ չի ստանա իրեն հասանելիք մանդատը։ Մենք մանդատ տվող չենք որևէ մեկին, առավել ևս «Բալասանյան» դաշինքին»,- հայտարարեցին երթի մասնակիցները։

Թատերական հրապարակում նորից հայտարարեցին, որ Սերժ Սարգսյանի դաբրոն Գյումրիում չի անցել, գյումրեցու դաբրոն է անցել։ «Սերժ Սարգսյանի դաբրոն ստացած կուսակցությունների դաշինքը ստացել է 14 մանդատ, կլորացրել, դարձրել են 15 մանդատ, բոլորին պարզ է, որ 33-ը մեծ է 15-ից․․․Այսինքն, 15 մանդատ ստացած ուժը քաղաքապետ նշանակել չի կարող, 4 օր շարունակ գլուխ են կոտորում՝ ինչպե՞ս նշանակեն քաղաքապետ, տարբեր հնարանքներ են անում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուկուչյանը փորձում է տարբեր նկարներ նկարել, բայց չի ստացվում որևէ կերպ։ Հիմա ասում են՝ 15-ը պետք է դարձնեն 17, երկու մանդատ նվիրեն, բայց չեն ասում՝ ո՞ւմ հաշվին են նվիրելու, ո՞ւմ քվեն են գողանալու, մենք մանդատ տվող չենք»,- հայտարարեցին այս երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31