Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր կառավարություն: Նա իր ելույթում նշել է, որ նոր կառավարության առաջնահերթ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Նախագահը նաեւ անդրադարձել է խորհրդարանական համակարգի անցմանը, նշել է, որ սահմանադրական փոփոխություններով երկրում սկսվել են համակարգային փոփոխությունները: Ուշագրավ էր նախագահի այն խոսքը, ըստ որի, նա դիմելով կառավարության անդամներին, ասել է՝ «Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան»:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանն Aravot.am-ի հետ զրույցում նկատեց. «Սերժ Սարգսյանը դիմելով նախարարներին ասել է, որ նրանք անցել են պետական ծառայության: Երկրում նախարարի պաշտոնը քաղաքական է, եւ նրանք անցել են քաղաքական աշխատանքի: Նախարարներն իրենց աշխատանքով պատասխանատու են ժողովրդի առաջ: Դա կարեւորագույն բացթողում է, պետական աշխատող կարող է լինել վարչության, բաժնի պետը, բայց ոչ նախարարը: Նախարարը կայացնում է որոշումներ, որոնք քաղաքական են, իսկ Սերժ Սարգսյանի այդ արտահայտությունն անհասկանալի է»:
Կառավարության անդամներին ՀՀ նախագահը, կարծես թե, համարձակ քայլերի էր դրդում. Մեր այս դիտարկմանը քաղաքական վերլուծաբանն այսպես արձագանքեց.«Դա կապված էր նրա հետ, որ բոլորը տեսնում են՝ մինչեւ ընտրություններ ունեն կարճ ժամանակ, հիմա այս կարճ ժամանակի համար իրենց առջեւ դրված է անհասանելի խնդիր: Այսինքն՝ իշխող կուսակցության դեմքը դարձնել ավելի գեղեցիկ, ավելի ընդունելի, որ ընտրությունների ժամանակ կարողանա իշխող կուսակցությունը հաղթել: Իրենք հասկանում են, որ դրանք անիրականանալի նպատակներ են: Սերժ Սարգսյանը մտել է հիմա կադրային անընդհատ փոփոխությունների մեջ. սրանից առաջ էլ մի պահ նախարարներ հանեց, իր աշխատակազմից նշանակեց նախարարներ, հիմա որոշեց Կարեն Կարապետյանին նշանակել, տեխնոկրատների կառավարություն ստեղծվեց: Սրա վերջնանպատակը կարծես թե չի երեւում: Սերժ Սարգսյանը տարբերակներ է փորձում՝տեսնի, թե որից՝ ի՞նչ կստացվի»:
Նախագահը կառավարության մասին ասել է՝ «Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը»:
Կարդացեք նաև
Արդյոք այս կառավարությունը ազգային համաձայնության կառավարության հիմքն է ձեւավորում, մեր այս հարցին ի պատասխան պարոն Ենոքյանն ասաց.«Դա պետք է մատուցվեր որպես ազգային համաձայնության կառավարություն, հաշվի առնելով այն, որ հանրապետականներն այստեղ փոքրամասնություն են, բայց ի վերջո հասկացան, որ դա անհեթեթ կլինի, եւ այդպես չարվեց: Խոսելով կառավարման նոր համակարգի մեջ համակարգային փոփոխությունների մասին, ես կարծում եմ, որ դա տնտեսության համակարգային փոփոխությունները չեն, եւ ընդհանրապես, վարվող քաղաքականության համակարգային փոփոխությունները չեն: Հայաստանի տնտեսությունն ու քաղաքականությունը 2 հիմնական խնդիր ունի լուծելու, մեկը՝ տնտեսության մենաշնորհացումն ու օլիգարխիզացիան է, որը չի լուծվել ու չի լուծվի: Չի լուծվի, քանի որ Հայաստանի քաղաքական կառուցվածքը օլիգարխիկ է, եթե նման խնդրի լուծման գնան, դա նշանակում է, որ ՀՀԿ-ն գնում է ինքնասպանության, այն քանդելու է այն հիմնական բույնը, որի վրա նստած է: 2-րդ խնդիրը՝ մեր տնտեսության եւ քաղաքականության կախվածությունն է Ռուսաստանից, կարծում եմ Մոսկվայից Հայաստանում վարչապետ նշանակել են ոչ նրա համար, որ Ռուսաստանի հետ հարաբերութունները թուլացնեն»:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ կառավարության նիստերին, երբեմն, կառավարության որոշ անդամների հետ կոպիտ էր խոսում, նկատողություն էր անում, Կարեն Կարապետյանն էլ հաճախ նկատողություն է անում, բայց Աբրահամյանի ժամանակ չնեղսրտելու կոչեր երբեք չեն հնչեցել, ինչո՞ւ նախագահը որոշեց գալ կառավարություն ու նախարարներին ասել՝ նեղանալ ու նեղսրտել չկա: Մեր այս հարցին ի պատասխան պարոն Ենոքյանն ասաց. «Խոսքն այն մասին է, որ Կարեն Կարապետյանն, այնուամենայնիվ, տնտեսական ոլորտի գործիչ է, եւ նրա հետ չկա կուսակցական կամ քաղաքական թիմի համախմբվածությունը, որը կար Հովիկ Աբրահամյանի դեպքում, որովհետեւ բոլորն էլ հանրապետական կուսակցությունից էին, հանրապետական կուսակցությունից նշանակված: Այստեղ չկա նման սոսինձ, որը միացնի: Եւ 2-րդը՝ երեւում է, որ Կարեն Կարապետյանը երկիրը փորձում է կառավարել որպես մի հատ բիզնես կառույց, ինչը, ինձ թվում է, տարբերվում է կառավարման սուբյեկտի եւ ոճի առումով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ