Այսօր «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի քաղաքապետի առաջիկա ընտրության ժամանակ քաղաքապետի թեկնածուի համատեղ պաշտպանության և երկու կուսակցությունների կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հարցերի լայն շրջանակ:
Այնուհետև «Հայկական վերածնունդ» և Լուսավոր Հայաստան կուսակցությունների` վերջին օրերի երկարատև բանակցությունների արդյունքները ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ավելի ուշ տեղի ունեցած ՀՎԿ կառավարման խորհրդի արտահերթ նիստի քննարկմանը:
Քննարկման արդյունքում`
Կարդացեք նաև
Վերահաստատելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մշտապես հնչեցրած թեզը, որ Հայաստանում պետք է ձևավորվեն իրական քաղաքական կոալիցիաներ, երբ դրանցում ընդգրկված քաղաքական ուժերը պետք է վճռորոշ ազդեցություն ունենան որոշումների կայացման վրա,
Հիմք ընդունելով «Հայկական վերածնունդ» կուսակցության նախկինում արված հայտարարություններն առ այն, որ Հայաստանում անհրաժեշտ է ընդդիմադիր քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա,
Հաշվի առնելով Վանաձոր քաղաքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների արդյունքում ընդդիմադիր և իշխանական քաղաքական ուժերի ստացած քվեների հարաբերակցությունը և նկատի ունենալով, որ ընտրությունների արդյունքում ընդդիմադիր քաղաքական ուժերը միասին ստացել են վանաձորցիների քվեների մեծամասնությունը,
Հաշվի առնելով և հարգելով վանաձորցիների կատարած ընտրությունը, ինչպես նաև կարևոր համարելով Հայաստանում փոփոխություններ կատարելու հրամայականը,
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում կայացրեց Վանաձորի քաղաքապետի ընտրություններում աջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Քրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:
«Հայկական վերածնունդ» կուսակցություն