Հոկտեմբերի 5-ին Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում մեկնարկեց հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված ցուցահանդեսը («Հայաստան Էքսպո»), որը կազմակերպվել է Թեհրանում ՀՀ դեսպանության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերության կողմից:
Ցուցահանդեսի բացման արարողությանն ելույթ ունեցան ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ Հոսեյն Էսֆահբոդին: Ելույթներում կարևորվեց ցուցահանդեսի անցկացումը հետպատժամիջոցային շրջանում երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման տեսակետից: Ընդգծվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու համար առկա բարենպաստ պայմանները, արտաքին առևտրային ռեժիմների (ԵԱՏՄ, GSP+, GSP) առկայությունը:
Առաջին անգամ Թեհրանում Հայաստանի հարյուրից ավելի ընկերություններ ներկայացնում են ապրանքների և ծառայությունների լայն տեսականի: Ցուցահանդեսին ներկայացված են ՀՀ տնտեսության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բանկային ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, գյուղատնտեսական մթերքների վերամշակում և սննդի արտադրություն, զբոսաշրջություն, ապահովագրություն, ոսկերչություն և ադամանդագործություն, շինարարություն և շինանյութերի արտադրություն, տրանսպորտ ու լոգիսիտիկա և այլն:
Թեհրանում անցկացվող «Հայաստան էքսպոն» այցելուների համար բաց է լինելու մինչև հոկտեմբերի 8-ը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ