Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոտալիտարիզմի հոտ է փչում, ավելորդություն է». ՀՀԿ պատգամավորը՝ կառավարության օրինագծի մասին

Հոկտեմբեր 06,2016 18:52

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն այսօր Հասարակական կազմակերպությունների մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ սա մեկ քայլ առաջ է գործող օրենքից, բայց որոշ խնդիրներ առկա են: ՀԿ-ների գրանցման, լուծարման գործընթացը, ըստ պատգամավորի, խիստ բարդացված է. «Ավելացվել են նաեւ հաշվետվությունները: Տոտալիտարիզմի հոտ է փչում: Բացի այն, որ իմաստը հասկանալի չէ, նաեւ այս դրույթները չեն գործելու»:

Նա հիշեցրեց, որ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ խոսել է մեռելածին դրույթներից, սա հենց այդ դրույթներից է: Նա ասաց, որ ՀԿ-ներում է եղել եւ երբեք չի հիշում, որ արդարադատության նախարարությունը հետեւի ՀԿ-ի գործունեությանը, զանգի, գա, հաշվետվություն պահանջի: Նա օրինակ բերեց, որ ՍՊԸ-ներն էլ գրանցվում են, լուծարվում է դրա 10 տոկոսը, բայց գործունեություն է ծավալում չնչին տոկոսը. «Լուծարման գործընթացն այնքան է դժվարացված, որ իրավաբանական անձինք, առավել եւս՝ ՀԿ-ները չեն գնա դրան, հավես չունեն: Ո՞վ հավես ունի մի գործընթաց անցնի, որը հավասար է գրանցման գործընթացին: Դեռ գրանցվելիս նոր բան ես ստեղծում, հավես ունես, լուծարման ժամանակ՝ չունեն: Սա պետությունը պետք է վերցնի իր վրա»:

Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ աուդիտն ու հաշվետվությունը վատ բան չեն, բայց պարտադրել ՀԿ-ներին աուդիտ, ինչ է թե հանրային գումարներ են ստացել՝ ավելորդություն է: Այն պարտադիր չի կարող լինել: Այս դրույթը, ըստ պատգամավորի, նույնպես չի գործելու. «Այնպիսի գեղեցիկ աուդիտ են ներկայացնում բոլորը՝ գոյություն չունեցողները՝ գունազարդ նկարներով, տեքստերով: Դրանք իրենց ճարը տեսնում են: Իսկական գործող կազմակերպությունների մասին պետք է մտածենք, ավելորդ գլխացավանք չսարքենք»:

Թեւան Պողոսյանը հակադարձեց Լեւոն Մարտիրոսյանին՝ դրա փոխարեն աուդիտորների բիզնեսին ուշադրություն դարձրեք. «Ես իմ վճարած հարկերից ուզում եմ տեղեկացված լինել, նախկինում կոռուպցիոն ռիսկեր են եղել: Եթե ՀՀ-ում ինչ-որ մեկը ուզում է պետական գործունեություն անի՝ աուդիտորական պարտադրանքն իր վրա դրված է»:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես չհամաձայնեց Լեւոն Մարտիրոսյանի հետ. «Այո, լուծարման գործընթացը բարդ է, բայց գրանցման գործընթացի պես բարդ չի: Այս օրինագծով գրանցման գործընթացը շատ հեշտ է: Եթե հաշվետվությունը ներկայացնեն ու խաբեն՝ դրա համար կան նախատեսված հետեւանքներ: Իսկ եթե արդարադատության նախարարությունը, որ ասում եք, չի ստուգել, վերջին 2 տարում կառավարության որոշմամբ տեսչական ստուգումներն արգելվել են, դա է պատճառը»:

Արփինե Հովհաննիսյանը տարակուսած էր՝ վարկ վերցնելիս նույն  պատգամավորները պնդում են, որ պետք է ստուգել ամեն մի լուման, հարկատուի գրպանից դուրս եկող ամեն կոպեկի հետեւից գնալ. «Հարգելի գործընկերներ, բա այդ նույն հարկատուների գրպանից գնում է ՀԿ-ին: Ինչ է թե ՀԿ է, իրեն չասե՞նք ներկայացրու հաշվետվություն»:

Նախարարը հորդորեց չծայրահեղացնել որեւէ հարց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31