Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը գործազուրկ կմնա ընդամենը մի քանի ամիս». Արմեն Մարտիրոսյան

Հոկտեմբեր 06,2016 18:26

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, վկայակոչելով Լյովա Խաչատրյանի հայտնի արտահայտությունը, հորդորում է «թեթև տանել» ՀՀ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` աշխատանքից ազատումը:

Aravot.am-ը պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեց` Սուրիկ Խաչատրյանին դեռ երկա՞ր կտեսնենք գործազուրկի կարգավիճակում, նա պատասխանեց. «Ընդամենը մի քանի ամիս: Եթե խորհրդարանական ընտրություններն անցնեն այնպես, ինչպես միշտ են անցկացվում, բնականաբար, մի կարճ ժամանակ հետո, նա նորից կգա իշխանության»:

Մեր հարցին` արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կատարված այս պաշտոնանկությունը հասարակության շրջանում լարվածությունը թուլացնելու միտո՞ւմ ունի, թե՞ կառավարման համակարգի բարելավմանն է ուղղված, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, եթե կառավարման որակի մասին խոսք լիներ, ապա անմիջապես արտահերթ ընտրություններ պիտի նշանակվեին. «Այս պարագայում նման խնդիր չկա, քանի որ համակարգի շատ ներկայացուցիչներ մնում են. երկրորդ էշելոնի մի մասն են ընդամենը բերում առաջին դիրքեր, և, ցավոք, կառավարման ռուսական ուղղահայացն ավելի խորանում է: Որակական փոփոխություններ ես ցավոք չեմ տեսնում»:

Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է պաշտոնից, բայց որոշ ժամանակ հետո նորից վերադարձել նույն պաշտոնին: «Ժառանգության» փոխնախագահը նորից շեշտեց, թե այս ամենն ընդամենը ծխածածկույթ է, որ ժողովրդին մի փոքր հանգստացնեն:

Մեր այն հիշեցմանը, երբ հայտարարվում էր Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին՝ Սուրիկ Խաչատրյանը վստահություն էր հայտնում, թե ինքը չի փոխվելու, այդ դեպքում ի՞նչ փոխվեց, գուցե Սերժ Սարգսյանը հասկացավ, որ, ինչպես Արմեն Մարտիրոսյանն էր ժամանակին ասում, 21-րդ դարում ֆեոդալներ չպե՞տք է լինեն, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ամենայն հավանականությամբ, Սուրեն Խաչատրյանին ասվել է, որ ճիշտը հիմա մի փոքր հեռանալն է: Այն ժամանակ, որ հանեցին, ի՞նչ եղավ»:

Հարցին` Սուրիկ Խաչատրյանին կառավարման ոլորտից դուրս թողնելը չի՞ վտանգում ՀՀԿ-ի` առաջիկա ընտրություններում  ձայներ ապահովելու գործընթացը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոչ մի դեպքում վտանգ չի ներկայացնում, քանի որ այդ համակարգը նորից գործում է, և որևէ խնդիր չի առաջացնում: Դրա համար մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, ոչ թե անձերի: Այս համակարգը ոչ թե ֆորմալ, այլև ոչ ֆորմալ է, ոչ միայն օրենքներով, այլև չակերտավոր հասկացություններով է կարգավորվում»:

Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի կատարած փոխատեղումներն առանձնապես չի կարևորում. «Փոխնախարարներ, «Գազպրոմի» ներկայացուցիչներն են առաջ գալիս: Ոչինչ չի փոխվում»:

Նա Կարեն Կարապետյանի և Տիգրան Սարգսյանի կառավարությունները նմանացնում է` ներկայիս կառավարությունը համարելով «Տիգրան Սարգսյանի կառավարություն-2». «Տիգրան Սարգսյանն էլ էր ինտելեկտուալ, կիրթ, լավ կիթառ էր նվագում: Նոր վարչապետն էլ հարվածային գործիքների վրա է լավ կատարումներ անում, վարպետությունը գնահատում ենք, բայց դրանից ոչինչ չի փոխվում, ինչպես Տիգրան Սարգսյանի կառավարման ժամանակ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31