Քաղաքացիական ակտիվիստ Հակոբ Դեխնավիի գործով Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց բերման ենթարկել գործով տուժողին ու վկաներին, որոնք դատարան չէին ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված էին: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 1-ին:
Նիստին ներկա պաշտպանական ու մեղադրող կողմերը համաձայնեցին դատական նիստն այսօր շարունակել առանց տուժողի:
Հիշեցնենք` Դեխնավիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ.-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը Երևանի թիվ 4/01 ընտրական տեղամասում գրանցվելով որպես զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ և ներկա գտնվելով հանրաքվեի ընթացքին` բռնություն գործադրելով խոչընդոտել է հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքին:
Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ գործին առնչվող ու նախաքննության ժամանակ ցուցմունք տված երկու հանձնաժողովականների եւս հրավիրել հարցաքննության: Նրանք, ըստ Դեխնավիի պաշտպան՝ փաստաբան Տիգրան Եգորյանի, ականատեսներ են:
Կարդացեք նաև
Մեղադրող Շահբազյանն էլ ընթերցեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի, Հակոբ Դեխնավին Սահմանադրության հանրաքվեի օրը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքը, բռնություն է գործադրել, բազմաթիվ հարվածներ է հասցրել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ազոյանին ՝հասցրել մարմնական վնասվածքներ, վիճաբանության արդյունքում մոտ հինգ րոպե խախտվել է հանձնաժողովի աշխատանքը:
Հակոբ Դեխնավիի արձագանքը հերքումն էր. «Իրականությանը չի համապատասխանում, դեմ եմ, նոր սցենար են հորինել, հորինվել է Արմեն Ազոյանի կողմից»:
Դատարանն այսօրվա նիստն ամփոփեց ապացույցների հետազոտման կարգը սահմանելով: Դատարանի որոշմամբ, նախ կհետազոտեն քրեական գործում առկա ապացույցները, կհարցաքննեն տուժողին, մեղադրանքին կից վկաներին, հետո միջնորդված վկաներին, այնուհետեւ ամբաստանյալին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ