Հոկտեմբերի վերջին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք):
Հրավերով ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանի` Նյու Յորքում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
«Ս. Էջմիածնից` աշխարհին» կարգախոսի ներքո Գերագույն հոգևոր խորհուրդը կքննարկի Հայոց Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանն առնչվող հարցեր:
Նորին Սրբության նախագահությամբ տեղի կունենա նաև Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի թեմական խորհուրդների և ՀԲԸՄ գործադիր վարչության միացյալ ժողով, որտեղ հիմնականում քննության կառնվի «Ինչպե՞ս հասնել Հյուսիսային Ամերիկայի հայությանը» թեման:
Կարդացեք նաև
Այցի ընթացքում` հոկտեմբերի 29-ին, Նյու Յորքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա կգտնվի նաև ՀԲԸՄ 89-րդ համաժողովին և Միության 110-ամյակին նվիրված միջոցառումներին:
Հոկտեմբերի 30-ին Վեհափառ Հայրապետը Ս. Պատարագ կմատուցի Ս. Վարդան առաջնորդանիստ տաճարում, որի ավարտին Նորին Սրբության գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կկատարվի Հայրապետական մաղթանք:
Նոյեմբերի 12-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կհանդիսապետի Ս. Ներսես հայկական ճեմարանի նոր համալիրի, նաև «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացման արարողությունը: Վեհափառ Հայրապետի ձեռամբ կկատարվի ճեմարանի Ս. Հակոբ մատուռի օծումը:
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի