Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զ.Փոստանջյանը շրջանառության մեջ է դրել «Գաղտնազերծման (լուստրացիայի) մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հոկտեմբեր 06,2016 16:21

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ԳԱՂՏՆԱԶԵՐԾՄԱՆ (ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՅԻ) ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման իրավական հիմքերը, նպատակները, կարգը եւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Գաղտնազերծման (լյուստրացիայի) իրավական հիմքերը

  1. Գաղտնազերծումը կարգավորվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով:
  2. Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3. Օրենքի նպատակը

  1. Սույն օրենքով իրականացվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթներն ու սկզբունքները պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:
  2. Հայաստանի Հանրապետությունում գաղտնազերծման նպատակներ են.

1) ժողովրդավարական հասարակության եւ սահմանադրական կարգի ամրապնդումը,

2) ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

3) սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը,

4) հանրության սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը,

5) Խորհրդային, ֆաշիստական եւ այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխումը:

Հոդված 4. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) գաղտնազերծում (լյուստրացիա)` միջոցների համախումբ, որով բացահայտվում, հավաքագրվում, գնահատվում են սույն Օրենքի 5-րդ հոդվածով գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, գրանցվում եւ հաշվառվում են հետեւյալ անձինք, կանխվում եւ արգելվում է նրանց կողմից Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը,

2) գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով)` սույն օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծում իրականացնող Հանձնաժողով,

3) հատուկ ծառայություններ (այսուհետ` հատուկ ծառայություններ ` նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե (ՊԱԿ), հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ կամ այլ հատուկ ծառայություններ, ինչպես նաեւ այլ երկրների հատուկ ծառայություններ,

4) հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձ` հատուկ ծառայությունների հանձնարարականների կատարմանը փաստացի եւ գիտակցաբար գործակցած անձ, ով գրավոր կամ բանավոր պարտավորված է եղել գաղտնի կամ բացահայտ համագործակցել այն դեպքերում, եթե գործունեությունը չի կանոնակարգվել տվյալ ծառայությունների կանոնակարգերով կամ օրենսդրությամբ (գործակալ, ռեզիդենտ, վստահելի անձ, հանդիպումների համար քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք, բնակարան կամ այլ շինություն, պահող, վարձակալող կամ տրամադրող անձ, արտահաստիքային օպերատիվ աշխատակից կամ հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ):

5) գործակալ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի (ոչ բացահայտ) համագործակցած եւ նրանց առաջադրանքներն ու հանձնարարությունները կատարած անձ,

6) ռեզիդենտ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով իրեն ներկայացված գործակալների ու վստահելի անձանց հետ կազմակերպել է աշխատանքները,

7) վստահելի անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով ինքնակամ տեղեկատվություն է տրամադրել այն անձանց ու փաստերի վերաբերյալ, որոնք հետաքրքրել են հատուկ ծառայություններին, ինչպես նաեւ կատարել է նրանց հանձնարարությունները,

8) քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով պահել, վարձակալել կամ տրամադրել է նրանց տնօրինման ներքո գտնվող տարածք բնակարան կամ այլ շինություն` պայմաններ ապահովելով գործակալական կամ օպերատիվ այլ գործունեության համար,

9) հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձ` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով բնակելի տարածքներ է տրամադրել գործակալների եւ ռեզիդենտների հետ այդ ծառայությունների աշխատանքի համար եւ այդ աշխատանքների համար ապահովել է անհրաժեշտ կոնսպիրատիվ պայմաններ,

10) արտահաստիքային օպերատիվ աշխատակից` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձ, ով հասարակական հիմունքներով օժանդակել է հատուկ ծառայությունների հակահետախուզական գործունեությանը եւ աշխատանքներ է տարել իրեն վստահված գործակալների հետ, ընտրել վստահելի անձանց, ինչպես նաեւ կատարել այլ առաջադրանքներ ու հանձնարարություններ,

11) հատուկ ծառայությունների հետ համագործակցած այլ անձ` անձ, ով նախկին ԽՍՀՄ կամ այլ երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցած մեկ այլ հատուկ ծառայության հանձնարարությամբ իրականացրել է գործակալի, ռեզիդենտի, վստահելի անձի, քողարկված /կոնսպիրատիվ/ տարածք կամ այլ շինություն պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, հանդիպումների համար բնակարան պահող, վարձակալող կամ տրամադրող անձի, արտահաստիքային օպերատիվ աշխատակցի եւ այլ գործառույթներ,

12) հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց գրանցում՝ հատուկ ծառայությունների հետ գաղտնի կամ բացահայտ համագործակցած անձանց, ինչպես նաեւ նրանց ու հատուկ ծառայությունների մասին անվտանգության մարմինների կազմած տեղեկությունների հաշվառում ռեեստրում,

13) ռեեստր` Հանձնաժողովի կանոնադրությամբ սահմանված կարգով եւ ձեւով վարվող տվյալների, տեղեկատվության ամբողջություն, որում հաշվառվում են հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձինք եւ նրանց նախկին գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը:

Հոդված 5. Սույն օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր ու դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների` Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ղեկավար պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց վրա, ովքեր մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատել կամ համագործակցել են նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ:

Հոդված 6. Գաղտնազերծման ենթակա անձինք եւ պաշտոնները

Սույն օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման ենթակա են՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները եւ նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը, Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի, տարածքային մարմինների եւ սահմանապահ զորքերի ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի եւ մասնագիտացված դատարանների դատավորները, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ դատախազները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները, Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը եւ տեղակալը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության մարզպետները, քաղաքապետերը, համայնքի ղեկավարները եւ ավագանու անդամները, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահը եւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկների ղեկավարները եւ աշխատակիցները, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարները, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամները, սույն հոդվածում սահմանված անձանց խորհրդականները, օգնականները եւ մամլո քարտուղարները, նոտարները, Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի նախագահը, Պալատի խորհրդի անդամները, պետական զանգվածային լրատվամիջոցների ղեկավար կազմը, խմբագիրները եւ լրագրողները, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր հավակնում են (թեկնածու են) զբաղեցնել սույն հոդվածով սահմանված պաշտոնները:

Հոդված 7. Հանձնաժողովի կազմավորման կարգը

  1. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով կազմավորվում է Հանձնաժողով` հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ վերջիններիս սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով:
  2. Հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված` մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ:
  3. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, ընդ որում` նրանցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացրած անդամը:
  4. Հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք:
  5. Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից Հանձնաժողովի անդամներ առաջադրելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Հանձնաժողովի կազմը եւ վերջինիս ներկայացմամբ` կանոնադրությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովում է Հանձնաժողովի անդամների վարձատրությունը եւ բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմանները:

  1. Հանձնաժողովի անդամի հրաժարականի, հետկանչի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում սույն օրենքով նրան առաջադրելու իրավունք ունեցող մարմինները պաշտոնը թափուր մնալու օրվանից հետո երկշաբաթյա ժամկետում Հանձնաժողովին են ներկայացնում նոր անդամի թեկնածությունը:

Հանձնաժողովի ներկայացմամբ Կառավարությունը իր առաջիկա նիստում փոփոխություն է կատարում Հանձնաժողով ստեղծելու մասին որոշման մեջ:

  1. Հանձնաժողովը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ավարտը կամ արձակումը:

Հոդված 8. Հանձնաժողովի գործունեության կարգը

Հանձնաժողովը`

1) ձեւավորումից հետո մեկամսյա ժամկետում մշակում եւ հաստատում է իր կանոնադրությունը,

2) ստեղծում է աշխատանքային խումբ, որն արձանագրում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց խոստովանությունները, նրանց եւ հատուկ ծառայությունների գործունեության մասին տեղեկությունները եւ դրանք փոխանցում է Հանձնաժողովին,

3) հավաքագրում, ստուգում եւ վերլուծում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած փաստաթղթերը, նյութերը եւ այլ տեղեկությունները, ինչպես նաեւ դրանք ներկայացնում է Հանձնաժողովին` ռեեստրում այդ անձանց հաշվառելու համար,

4) հավաքագրում, ստուգում եւ կանոնակարգում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած տեղեկությունները եւ նրանց նախկին գործունեության մասին տեղեկատվությունը,

5) հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ,

6) սահմանում է հրապարակման ենթակա բոլոր տեղեկությունները եւ հրապարակում դրանք,

7) վարում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստր:

Հոդված 9. Հանձնաժողովի իրավունքներն ու պարտականությունները

  1. Սույն օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովն իրավունք ունի`

1) ստանալ եւ հավաքագրել գաղտնազերծման ենթակա անձանց վերաբերյալ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված տեղեկությունները` ներառյալ պետական եւ ծառայողական գաղտնիք պարունակող, որոնք առնչվում են սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններին,

2) բացահայտել հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց,

  1. Հանձնաժողովը պարտավոր է`

1) օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող եւ սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով բացահայտված անձանց առաջարկել ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց,

2) որոշում կայացնել` գաղտնազերծելու եւ հրապարակելու սույն հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով սահմանված անձանց մասին տեղեկատվությունը, եթե մերժվում է Հանձնաժողովի` սույն հոդվածի 2-րդ մասի 1)-ին կետով սահմանված առաջարկությունը, ինչպես նաեւ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով,

3) ապահովել գաղտնազերծման ենթարկվող անձի, նրա վերաբերյալ տվյալների եւ ռեեստրի տեղեկատվության գաղտնիությունը` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի,

4) նախազգուշացնել գաղտնազերծման ենթակա անձանց իրենց (այդ թվում` այլ անձանց) վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու կամ դիտավորյալ սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին,

5) սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված դեպքում գաղտնազերծել եւ հրապարակել Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը,

զ) հիմնավորել Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը,

6) հանդես գալ դատարանում, եթե Հանձնաժողովի կողմից կայացրած որոշումը դատական կարգով բողոքարկվել է,

7) որոշում կայացնել` գաղտնազերծելու եւ հրապարակելու Հանձնաժողովի ենթակայության տակ գտնվող ողջ տեղեկատվությունը` առանց պահպանելու սույն հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետով սահմանված ընթացակարգը, եթե գաղտնազերծման ենթակա անձի կողմից իրագործվել է մարդկության դեմ ուղղված զինվորական հանցագործություն կամ ցեղասպանություն:

Հոդված 10. Հանձնաժողովի կողմից որոշումների կայացման կարգը եւ բողոքարկումը

  1. Հանձնաժողովը սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված որոշումները կայացնում է փակ նիստում` Հանձնաժողովի անդամների ձայների 2/3-ով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է անդամների 2/3-ի ներկայության դեպքում:
  2. Հանձնաժողովի նիստին կարող է ներկա գտնվել այն անձը, ում վերաբերյալ կայացվում է որոշումը:
  3. Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում կայացումից հետո մեկամսյա ժամկետում, որի ընթացքում կարող է դատական կարգով բողոքարկվել այն անձի կողմից, ում վերաբերյալ այն կայացվել է:
  4. Հանձնաժողովի` ուժի մտած որոշումները ենթակա են պարտադիր կատարման:

Հոդված 11. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտման համար

Օրենսդրությամբ սահմանված վարչական, քրեական եւ կարգապահական պատասխանատվություն է առաջանում, եթե`

1) Հանձնաժողովն իր կայացրած որոշումը սույն օրենքով սահմանված դեպքում եւ կարգով չի հրապարակում,

2) Հանաժողովը հրապարակում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,

3) տեղեկատվություն տիրապետողը խոչընդոտում է տեղեկատվության տրամադրումը Հանձնաժողովին,

4) Հանձնաժողովին տրամադրվում է ակնհայտ սուտ, կեղծ, չհիմնավորված, փոփոխված կամ խեղաթյուրված տեղեկատվություն,

5) խոչընդոտվում է Հանձնաժողովի կայացրած եւ սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշման կատարումը կամ դրա կատարումն ապահովելու համար լիազորված պաշտոնատար անձը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում:

Հոդված 12. Անցումային դրույթներ եւ օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար Հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

                                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 97-րդ հոդվածում 1-ի մասից հետո լրացնել նոր 1.1. մաս հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմում Ազգային ժողովի նախագահի որոշմամբ հաստատվում են Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված արհեստավարժ մասնագետները:                                                                                                                              Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրվում են մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ:                                                                                                       Հանձնաժողովի` Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված անդամի հրաժարականի, հետկանչի կամ պաշտոնը թափուր մնալու դեպքերում նրան առաջադրելու իրավունք ունեցող Ազգային ժողովի խմբակցությունը, պատգամավորական խումբը կամ անկախ պատգամավորները մեկշաբաթյա ժամկետում Ազգային ժողովի նախագահին են ներկայացնում Հանձնաժողովի նոր անդամի թեկնածությունը: Ազգային ժողովի նախագահը մեկշաբաթյա ժամկետում փոփոխություն է կատարում Ազգային ժողովի նախագահի որոշման մեջ եւ դրա մասին հայտարարում է Ազգային ժողովի առաջիկա նիստում:                                                                                                          Հանձնաժողովը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լիազորությունների ավարտը կամ արձակումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:                                                                                                                          Հինգերորդ գումարման Ազգային ժողովի համար Հանձնաժողովը ձեւավորվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

 

                                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 13-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«13) «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում առաջադրում է մեկ արհեստավարժ մասնագետ:»:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում լրացնել նոր «ե)» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին` «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-294 օրենքի 16-րդ հոդվածում ժթ) ենթակետում ՙպահպանությունը՚ բառից հետո վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել նոր ՙի)՚ ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«ի) օժանդակել գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին` «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

   

                                                                                                                                                 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքում լրացնել նոր 302.1-րդ հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 302.1. «Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) պահանջները չկատարելը

  1. Օրենքի 6-րդ հոդվածով սահմանված գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող եւ 9-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետով բացահայտված անձանց կողմից զբաղեցրած պաշտոնից ինքնակամ (կամավոր) հրաժարվելու կամ դրան հավակնելուց հրաժարվելու առաջարկը մերժելը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

  1. Օրենքով սահմանված դեպքերում իր (այդ թվում` այլ անձանց) վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելը կամ դիտավորյալ սուտ կամ կեղծ տեղեկատվություն հայտնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:

  1. Օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կայացրած որոշումը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, ինչպես նաեւ պատասխանատու պաշտոնատար անձի կողմից Հանձնաժողովի որոշման կատարման համար միջոցներ չձեռնարկելը`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                                                                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 օրենքի 24-րդ հոդվածում լրացնել նոր երրորդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

««Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                                                   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ազգային անվտանգության մարմինների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Գաղտնազերծման (Լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման նպատակներն են.

  • մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի Հանրապետության անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց գաղտնազերծումը,
  • ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ այդպիսի անցյալով անձանց ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունների կանխումը,
  • Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթների ու սկզբունքների իրականացումը պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից,
  • Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հասարակության եւ սահմանադրական կարգի ամրապնդումը, ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,
  • սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը,
  • հանրության սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը,
  • ինչպես նաեւ Խորհրդային, ֆաշիստական եւ այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխումը:

Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել եւ վերլուծվել են սույն ոլորտում առկա միջազգային փորձը, մասնավորապես` Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ալբանիայի եւ Հունգարիայի օրենսդրությունները:                                   Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման` լյուստրացիայի իրավական հիմքերը: Գործող օրենսդրությամբ ամրագրված չեն այնպիսի դրույթներ, ըստ որոնց` պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով, կապահովվի նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:                    Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը:                        Գաղտնազերծման մասին օրենքով առաջարկվում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ վերջիններիս` օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում Կառավարության որոշմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Չորրորդ գումարման Ազգային ժողովի համար առաջարկվում է Հանձնաժողովը ձեւավորել oրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:                                                                                                                                            Հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված` մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, ընդ որում` նրանցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացրած անդամը:                                                                            Հանձնաժողովը հավաքագրում, ստուգում եւ վերլուծում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած փաստաթղթերը, նյութերը եւ նրանց նախկին գործունեության մասին տեղեկությունները, որոնք կարող են հրապարակվել սույն օրենքով սահմանված դեպքերում, վարում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստր, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ:                      Գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, Հանձնաժողովն առաջարկում է ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց: Եթե նրանց կողմից մերժվում է այդ առաջարկությունը, Հանձնաժողովը հրապարակում է այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:                                                     «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նաեւ սահմանում է Հանձնաժողովի կազմավորման, գործունեության, որոշումների ընդունման եւ դրանց բողոքարկման կարգերը, ինչպես նաեւ իրավունքներն ու պարտականությունները, սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:                                                           Օրենսդրական փաթեթի մաս կազմող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումը սահմանում է գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովում Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ու անկախ պատգամավորների կողմից նշանակվող անդամների առաջադրման կարգը:                      «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումը գլխավոր դատախազի լիազորություններում ավելացնում է այդ հանձնաժողովում անդամ առաջադրելու իրավասությունը:                                                                                                                   «Ոստիկանության մասին» եւ ՙԱզգային անվտանգության մարմինների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքներում առաջարկվող լրացումները ոստիկանության և ազգային անվտանգության ծառայությունների պարտականությունների թվում ավելացնում են «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին աջակցելու պարտականությունը:                                                      «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:                                                                           Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջակվող լրացմամբ ավելացվում է նոր հոդված «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները չկատարելու համար:

                            ՏԵՂԵԿԱՆՔ

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ՙԱզգային անվտանգության մարմինների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

         «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ՙԱզգային անվտանգության մարմինների մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին՚, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ՏԵՂԵԿԱՆՔ

գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2002 թվականի փետրվարի 20-ին

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

Հոդված 97. Պաշտոնում ընտրելու, նշանակելու, պաշտոնատար անձի հրաժարականի և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ պաշտոնանկության մասին հարցերի քննարկումը

(վերնագիրը լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն)

 

  1. Պաշտոնում թեկնածուն առաջադրվում է, ինչպես նաև պաշտոնում նշանակելու մասին առաջարկությունը ներկայացնում է Սահմանադրությամբ և օրենքով իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը:

Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին և պատգամավորական խմբերին:

Սահմանադրության 83.2-րդ հոդվածի համապատասխան հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության և բազմազանության ապահովման նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեսին վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` Ազգային հանձնաժողով) անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում թափուր տեղում նշանակումը կամ ընտրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.2-րդ հոդվածին համապատասխան՝ ապահովելով Ազգային հանձնաժողովի անդամների կեսի ընտրությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, իսկ մյուս կեսի նշանակումը Հանրապետության Նախագահի կողմից։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է Ազգային ժողովի նախագահին։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով Ազգային ժողովի նախագահը գրավոր դիմում է խմբակցություններին: Խմբակցությունների առաջարկությունների հիման վրա Ազգային ժողովի նախագահը 7-օրյա ժամկետում ձևավորում է մրցութային հանձնաժողով:

Մրցութային հանձնաժողովի կազմում ընդդիմադիր խմբակցության կամ խմբակցությունների կողմից առաջարկվում է երկու թեկնածու, իսկ մնացած խմբակցությունների կողմից` չորս թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են լրագրության, հեռահաղորդակցության, գործարարության, կառավարման, իրավագիտության, կրթության, մշակույթի, կրոնի բնագավառների հեղինակավոր գործիչներ և (կամ) այդ բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամները, Հանրապետության Նախագահի աշխատակազմի աշխատակիցները, պետական ծառայողները և քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների անդամները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։

Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Մրցութային հանձնաժողովի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, Ազգային ժողովի նախագահի սահմանած համապատասխան կարգով, իսկ մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգային հարցերը կարգավորվում են մրցութային հանձնաժողովի որոշումներով։

Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է անդամների կեսից ավելին, իսկ որոշումներն ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությամբ։

Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն։

Ազգային հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ՝ ներկայացնելով երկու երաշխավորագիր զանգվածային լրատվության և հեռահաղորդակցության բնագավառներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և տվյալ բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններից: Հավելյալ երաշխավորագիր կարող է տալ նաև Հանրային խորհուրդը։

Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով՝ ապահովելով տեղեկատվության մատչելիության համապետական ընդգրկվածությունը։

Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջները, կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը։

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է առնվազն մեկ մասնակից։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։

Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը` ստուգելու համար մասնակիցների գիտելիքները՝

ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,

բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

գ) «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի,

դ) «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

ե) «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,

զ) «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի վերաբերյալ։

Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ պետք է հրապարակվի։

Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ ճիշտ պատասխան։

Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ստանում թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։

Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է հեռահաղորդակցության, լրագրության և արտահայտվելու ազատության կիրառման, ինչպես նաև կրթության, մշակույթի բնագավառների, գովազդի իրականացման, սոցիալական խմբերին կամ անչափահասներին ուղղված հաղորդումներին, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։

Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։

Եթե մրցույթի օրը մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և 10-օրյա ժամկետում անցկացվում է մրցույթ՝ ընդհանուր հիմունքներով։

Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել կամ ճիշտ չի պատասխանել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին, ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է նոր մրցույթ։

Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը գրավոր ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին։

Մրցույթի արդյունքների հիման վրա Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցը ներկայացվում է Ազգային ժողովի առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգ։

Ազգային ժողովում Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնում է նիստը նախագահողը, իսկ որպես թեկնածուներ դիտվում են մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցած անձինք:

Ազգային հանձնաժողովի անդամ է ընտրվում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն ստացած թեկնածուն։

Ազգային ժողովի կողմից Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքների մասին տեղեկությունները Ազգային ժողովի նախագահը ընտրության հաջորդ օրը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներում։

Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։

  1. Ազգային ժողովի նիստում պաշտոնում ընտրելու կամ նշանակելու հարցերը քննարկվում են սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝

ա) պաշտոնում ընտրելու կամ նշանակում կատարելու համար թեկնածուներ առաջադրելու կամ առաջարկություն ներկայացնելու, իսկ Ազգային հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ` մրցույթի արդյունքների վերաբերյալ եզրակացությունը ներկայացնելու համար հատկացվում է մինչև 10 րոպե.

բ) որպես հիմնական զեկուցող հանդես է գալիս առաջադրված թեկնածուն.

գ) առաջադրված թեկնածուն կարող է ինքնաբացարկ հայտնել մինչև եզրափակիչ ելույթների ավարտը:

  1. Սահմանադրության 83-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, 833, 834 և 103-րդ հոդվածներով նախատեսված յուրաքանչյուր պաշտոնում նշանակում կատարելու համար առաջարկվում է մեկ թեկնածու:

Մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցությունը սույն օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով առաջադրում է մեկ թեկնածու:

  1. Եթե որևէ պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է կրկնական քվեարկություն, որին մասնակցում են առավել թվով ձայներ ստացած երկու թեկնածուները:
  2. Եթե քվեարկությանը մասնակցել է երկու թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ընտրվել, ապա անցկացվում են նոր ընտրություններ, և կարող են առաջադրվել նոր թեկնածություններ:
  3. 51. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության առաջադրած թեկնածուն չի ընտրվում, ապա անցկացվում են նոր ընտրություններ, որոնց ժամանակ նոր թեկնածու կարող է առաջադրել դրա իրավունքն ունեցող խմբակցությունը:
  4. 52. Եթե մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ խմբակցությունը թեկնածու չի առաջադրում, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է սույն օրենքի 26-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված կարգով խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:
  5. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որի մասին նիստը վարողը հրապարակում է չորսօրյա նիստերի առաջիկա նիստում: Եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ 3 օրվա ընթացքում, տվյալ անձը գրավոր դիմումով՝

ա) հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նիստը վարողն առաջիկա նիստում Ազգային ժողովին տեղեկացնում է այդ մասին.

բ) հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա հրաժարականը համարվում է ընդունված:

  1. Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող են ներկայացնել սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմինները կամ պաշտոնատար անձինք: Նախագիծը քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով: Որպես հարակից զեկուցող հանդես է գալիս որոշման նախագծում նշված պաշտոնատար անձը:
  2. Ազգային ժողովի կողմից պաշտոնում ընտրությունը, նշանակումը, ինչպես նաև պաշտոնատար անձի լիազորություններըվաղաժամկետ դադարեցնելու (պաշտոնանկ անելու) մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ:

(97-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց., խմբ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ., լրաց. 28.04.09 ՀՕ-111-Ն, փոփ. 08.04.10 ՀՕ-41-Ն, լրաց. 23.10.08 ՀՕ-182-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2007 թվականի փետրվարի 22-ին

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 10. Գլխավոր դատախազը

 

  1. Գլխավոր դատախազը՝

1) իրականացնում է դատախազության ղեկավարումը.

2) սահմանում է դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման քաղաքականությունը և ապահովում դրա իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր տեղակալների միջև.

4) հաստատում է գլխավոր դատախազության և զինվորական դատախազության կառուցվածքը, սահմանում է գլխավոր դատախազության և զինվորական կենտրոնական դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների լիազորությունների շրջանակը.

5) սահմանում է դատախազության հաստիքների քանակը` օրենքով նախատեսված աշխատավարձի ֆոնդի շրջանակներում.

6) իր իրավասության սահմաններում ընդունում է ներքին և անհատական իրավական ակտեր, իսկ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ նորմատիվ իրավական ակտեր.

7) հաստատում է «Դատախազի վարքագծի կանոնագիրքը».

8) հաստատում է դատախազության աշխատակազմի կանոնադրությունը.

9) հաստատում և փոփոխում է դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը և հաստիքների քանակը.

10) իրականացնում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հիմնադրին օրենքով վերապահված լիազորություններ.

11) ստեղծում է գլխավոր դատախազին առընթեր խորհուրդներ, սահմանում նրանց գործունեության կարգը.

12) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Գլխավոր դատախազն իրավասու է իրականացնելու Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
  2. Գլխավոր դատախազը դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է գործի քննությանը կամ գործի քննությանը մասնակցելու համար նշանակում է ներկայացուցիչ:

(10-րդ հոդվածը փոփ. 02.05.13 ՀՕ-52-Ն)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի ապրիլի 16-ին

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 11. Ոստիկանության պարտականությունները հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս

 

Ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է`

1) կանխել և խափանել հանցագործություններն ու այլ իրավախախտումները, բերման ենթարկել հանցանք կամ վարույթ պահանջող այլ իրավախախտում կատարած անձանց, պարզել հանցագործություններ և այլ իրավախախտումներ ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, ձեռնարկել համապատասխան միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ.

2) ձեռնարկել միջոցներ հանցագործությունները հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ.

3) հարուցել քրեական գործեր, իրականացնել անհետաձգելի քննչական գործողություններ` հանցագործություն կատարած անձանց և հանցագործության հետքերը հայտնաբերելու, ամրապնդելու, հանցագործությունը բացահայտելու նպատակով.

4) հարուցված քրեական գործերով իրականացնել կասկածյալի ձերբակալում և օրենքով նախատեսված այլ գործողություններ, միջոցներ ձեռնարկել հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ.

5) հայտնաբերել հանցագործություն կատարած և հետաքննության, նախաքննության ու դատական մարմիններից թաքնվող, քրեական պատասխանատվությունից, պատիժը կրելուց խուսափող անձանց, անհայտ կորած անձանց, օրենքով նախատեսված դեպքերում` այլ անձանց, ինչպես նաև հափշտակված գույքը.

6) իրականացնել`

ա) վարչական իրավախախտումների դեպքերով գործերի վարույթ և վարչական ձերբակալում,

բ) քննությունից, դատից, պատիժը կրելուց խուսափող անձանց ու հափշտակված գույքի հետախուզում,

գ) պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ.

7) աջակցել`

ա) պատգամավորներին, պաշտոնատար անձանց իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում այդ անձանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնեական գործունեության իրականացմանը,

բ) ազգային անվտանգության մարմիններին` պետական իշխանության դեմ ուղղված ծանր հանցագործությունների դեմ պայքարելիս և ազգային անվտանգությանն ուղղված այլ միջոցառումներ իրականացնելիս,

գ) զինվորական կոմիսարիատներին` զինակոչային հաշվառումներ, հավաքներ և զորակոչեր իրականացնելիս,

դ) դատախազությանը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, հասարակական կազմակերպություններին` իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս:

Ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:

Ոստիկանությունն իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ պարտականություններ:

(11-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-123-Ն, փոփ. 19.05.14 ՀՕ-34-Ն)

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2001 թվականի դեկտեմբերի 28-ին

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 16. ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ազգային անվտանգության մարմինները պարտավոր են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն ու նրանց հանձնարարությամբ այլ պետական մարմիններ և կազմակերպություններ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն առնչվող հարցերի մասին.

բ) բացահայտել, կանխել, խափանել Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ ուղղված` օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեությունը.

գ) հետախուզական տեղեկություններ հավաքել Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման, պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

դ) բացահայտել, կանխել և խափանել իրենց քննչական ենթակայությանը վերապահված հանցագործությունները, իրականացնել այդ հանցագործությունները կատարած կամ դրանց կատարման մեջ կասկածվող անձանց հետախուզումը.

ե) բացահայտել, կանխել և խափանել ահաբեկչական գործողությունները.

զ) մշակել և պետական համապատասխան մարմինների հետ համատեղ իրականացնել միջոցառումներ` ուղղված գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների մարմիններում առանձնապես խոշոր չափերի կաշառակերության, օտարերկրյա պետությունների հետ կապված զենքի և թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, անօրինական զինված կազմավորումների, հանցավոր խմբերի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու նպատակ ունեցող անձանց և կազմակերպությունների դեմ պայքարին.

է) իրենց իրավասության սահմաններում ապահովել անվտանգությունը Հայաստանի Հանրապետության նախարարություններում, գերատեսչություններում և հիմնարկներում.

ը) իրենց իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական համալիրի, ատոմային էներգետիկայի, տրանսպորտի և կապի, էկոնոմիկայի, ֆինանսների և արդյունաբերության, ռազմավարական (ստրատեգիական) օբյեկտների, ինչպես նաև առաջնային գիտական մշակումների ոլորտների անվտանգությունը.

թ) իրենց իրավասության սահմաններում մասնակցել օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների մարմինների անվտանգության ապահովմանը.

ժ) մասնակցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության վերաբերյալ միջոցառումների մշակմանը և իրականացմանը, վերահսկել պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանումը, սահմանված կարգով միջոցառումներ իրականացնել` կապված քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու հետ.

ժա) անցկացնել միջոցառումներ` ուղղված Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս նրա կազմակերպությունների և քաղաքացիների անվտանգության ապահովմանը.

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքում ապահովել օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը.

ժգ) իրենց իրավասության սահմաններում, մյուս պետական մարմինների հետ համատեղ, մասնակցել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող հավաքների և հանրային միջոցառումների անվտանգության ապահովմանը.

ժդ) ռադիոհսկողության ճանապարհով իրականացնել հաղորդող ռադիոէլեկտրոնային միջոցների, ռադիոտվյալների և ռադիոառաքումների գրանցումն ու կենտրոնացված հաշվառումը, բացահայտել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանն սպառնացող կամ հակաիրավական նպատակներով օգտագործվող ռադիոէլեկտրոնային միջոցների ռադիոառաքումները և ռադիոալիքները.

ժե) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին», «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուն և քաղաքացիությունը դադարեցնելուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուն ու նրա սահմաններից դուրս գալուն, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ռեժիմին վերաբերող հարցերի լուծմանը.

ժզ) պահպանել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մոբիլիզացիոն պատրաստվածությունը.

ժէ) մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերում պետական տեղեկատվական պաշարների պաշտպանության, տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության, տեխնիկական հետախուզություններին հակազդման բնագավառներում պետական քաղաքականության մշակմանը և իրացնել դա: Ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կառավարական կապով և հատուկ կապի այլ տեսակներով ապահովել Հայաստանի Հանրապետության Նախագահին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց.

ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել ազգային անվտանգության մարմինների համար կադրերի պատրաստումը, նրանց վերապատրաստումը և որակավորման բարձրացումը.

ժթ) Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: (16-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-81-Ն)

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

Օ Ր Ե Ն Ս Գ Ի Ր Ք

(Ընդունված է 2003 թվականի ապրիլի 18-ին)

Հոդված 302. Լրտեսությունը

Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելը կամ հանձնելու նպատակով դրանք հավաքելը, հափշտակելը կամ պահելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություններ հանձնելը կամ դրանք հավաքելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ գործողությունները կատարվել են օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝

պատժվում են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

 

Հոդված 303. Դիվերսիան

Պետությունը թուլացնելու նպատակով պայթյուններ, հրկիզումներ կամ այլ գործողություններ կատարելը՝ ուղղված մարդկանց զանգվածային ոչնչացմանը, նրանց առողջությանը վնաս պատճառելուն, կազմակերպությունների, կառույցների, հաղորդակցության ճանապարհների կամ միջոցների, կապի միջոցների կամ այլ գույքի ավերմանը կամ վնասմանը, կամ զանգվածային թունավորումներին կամ համաճարակների կամ անասնահամաճարակների տարածմանը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 դեկտեմբերի 1996 թ.

              ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

Հոդված 24. ՊԵՏԱԿԱՆ և ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԿԱԶՄՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼԸ

 

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին կարող են ծանոթանալ միայն այդպիսի գաղտնիքին առնչվելու իրավունք ունեցող քաղաքացիները` միայն համապատասխան պետական մարմնի, ձեռնարկության, հիմնարկի կամ կազմակերպության լիազորված պաշտոնատար անձի թույլտվությամբ:

Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին քաղաքացիների ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(24-րդ հոդվածը փոփ. 20.03.02 ՀՕ-318)

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31