Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. իշխանության հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմածները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար ԿԸՀ կազմի վերընտրության համար

Հոկտեմբեր 06,2016 14:40

Լեւոն Զուրաբյանի ելույթը Ազգային ժողովում ԿԸՀ անդմաների հաստատման հարցի ժամանակ

Հարգելի խորհրդարան,

Գաղտնիք չէ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն կազմը, որ այսօր նստած է այստեղ, հատկապես Տիգրան Մուկուչյանը, մեր ժողովրդի աչքում դարձել են ընտրակեղծարարության հիմնական խորհրդանիշը: Տիգրան Մուկուչյանին վաղուց տրված է “գլխավոր թվանկարչի” անպատվաբեր տիտղոսը եւ ես պատահաբար չէ, որ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձա 2015թ. սահմանադրական հանրաքվեում Տիգրան Մուկուչյանի դերակատարմանը: Շատերը իշխանության մեջ ուզում են տպավորություն ստեղծել, թե իբր ընտրակեղծարարությունը կրում է սպոնտան, անկազմակերպ բնույթ, կատարվում է ընտրատեղամասային մակարդակներում կամ դրանց շուրջ, իսկ ահա ԿԸՀ-ը լիարժեք իրականացնում է իր լիազորությունները եւ բոլոր բողոքներին տալիս է արդար ընթացք: Այդ միֆը կոչված է ապացուցելու, որ ընտրակեղծարարությունը հրահանգված չէ ամենավերեւից եւ որեւէ կապ չունի երկրի ղեկավարության քաղաքական կամքի հետ:

2015թ. դեկտեմբերյան հանրաքվեից հետո ես որպես ՈՉ-ի ընտրարշավի շտաբի ղեկավար ներկայացրեցի ԿԸՀ-ին մի բողոք, որն իր հիմնավորվածությամբ միգուցե նախադեպը չէր ունեցել անցյալում: Հարյուրավոր տեսա- եւ աուդիո- հոլովակներ, բազմաթիվ վկայություններ, հռչակված արդյունքների եւ Հայաստանի պաշտոնական ժողովրդագրական տվյալների անհամապատասխանության ապացույցներ եւ ընտրական գործընթացի վիճակագրական վերլուծություն, համաձայն որի մոտ կես միլիոնի մասնակցությունն ուղղակի հավելագրված էր:

Այդ ամենի ուղիղ ապացույցներ ստանալու համար մենք պահանջեցինք ԿԸՀ-ից պատահական ընտրանքով բացել հինգ ընտրատեղամասի մատյանները: Դուք հրաժարվեցիք, ասելով, որ իրավասու չեք վերահաշվարկ կատարել: Բայց ի ՞նչն էր այդ դեպքում խանգարում ուղղակի ստանալ այդ հինգ տեղամասերի մատյանները եւ ստուգել դրանց լրացման օրինականությունը: Չէ ՞ որ, Ընտրական օրենքգրքի 46 հոդվածի 8-րդ մասի համաձայն, ՛՛բողոքը քննող ընտրական հանձնաժողովը ի պաշտոնե կարող է ապացույցներ հայթայթել՛՛: Հակառակ մեր միջնորդությանը, դուք դա չարեցիք, որովհետեւ շատ լավ գիտեիք, թե ինչ պատկեր էր բացվելու, եւ պարզվելու էր, որ հանրաքվեն անամոթաբար կեղծվել է: Սա ի ՞նչ է. եթե ոչ ընտրակեղծարարության պարտակում եւ հանցավոր անգործություն: Դա, ի դեպ, վերաբերվում է ԿԸՀ-ի այստեղ հավաքված ամբողջ կազմին, քանի որ մեր պահանջը մերժվեց միաձայն:

Դուք միշտ եք այդպես վարվել. Առանձին բողոքներին ընթացք տվել, բայց եթե խոսքն այնպիսի ապացույցների մասին է, որոնց հիման վրա կարելի է ամբողջ ընտրությունները կեղծված եւ անվավեր ճանաչել, դուք անմիջապես ամբողջ հանձնաժողովի ձեր կազմով դարձել եք կույր, խուլ եւ համր:

Կոնկրետ դուք, քանի որ նշանակվել եք 2011թ., պատասխանատվություն եք կրում 2012թ. խորհրդարանական ընտրությունների, 2013թ. նախագահական եւ Երեւանի ավագանու, ինչպես նաեւ սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման համար: Այդ համատարած եւ համակարգային ընտրակեղծարարության պատճառով ժողովուրդը կորցրել է հավատը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ: Հայաստանում ոչ ոք այլեւս չի հավատում, որ ընտրությունների միջոցով հնարավոր է հեռացնել ժողովրդի վստահությունը չվայելող իշխանությանը: Դա է պատճառը, որ ՛՛Սասնա ծռերի՛՛ խմբի զինյալ գործողությունը անսպասելիորեն ստացավ այսքան լայն աջակցություն, ինչը չէր կարող պատահել ժողովրդավարական որեւէ երկրում:

Հայաստանի քաղաքական համակարգը մշտապես նստած է լինելու վառոդի տակառի վրա, քանի դեռ լուծված չէ ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման հարցը: Ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակման եւ բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրման մեր համաձայնագիրը իշխանությունների հետ ընդամենը մեկ քայլ է այդ ուղղությամբ: Դրան պետք է հետեւեր իրեն վարկաբեկած ԿԸՀ-ի կազմի ամբողջական փոփոխությունը, բայց արի ու տես, որ այդ բոլոր խայտառակ ընտրությունների համար պատասխանատու հանձնաժողովին նույն կազմով ներկայացնում են Ազգային ժողովին՝ հաստատելու համար:

Ընդ որում տեղի է ունեցել մի հետաքրքիր բան: Այդ կազմը առաջադրվել է պետաիրավական հանձնաժողովի 10 անդամների կողմից, ովքեր ներկայացնում են ՀՀԿ-ն եւ նրա կոալիցիոն գործընկեր Դաշնակցությունը, ինչը դեռ հասկանալի է, բայց նրանց միացել են նաեւ Բարգավաճ Հայաստան եւ Օրինաց երկիր կուսակցությունները: Հայ Ազգային Կոնգրեսի կամ այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ այս կազմը ոչ ոք չի քննարկել: Ավելին, այդ կոալիցիան, օգտագործելով պետաիրավական հանձնաժողովի 10 պատգամավորների ստորագրությունները, արգելակել է այլընտրանքային որեւէ առաջադրում, քանի որ օրենքով առաջադրումներ կարող են կատարել 5 պատգամավոր եւ մնացած 4 պատգամավորները արդեն ոչ մեկին չէին կարող առաջադրել: Ստացվում է, որ հանրապետական իշխանության հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի վերընտրության համար:

Այստեղ է թաքնված անցած ՏԻՄ ընտրությունների ամբողջ գաղտնիքը: Այս չորս կուսակցությունները, լինելով միմյանց՛՛մարմին ի մարմնե՛՛, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, թեեւ ժամանակ առ ժամանակ ռոտացիոն կարգով հայտնվելով ընդդիմության շարքերում, եւ զարգացրել են ընտրողներին նյութական շահագրգռությամբ եւ կլանային ազդեցությամբ վերահսկելու ցանցեր եւ իշխանությունների, իրավապահ մարմինների եւ ԿԸՀ-ի հանցավոր օժանդակությամբ վերածել են ընտրությունները ձայների գնման աուկցիոնի: Պատահական չէ, որ ընտրությունների ժամանակ հենց նույն մեթոդներով մեջ-մեջ արին ընտրողների ձայները, հնարավորություն տալով որոշ բաժին ստանալու միայն Գյումրիի եւ Վանաձորի լոկալ ուժերին, որոնց մեջ որեւէ վտանգ չեն տեսնում: Իսկ հիմա մեծ-մեծ խոսում են ինչ-որ քաղաքական աշխատանքի մասին, որն իրականում եղել է ոչ այլ ինչ քան պարզագույն առուծախ, որն, ի դեպ, հակասության մեջ է մտնում Քրեական օրենսգրքի հետ:

Հիմա անդրադառնանք ԿԸՀ-ի եւ նրա ղեկավար Տիգրան Մուկուչյանի դերակատարությունը այս ՏԻՄ ընտրություններում: Հոկտեմբերի 1-ին Գյումրիի Բայրոնի դպրոցում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահները եւ քարտուղարները, Մուկուչյանը անձամբ հրահանգել է, որ հանձնաժողովները հնարավորություն տան դիտորներին եւ վստահված անձանց նշումներ կատարել ստորագրված մատյաններից: Մի բան, որը ուղղակիորեն արգելված է օրենքով: Եւ շատ ճիշտ է արված: Բացատրեմ թե ինչու:

Ընտրակեղծարարությունը բացառելու նպատակով մենք միշտ պնդել ենք, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն, բայց դա պետք է արվի միայն ընտրությունների ավարտից հետո, ոչ թե ընթացքում: Բանն այն է, որ ընտրակաշառք բաժանած եւ այլ տեսակի ծառայություններ մատուցած կուսակցությունները ամեն ընտրատեղամասում կազմել էին իրենց “պարտական” ընտրողների ցուցակներ եւ նրանց վստահված անձանց եւ դիտորների գործը եղել է այդ ցուցակներում ընդգրկված եւ իրենց կողմից, ըստ էության, գնված ընտրողների վերահսկողությունը, որի համար էլ նրանք պարբերաբար դուրս են հայտնել արդեն քվեարկած ընտրողների համարները:

Ահա այդ պատճառով է Տիգրան Մուկուչյանը արտոնել այդ մատյաններից տվյալների դուրս բերումը: Արդեն միայն սրանով ընտրությունները վերածվել էին կաշառված ընտրողների ցուցակների եւ նրանց հատիկ հատիկ ընտրատեղամաս բերման ենթարկելու ճակատամարտի, որում բնականաբար դասական գաղափարական քարոզ կատարող կուսակցությունները որեւէ շանս չունեին: Եւ այդ ամենը, ինչպես ես ցույց տվեցի, արվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարձր հովանավորչությամբ:

Մենք իհարկե հեռու ենք այն մտքից, որ Տիգրան Մուկուչյանը եւ ԿԸՀ մյուս անդամները Հայաստանում տիրող ընտրակեղ ծարարության գլխավոր պատասխանատուներն են: Ամենեւին ոչ: Բոլորն էլ հասկանում են, որ իրենք ընդամենը գործիք են իշխանությունների եւ նրանց հետ տարբեր կապերով կապված այլ կուսակցությունների ձեռքին: Բայց այդ փաստի գիտակցումը որեւէ կերպ ձեզ չի մաքրում կատարված հանցագործություններին մասնակցելու եւ օժանադակելու մեղավորությունից: Մենք քվեարկությանը չենք մասնակցելու ձեզ հայտնի պատճառներով, բայց եթե մասնակցենք, ապա դեմ ենք քվեարկելու ԿԸՀ ամբողջ կազմին:

Իսկ հիմա խոսեմ ավելի ընդհանուր Հայաստանում ընտրական գործընթացների մասին: 2017 թվականի ապրիլի 2-ին պետք է կայանան Ազգային Ժողովի ընտրությունները: Քանի որ գործող Սահմանադրությամբ այլեւս նախագահական ընտրություններ չեն լինի, Հայաստանում իշխանության ձեւավորման հարցը լուծվելու է հենց Ազգային Ժողովի ընտրություններով: Ես վստահ եմ, որ ինչպես Սահամանադրական հանրաքվեում, մեզ կհաջողվի բացատրել ժողովրդին, որ այդ ընտրություններում լուծվում է գործող իշխանության մնալ-գնալու հարցը, ըստ էության, Հայաստանի քաղաքական ամբողջ համակարգի առողջացման հարցը:

Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստանում վերջապես վերականգնենք Հայաստանում վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, եւ նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ եւ անիմաստ էին համարում գնալ քվեարկության: Նրանց կարծիքով ամեն ինչ արդեն վաղուց որոշված է եւ այդ որոշումը կախված չէ ժողովրդի քվեից, այլ միայն եւ միայն բաժանված կաշառքներից եւ վարչական ճնշումներից:

Ընտրական օրենսգրքի վերափոխման մեր համաձայնագիրը իհարկե լրջագույն քայլ էր ընտրությունների ինստիտուտի նկատառմամբ վստահության վերականգնման համար եւ մենք ըստ արժանավույն գնահատել ենք այդ քայլը, սակայն ԿԸՀ-ի նոր կազմի շուրջ ընդդիմության հետ բանակցություններից հրաժարվելը եւ Գյումրիում ու Վանաձորում նման կեղտոտ ընտրությունների անցկացումը, նորից մեր ամբողջ երկիրը հետ են գցում այս հարցում:

Սակայն մենք վստահ ենք, որ ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները ժողովուրդը կընկալի քաղաքական նույն հարթության մեջ, ինչ որ այլեւս չեղյալ նախագահական ընտրությունները, ուստի եւ Հայաստանի առողջ քաղաքական եւ գաղափարական ուժերը կկարողանան վերջապես այդ ընտրություններում լուծել Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31