ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խորհրդարանի փոխնախագահ Իսաբել Դինգիզյանին:
Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի Ազգային ժողովում, ջերմությամբ հիշել է 2015 թվականի հանդիպումը:
Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է սկանդինավյան տարածաշրջանի եւ հատկապես Շվեդիայի հետ բազմակողմ եւ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը, համապարփակ միջխորհրդարանական շփումները:
Ազգային ժողովի նախագահի խոսքով՝ այս ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու ուղղությամբ դեռեւս անելիքներ կան: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը ողջունել էերկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը եւ հույս հայտնել, որ առաջիկայում համագործակցության նոր ուղիներ կնախանշվեն:
Կարդացեք նաև
Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին եւ վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ու խորացնելու երկու երկրների միջեւ կառուցողական երկխոսությունը:
Գալուստ Սահակյանն իր երախտիքի խոսքն է հայտնել տիկին Դինգիզյանին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Իսաբել Դինգիզյանը, շնորհակալություն հայտնելով հայրենի խորհրդարանում ջերմ ընդունելության համար, կարեւորել է հայ-շվեդական խորհրդարանական արդյունավետ համագործակցությունը: Տիկին Դինգիզյանը վստահեցրել է, որ իր ներդրումը կունենա երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու եւ խորացնելու համար:
Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն