Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը մեղադրում է ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին՝ նորից ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մեջ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 13:58

«ՀՀԿ-ի հետ տարբեր ժամանակաշրջաններում կոալիցիա կազմած կուսակցությունները այս անգամ էլ կոալիցիա են կազմել կեղծարար ԿԸՀ կազմի ընտրության համար: Այստեղ է թաքնված ՏԻՄ ընտրությունների գաղտնիքը: Այս 4 կուսակցությունները, լինելով միմյանց մարմին ի մարմնե, տարբեր ժամանակներում կազմել են իշխանության կոալիցիայի մաս, ռոտացիոն կարգով հայտնվել են ընդդիմության շարքերում եւ իշխանությունների հետ վերածել են ընտրությունները ձայների գնման աճուրդի»,- այսօր ԱԺ-ում ԿԸՀ անդամների ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանի խոսքերին, որն ասում էր՝ կուսակցությունները պետք է ձայն ստանալու համար մեծ աշխատանք տանեն մարզերում: Լեւոն Զուրաբյանի խոսքերով՝ մեծ-մեծ խոսում են քաղաքական աշխատանքի մասին, որն իրականում եղել է ոչ այլ ինչ, քան պարզագույն առուծախ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում արձագանքեց Լեւոն Զուրաբյանին՝ ասելով, որ պետք է արժանապատվություն ունենալ՝ այդ խայտառակ արդյունքներից հետո հետեւություններ անելու եւ պարտությունն ընդունելու. «Այն քաղաքական ուժերը, որոնք ընտրություններին զբաղեցնում են վերջին պատվավոր հորիզոնականը եւ հետո մեղադրում են ժողովրդին, անվանում են ծախված, մեղադրում են մյուս քաղաքական ուժերին, ապագա չունեն»:

Նա ՀԱԿ-ին եւ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց, որ այդ ուժերը, որոնք ԱԺ ամբիոնից բողոքում են ժողովրդից եւ քաղաքական մյուս ուժերից, «բիրիքով վաճառել են» հանձնաժողովի անդամի իրենց տեղերը եւ վստահված անձանց տեղերը. «Պարտությունը եւս պիտի ընդունել արժանապատվորեն: 500 հոգի Ֆեյսբուքում խլրտացողները ոչ հանրային կարծիք են, ոչ ժողովրդի: Պարզ բանաձեւ կա՝ պետք է ամենօրյա տքնաջան աշխատանք տանել, ինչպես ԲՀԿ-ն է արել: Խոսել, որ ԲՀԿ-ն ինչ-որ առուծախի եւ աճուրդի մասնակից է եղել, ես սա համարում եմ առնվազն անպարկեշտ, որովհետեւ ԲՀԿ-ն ստացել է այն, ինչ քաղել է իր աշխատանքի արդյունքում: Այն քաղաքական ուժը, որը այնքան ուժ, համարձակություն չունի ընդունելու, որ ինքը պարտվել է, տվյալ քաղաքական ուժի վերջակետը դնելու ժամանակը եկել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31