Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով տասը րոպե ընդմիջում հայտարարեց, որ տուժողի ներկայացուցիչները ծանոթանան մեղադրական եզրակացությանը: Այսօր տուժած լրագրողը կրկին չէր ներկայացել դատարան:
Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին, ժամը 22-ից 23-ի սահմաններում, Գլինկայի փողոցում կատարել են բռնություն՝ գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Դատարանն այսօր կողմերի համաձայնությամբ շարունակեց դատական նիստը, նախագահող դատավոր Գաբրիելյանը հետաքրքրվեց ամբաստանյալների կարգավիճակով: Պարզվեց՝ ամբաստանյալ Սեյրան Կարապետյանը ութամյա կրթություն ունի, մեկ տղա ու կին:
Կարդացեք նաև
Վլադիմիր Մխիթարյանը ֆիզկուլտինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է, ապագա մարզական լրագրող, ամուսնացած է, երեք ամսական տղա ունի, նախկինում էլ մի անգամ հասցրել է դատվել:
Դավիթ Սարգսյանն ամենաերիտասարդն էր, դատարանը նրան դիտողություն արեց չսափրված դատարան գալու համար. «Նուբարաշենում քեզ չե՞ն ասել, որ չկա կալանավոր, որ թրաշը երեսին գա Գաբրիելյանի նիստերին: Հաջորդ նիստին սափրված կգաս, կոկիկ ու գեղեցիկ, եղա՞վ»:
Դավիթ Սարգսյանն էլ էր ութամյա կրթություն ստացել, դատարանը հումորով հետաքրքրվեց՝ լավ չես սովորել, հա՞, ուրեմն լավ չես սովորել:
Մյուս ամբաստանյալ Կարեն Գրիգորյանն էլ էր ամուսնացած ու փոքր աղջիկ ուներ խնամքի տակ:
Ամբաստանյալները դատարան էին ներկայացել առանց պաշտպանի, որ հաջորդ նիստին նրանք դատարան գան պաշտպանով, դատական նիստն այսօր հետաձգվեց: Հաջորդը նշանակվեց հոկտեմբերի 17-ին:
Մինչ այդ, ամբաստանյալները պահանջեցին, որ դատարանը ծանուցում ուղարկի իրենց ընտրած փաստաբանին՝ Վահե Ամիրջանյանին, նրանք հրաժարվեցին հանրային պաշտպան ունենալու դատարանի առաջարկից:
«Հարսի պատմությունն է, հա՞, նախօրոք հրավիրատոմս պետք է ուղարկենք ձեր փաստաբանին, իսկ այսօր նա չէ՞ր կարող գալ ձեզ հետ: Լավ, ծանուցում ուղարկեք, սուփրա էլ գցեք, որ դիմավորեք պաշտպանին»,- կատակեց դատավոր Գաբրիելյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ