«Կարիք կա նոր, թարմ աշխատանքի`նոր թիմով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրաժարականին վերաբերվող հարցին:
Aravot.am-ի հարցին`խոսակցություններ կան, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ-ի համագումարում Կարեն Կարապետյանն իր տեխնոկրատների թիմով համալրելու է ՀՀԿ-ի շարքերը, ավելին, վարչապետը զբաղեցնելու է նաեւ ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես կոռեկտ չեմ համարում մինչեւ համագումարի օրակարգի հաստատումը ներկայացնեմ իմ գնահատականները: Ես կասեմ այն, ինչ որ ասել եմ անցած հինգշաբթի`ՀՀԿ-ում, ինչպես նախորդդ համագումարներում, այնպես էլ այս համագումարում, կլինեն փոփոխություններ: Չեմ բացառում, որ այդ փոփոխությունը կլինի նաեւ գործադիր մարմնում: Իսկ թե պարոն Կարապետյանը կմտնի՞ ՀՀԿ, չի՞ մտնի… ոչ մտնելուց զարմացեք, ոչ էլ չմտնելուց»:
Հարցին`ո՞վ է 2017-ին ՀՀԿ-ի համար ձայն բերելու, քանի որ ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ Գագիկ Բեգլարյանն այլեւս կառավարման համակարգում չեն, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Մեզ ձայն չեն բերում, մեզ ձայն տալիս են: Հասարակությունն է տալիս»: Դիտարկմանը, որ Սուրիկ Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի միջամտությամբ են տալիս`հակադարձեց. «Ապրիլի 2-ից հետո կզրուցենք»:
Գագիկ Ծառուկյանի`քաղաքականության հնարավոր վերադարձի հարցին էլ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին կոնկրետ բան չկա, ու քանի որ ինքը ծագումով հույն է՝ օգտվում է իր հույն նախնի մեծ փիլիսոփա Հերակլեսի մտքից. «Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է եւ փոփոխության ենթակա է»:
Կարդացեք նաև
Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը օրերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ: Ինքը`Նաիրա Զոհրաբյանը չի մեկնաբանում այդ տեղեկությունները:
Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասով լրագրողներից մեկի դիտարկմանը`«չարիքն է վերադառնում» (Ծառուկյանի հեռանալիս նման արտահայտություն արել էր Էդ. Շարմազանովը), ասաց, որ իրենք երեւույթներին են գնահատական տվել ոչ թե անձերին: Հաջորդ դիտարկմանը`բամփում էիք, պատասխանեց. «Ես չէի բամփում»:
Մանրամասները տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ