Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է զբաղվել զինծառայող Ռազմիկ Պետրոսյանի իրավունքների պաշտպանությամբ: Վերջինս արդեն մեկ տարուց ավելի ծառայության մեջ է, սակայն ՀՀ Զինված ուժեր զորակոչվելուց հետո ոտքերի այտուցվածության ու կոշտուկների պատճառով զինծառայության հիմնական մասը անցկացրել է զինվորական հոսպիտալում՝ չկարողանալով իրականացնել զինվորական ծառայությունը: Կազմակերպությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները՝ ընդհուպ մինչև վիճարկելով Ռ. Պետրոսյանին զինծառայության համար պիտանի ճանաչելու մասին՝ ՀՀ ԿՌԲՀ հերթական նիստի 2016 թ. մարտի 3-ի որոշումը, համաձայն որի՝ հանձնաժողովը, վերանայելով 2016 թ. հուլիսի 25-ի՝ Ռ. Պետրոսյանին զինծառայությանը պիտանի ճանաչելու մասին որոշումը, եզրակացրել էր, որ վերջինիս ծառայությունը հնարավոր չէ կազմակերպել ստանդարտ կոշիկով և նրան, բացառության կարգով, կթույլատրվի կրել ոչ ստանդարտ կոշիկ:
Հավելենք, որ ծառայությունը ոչ ստանդարտ կոշիկով կազմակերպելու՝ զորամասի հրամանատարության անօրինական որոշման վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել՝ չնայած նրան, որ որոշումը անօրինական է, քանզի վերոնշյալի վերաբերյալ չկա համապատասխան իրավական ակտ, որով կկարգավորվի ստանդարտ կոշիկ կրելու անհնարինության դեպքում զինծառայողի հետագա զինվորական ծառայության հարցը: Քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի վերոնշյալ որոշումը բողոքարկվել է նախ վերադասության, ապա դատական կարգով: Բողոքի քննությունը նշանակված է 2016 թ. հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14:00-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ