ՀՀ Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի առաջին ուսումնական փուլի մեկնարկը կլինի նոյեմբերի սկզբին: Այս մասին այսօր ՀՀԿ մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ 20-40 տարեկան բարձրագույն կրթությամբ քաղաքացիները (նաեւ նրանք, ովքեր բարձրագույն կրթություն ստանալու ճանապարհին են): Կարեւոր է դիմորդի ներկայացրած նամակը, թե ինչու է նա ցանկանում սովորել ՀՀԿ դպրոցում:
«Ուսուցումն անվճար է: Դասախոսները կլինեն քաղաքական գործիչներ` «հանրապետական» եւ ոչ, փորձագետներ եւ ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների` բուհերում դասավանդող առաջատար մասնագետներ: ՀՀԿ դպրոցում կլինեն երկու տեսակի դասընթացներ` հիմնարար եւ կարճաժամկետ վերապատրաստումներ` կապված տարբեր ընթացիկ քաղաքական-հասարակական զարգացումների հետ: Բազային դասընթացները լինելու են ավելի խորը եւ բազմազան կրթական բովանդակությամբ»,-ասաց Արմեն Աշոտյանը:
Կարդացեք նաև
Թե ընդդիմադիրներից ովքեր են դասավանդելու ՀՀԿ դպրոցում, Արմեն Աշոտյանը չմանրամասնեց` ակնարկելով` «Այդ անունները թող չդառնան քննարկման բուռն առարկա»:
Նրա խոսքով` ՀՀԿ դպրոցի նպատակն է կուսակցական կադրերի վերապատրաստումը, հասարակության քաղաքագիտական ընկալումների մակարդակի բարձրացումը. «Ուսումնական ծրագրերը չեն լինելու միայն հանրապետականների համար: Ծրագրերը բաց են լինելու բոլոր ունկնդիրների համար` անկախ քաղաքական հայացքներից»:
Արմեն Աշոտյանը նաեւ հայտնեց, որ ՀՀԿ դպրոցը գործակցելու է նաեւ եվրոպական երկրների ավանդական կուսակցությունների քաղաքական դպրոցների հետ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ