Պաշտոնական վիճակագրության ուշագրավ տվյալն անցած ութ ամիսներին արձանագրված իրավախախտումների ցուցանիշն է։ Այսպես՝ նշված ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 12 հազար 294 հանցագործության դեպք։ Անցած տարի այդ ցուցանիշը եղել է 11 հազար 212։ Այսինքն՝ ստացվում է, որ այս տարվա ութ ամիսներին Հայաստանում հազարով ավել հանցագործությունների դեպքեր են արձանագրվել։
Ի դեպ, հիմնականում աճել են միջին ծանրության եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Մասնավորապես միջին ծանրության հանցագործությունները աճել են 957-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները՝ 37-ով։
Նկատենք, որ առանձնապես ծանր հանցագործություն են համարվում այնպիսիք, որոնց համար նախատեսված է տասը տարվա եւ ավել ազատազրկում։ Անցած տարի ութ ամսում նման հանցագործության 107 դեպք է արձանագրվել, իսկ այս տարի այդ թիվը դարձել է 144։
Այս փաստը չի կարող մտահոգիչ չլինել, քանի որ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների աճը, ինչ-որ առումով, կարող է բացատրվել սոցիալական վիճակի վատթարացմամբ։ Սակայն առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը վկայում է, որ Հայաստանի հասարակության մեջ տարեցտարի ավելի խորքային եւ վտանգավոր փոխակերպումներ են տեղի ունենում, ու եթե դրանց պատճառները չվերացվեն, ապա վիճակը գնալով ավելի է բարդանալու։
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում