Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ չկա» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 11:42

Այսօր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը անակնկալ եկել էր կառավարություն՝ մասնակցելու կառավարության նիստին: Նախագահն ասաց, որ այս կառավարությունը տարբերվելու է նախորդ կառավարություններից, հորդորելով վարչապետ Կարեն Կարապետյանին լինել հաստատակամ եւ ամուր:

Ապա` դիմելով կառավարության անդամներին, նկատեց՝ «ինչպես պայմանավորվել ենք՝ նեղանալ չկա»:

Նախագահը շարունակելով խոսքն, ասաց՝ «Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է: Ես վստահ եմ, որ նրա կշտամբանքներն ու դիտողությունները ձեր անձին չեն ուղղված»: Նախագահը հորդորեց չվիրավորվել, քանի որ աշխատանքային մթնոլորտ է:

Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանն իր թիմի անունից շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ նախագահի խոսքերը պարտավորեցնող են: Կարեն Կարապետյանը նաեւ վստահեցրեց, որ իրենց աշխատանքով քաղաքացուն ամենօրյա ազդակներ են տալու եւ նրանց սպասումները արդարանալու են: «Շուտով կներկայացնենք մեր ծրագիրը»,- ասաց վարչապետը, վստահեցնելով, որ ամեն կարեւոր հարց քննարկելու են հասարակության հետ, լսելու են նրանց կարծիքը, դժգոհությունները, դիտողությունները եւ պարբերաբար բացատրելու են, թե ինչ նպատակով են այս կամ այն գործն անում:

Նախագահը իր ելույթի վերջում ասաց, որ այդ ամենը բերելու է նրան, որ մարտահրավերները կամաց-կամաց տեղի են տալու: Ապա Սերժ Սարգսյանը դիմելով կառավարությանը, հարցրեց՝ կա՞ն հարցեր: Դահլիճի լռությունից հետո արձագանքեց. «Երբ հարցեր չեն առաջանում՝ կամ հասկանալի եւ ընդունելի են հարցերը, կամ՝ անհասկանալի ու անընդունելի»:

Նախագահի խոսքի մանրամասներն՝ առաջիկայում:

Ի դեպ, կառավարության մամուլի սրահի մոնիտորները չէին հեռարձակում պատկերը եւ լրագրողները այդպես էլ չկարողացան նախագահին տեսնել կառավարության նիստում:

Վարչապետը մի քանի րոպեով ընդհատեց նիստը՝ նախագահին ճանապարհելու համար: Երբ նախագահը դուրս էր գալիս, լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ այլեւս կոռուպցիա չի՞ լինելու, կամ՝ ինչպե՞ս եք պայքարելու կոռուպցիայի, մենաշնորհների դեմ: Սերժ Սարգսյանը հարցերին չպատասխանեց, միայն ասաց՝ «Չէի՞ք լսում նիստի ժամանակ ինչ էի ասում»:

Նախագահի այցով պայմանավորված՝ կառավարության առաջ ամեն հինգշաբթի ցույց անող մի խումբ քաղաքացիների արգելել էին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնել եւ ոստիկանները պատ կազմած թույլ էին տալիս «հեռվից բողոքել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31