Մի քանի օրից նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելու է «Նաիրիտ» գործարանը վերագործարկելու մտադրություն ունեցող՝ Սլովենիայից հայազգի գործարար Աշոտ Գրիգորյանի պատվիրակությանը, ինչը չհասցրեց անել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նոր վարչապետը քննարկելու է գործարարի առաջարկած ներդրումային ծրագիրը: Այս մասին երեկ «Առավոտի» հետ զրույցում ասացին գործարանի նախկին աշխատակիցները:
Նրանց խոսքերով՝ Աշոտ Գրիգորյանից բացի, եւս մի գործարար է ՌԴ-ից ցանկություն հայտնել «Նաիրիտը» ոտքի կանգնեցնել: Եվ որպեսզի այս գործարարների առաջարկները ոչ մի դեպքում «չջրվեն», եւ մեր պաշտոնյաները չհիմնվեն միայն Համաշխարհային բանկի փորձագետների` վերջերս կատարած ուսումնասիրության վրա, համաձայն որի՝ ՀԲ մասնագետները հայտարարել էին, թե «Նաիրիտի» շահագործումը նպատակահարմար չեն համարում, նաիրիտցիները որոշել են օրումեջ բողոքի ցույցեր անել` իրենց մասին հիշեցնելու եւ «Նաիրիտի» վերագործարկման թեման տաք պահելու համար:
Երեկ նրանք մեծ խմբով ՀՀ նախագահի նստավայր ու Ազգային ժողով էին գնացել:
Կարդացեք նաև
Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
05.10.2016