«Հայկական վերածնունդ» կուսակցությունը մշտապես պաշտպանել է այն թեզը, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ակտիվ մասնակցությունը և հաջողությունների գրանցումը կարևոր պայման է ցանկացած քաղաքական ուժի համար ոչ միայն սեփական ուժերը փորձարկելու, այլև հետագա համապետական ընտրություններում ավելի լուրջ արդյունքներ գրանցելու համար: Ելնելով վերը նշված սկզբունքից` «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ակտիվորեն մասնակցել է 2016 թ. սեպտեմբերի 18-ին և հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին և գրանցել էական արդյունքներ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ գյուղական համայնքներում: Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը կայուն երրորդ արդյունքն է գրանցել հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, հինգ տասնյակից ավելի համայնքներում հաղթել են «Հայկական վերածննդի» թեկնածուները և նրանք, ում պաշտպանել է ՀՎԿ-ն, ինչպես նաև շուրջ 200-ից ավելի ՀՎԿ-ական ավագանիներ ամբողջ հանրապետությունում:
Ամփոփելով ընտրությունների արդյունքները, համադրելով այլ քաղաքական ուժերի գրանցած ցուցանիշները` կուսակցությունն արձանագրում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով համապետական մակարդակում ՀՎԿ-ն գրավել է հաստատուն երկրորդ տեղը, զգալիորեն առաջ անցնելով այլ քաղաքական ուժերից:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարում է, որ վերը նշված արդյունքները գրանցվել են համառ, դժվարին պայքարի ու հետևողական աշխատանքի շնորհիվ, քանզի ընտրությունների ամբողջ ընթացքում նկատվել են ընտրախախտումների բազմաթիվ դեպքեր` սկսած ընտրակաշառքներից, վերջացրած միկրոավտոբուսներով մարդկանց ընտրատարածք տեղափոխելն ու վարչական լծակների կիրառումը, մեր թեկնածուների նկատմամբ առանձին դեպքերում կիրառված սև հակաքարոզչությունը և լկտի զրպարտանքները, այլապես համոզված ենք, որ արդյունքները շատ ավելի ծանրակշիռ էին լինելու:
Այդուհանդերձ, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը սեփական փորձով ապացուցեց, որ միասնական, սկզբունքային ու համախմբված պայքարով, կազմակերպված աշխատանքով հնարավոր է «սայլը տեղից շարժել», հետևաբար կրկին անգամ վերահաստատում ենք մեր այն դիրքորոշումը, որ մասնատված, հատվածական պայքարը, փոքր ուժերի լոկալ հաջողություններից առաջացած չարդարացված էյֆորիան կարող է բացասական ազդեցություն ունենալ հետագա` ավելի գլոբալ համապետական պայքարի հաջողության վրա, ուստի գտնում ենք, որ մեզ այլևս անհրաժեշտ է ավելի լայն հասարակական-քաղաքական համախմբում, պայքարող ուժերի լայն կոնսոլիդացիա: Ուստի կրկին կոչ ենք անում Հայաստանի զարգացման հեռանկարով մտահոգ քաղաքական ուժերին, միավորներին ու անհատներին մի կողմ դնել քաղաքական նեղ ամբիցիաները, հաշվի առնել առկա հնարավորություններն ու ձևավորված իրողությունները և իրական քայլեր կատարել համախմբման, միասնական ճակատով պայքարելու ուղղությամբ` հանուն Հայաստանի վերածննդի և զարգացման:
Կարդացեք նաև
«Հայկական վերածնունդ»