Լրահոս
Օրվա լրահոսը

2017-ին ոստիկանության, հասարակական կարգի եւ անվտանգության ծախսերն ավելանում են

Հոկտեմբեր 06,2016 15:30
vark

Կրթության եւ առողջապահության ծախսերը 2017-ի բյուջեի նախագծով նվազում են

2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն կառավարությունը հաստատել է. այս նախագծով, ըստ էության, որոշվում է, թե Հայաստանի շարքային քաղաքացիներն ինչպես են ապրելու: Առանձնապես լավ չեն ապրելու կամ՝ ավելի լավ չեն ապրելու, քան այս տարի: Եկող տարվա բյուջեով աշխատավարձերի եւ կենսաթոշակների, նպաստների ավելացումներ չեն նախատեսվում, բնակարանաշինության ոլորտում ծախսեր են կրճատվելու եւ առանձնապես այնպիսի քայլեր նախատեսված էլ չեն, որպեսզի բնակչության կենսամակարդակը բարելավվի: Տնտեսական աճը եկող տարի կանխատեսվում է 3,2%. սա այն ցուցանիշը չէ, որի շնորհիվ հնարավոր լինի մեր երկրում կյանքն էլ ավելի լավը դարձնել:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին 2017-ի բյուջեի նախագծի վերաբերյալ ասել է. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ եւ մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, շատ ակտուալ են»:
Եկող տարվա բյուջեի նախագծով եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 210 միլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 360 միլիարդ դրամ, իսկ պակասուրդը 150 միլիարդ դրամ է: Իսկ 2016-ի բյուջեով եկամուտները, ինչպես հաստատել է Ազգային ժողովը, 1 տրիլիոն 186 միլիարդ դրամ են, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 377 միլիարդ դրամ, դեֆիցիտը 190,7 միլիարդ դրամ է: Համեմատելով 2016 եւ 2017 թվականների բյուջեներով նախատեսված եկամուտների թվերը՝ վարչապետի ասաց՝ եկամուտների 70 միլիարդ աճը չի ստացվում, ավելի պակաս է լինում, սակայն կարելի է ենթադրել, որ այդ 70 միլիարդը մատնանշելով՝ վարչապետը, գուցե, նկատի է ունեցել ստվերը դաշտ բերելը, քանի որ օրեր առաջ հենց ինքն էր ասել՝ «Եթե ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք՝ երկիրը երկիր չենք դարձնի»:

Պետական բյուջեի եկամուտների մասով՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերը նախատեսվում են 1 տրիլիոն 135 միլիարդ դրամ, պաշտոնական դրամաշնորհները՝ 30,9 միլիարդ դրամ, այլ եկամուտները՝ 44,1 միլիարդ դրամ:

Ըստ 2017-ի պետական բյուջեի նախագծի՝ 150 միլիարդ դրամ դեֆիցիտը նախատեսվում է ֆինանսավորել ներքին աղբյուրների հաշվին՝ 71 միլիարդ դրամով, իսկ արտաքին աղբյուրների՝ 79 միլիարդ դրամով:

Ինչ վերաբերում է առանձին ոլորտների հատկացումներին, ապա ըստ եկող տարվա բյուջեի նախագծի՝ «Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում, ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ, արտաքին հարաբերություններ» գծով նախատեսվում է ծախսել 78,8 միլիարդ դրամ. սա մոտ 7 միլիարդով պակաս է այս տարվա նույն ոլորտին հատկացված գումարից:
«Օրենսդիր եւ գործադիր մարմիններ, պետական կառավարում» ոլորտի ծախսերը եկող տարվա բյուջեի նախագծով կկազմեն 21 միլիարդ դրամ, այս ոլորտի ծախսերն այս տարվա համեմատ նվազեցվում են 1 միլիարդից ավելի դրամով: Նախագծում «Ֆինանսական եւ հարկաբյուջետային հարաբերություններ» դասում նախատեսվում է հատկացնել 43,5 միլիարդ դրամ, այս տարի հատկացվել է 48,3 միլիարդ դրամ, «Արտաքին հարաբերություններ» դասում այս տարվա համեմատ գրեթե նույն գումարն է՝ 14 միլիարդ դրամ:

Եկող տարի պաշտպանության ոլորտին հատկացվող գումարներն ավելանում են մոտ 1 միլիարդ դրամով, 2017-ին պաշտպանությանը կտրամադրվի 209,7 միլիարդ դրամ, որից 202 միլիարդը տրամադրվելու է ռազմական պաշտպանությանը, այս ոլորտին էլ հասանելիք գումարը մյուս տարի մի փոքր կավելանա: Այս տարվա համար ռազմական պաշտպանությանը տրամադրվել է 200,3 միլիարդ դրամ: Իսկ արտաքին ռազմական օգնություն դասում նախատեսվում է հատկացնել 164 միլիոն դրամ, այս ծախսն էլ 5 միլիոնով է կրճատվել եկող տարվա համեմատ:

«Հետազոտական եւ նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում» 1,6 միլիարդ դրամ կտրվի եկող տարի, այս տարի էլ նույն ծավալի գումար է հատկացվել այդ ոլորտին:

«Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող)» ոլորտի եկող տարվա համար նախատեսվում է հատկացնել 5,9 միլիարդ դրամ, այս տարի էլ գրեթե նույն գումարն է հատկացվել այս ուղղությամբ:

Մյուս տարի հասարակական կարգ, անվտանգություն եւ դատական գործունեություն ոլորտին նախատեսվում է հատկացնել 101,7 միլիարդ դրամ, այս տարի 100,3 միլիարդ է: Ոստիկանությանը կհատկացվի 40 միլիարդ դրամ, հասարակական կարգ եւ անվտանգություն՝ 63 միլիարդ. եկող տարի այս երկու ոլորտներին հատկացվող գումարները մի փոքր ավելանում են՝ մոտ 1 միլիարդով յուրաքանչյուրին: Ազգային անվտանգությանը բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 19,9 միլիարդ դրամ, պետական պահպանությանը՝ 2 միլիարդ, փրկարար ծառայությանը՝ 8 միլիարդ, Դատական գործունեություն եւ իրավական պաշտպանություն՝ 11 միլիարդ, դատարաններ՝ 10 միլիարդ, իրավական պաշտպանություն՝ 658 միլիոն, դատախազություն՝ 3,6 միլիարդ, կալանավայրերի համար կհատկացվի 8,5 միլիարդ, այս ոլորտին այս տարի 9 միլիարդ է հատկացվել, նախաքննություն դասով հատկացվելու է 6,3 միլիարդ դրամ, այս տարվա համեմատ գրեթե նույն գումարն է:

Բնակարանաշինություն եւ կոմունալ ծառայություններ հոդվածով ծախսերը հաջորդ տարվա համար բավականին կրճատվել են այս տարվա համեմատ, 2017-ին նշված ոլորտի ծախսերի համար նախատեսվում է հատկացնել 13,5 միլիարդ դրամ, իսկ այս տարի այդ գումարը 28.6 միլիարդ դրամ է: Եկող տարի առողջապահության ոլորտի ծախսերն էլ մի փոքր քիչ կլինեն, քան այս տարի. եկող տարի 85,6 միլիարդ դրամ է հատկացվելու այս ոլորտին, այս տարի այն կազմել է 86 միլիարդ դրամ: 2017-ին կրթության ոլորտի համար նախատեսվող ծախսերը 128 միլիարդ դրամ են, այս տարի նույն ոլորտին հատկացվել է 132 միլիոն: Սոցիալական պաշտպանության ոլորտին մյուս տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է տրամադրել 408,4 միլիարդ դրամ, այս տարի հատկացվել է 405,3 միլիարդ դրամ:

Կառավարության պահուստային ֆոնդն, ըստ 2017-ի բյուջեի, նախագծով կկազմի 8,3 միլիարդ դրամ, այս տարի այն 8 միլիարդ է:

 
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31