Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը զարմացած էր

Հոկտեմբեր 06,2016 15:00

Հայ պատմաբանների սեղանին դրված գիրքը նաեւ բացառիկ հայի՝
Արա Բերքյանի մասին է

Ավ. Իսահակյանի գրադարանում Լիզա Աբրահամյան-Բերքյանի թարգմանությամբ լույս տեսած Էննո Մեյերի եւ Արա Յ. Բերքյանի «Հռենոսի եւ Արաքսի միջեւ. 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ» ուսումնասիրության շնորհանդեսին ներկա Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասաց. «Որպես դիվանագետ գիտեի միայն 50, 100 տարվա պատմությունը: Դուք ներկայացրել եք 900 տարվա պատմությունը: Մեծացել եմ Գերմանիայում, չեմ լսել հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության մասին. դա մեր պատմության դասագրքերի մաս չի կազմել: Այդ թեմայի մասին ոչ միայն չի խոսվել, այլ՝ արգելվել էր: Այս գիրքը կարեւոր է նաեւ Գերմանիայի համար, կարեւոր է հայերի հետ կապված պատմությանն առնչվելը»:

Գիրքն ընդգրկում է հայ-գերմանական հարաբերությունների ավելի քան 900 տարիներ, որոնց մասին, ինչպես խոստովանեցին ներկա պատմաբանները, հայ պատմագրությունն անգամ տեղյակ չի:

«Ամուսնուս անձնական արխիվից տեղեկացա, որ Կիլիկիայի կաթողիկոս Գարեգին Բ-ն, հետագայում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ն, ում հետ ընտանեկան մտերմություն ուներ, պատրաստակամություն էր հայտնել գրքի հայերեն տարբերակը Անթիլիասում տպագրելու: Կաթողիկոսն ասել էր. «Մենք չենք կրնար գերմաներեն կարդալ եւ ամբողջական գաղափար կազմել, մեր վերջնական որոշումը պիտի կարենանք տալ, եթե ունենանք անոր թարգմանությունը»,- ասում է թարգմանիչը:
Ուսումնասիրությունը բաղկացած է երկու մասից:

Ըստ թարգմանչի, առաջին մասն ընդգրկում է Մեյերի հատվածը՝ 20 գլուխ, որը սկսվում է հայ եւ գերման ժողովուրդների վաղնջական ժամանակների շփումներից, հասնում մինչեւ 1922 թվականը: Իսկ Բերքյանի հատվածը՝ բաղկացած 28 գլխից, ներկայացնում է 1922 թվականից մինչեւ գրքի տպագրվելը:

Առաջին մասում ներկայացված էին վաղնջական ժամանակների ավանդազրույցները, մասնավորապես, «Հայկական սրբերի պաշտամունքը Գերմանիայում» եւ «Հայերը բավարական տոհմական ավանդազրույցում»:
Լիզա Աբրահամյան-Բերքյանը անդրադարձավ Առաջին համաշխարհային պատերազմին, հայերի հիասթափություններին:

Ըստ նրա, անբարենպաստ մթնոլորտ էր ստեղծվել հայերի նկատմամբ. «Բերքյանը հիշել էր անձերի, այդ թվում՝ ցեղաբան, ազգագրագետ Ֆելիքսո Լուշանի անունը, հայերի մարդաբանական կերպի մասին, որի մասին սուր քննարկումներ են եղել Երրորդ Ռայխի առաջին տարիներին:

1933թ.-ին, երբ Հիտլերը զավթեց իշխանությունը, Ռայխի ներքին գործերի նախարարությունում հիմնվեց ռասաների գերատեսչություն, որի խնդիրն էր որոշել ոչ միայն առանձին քաղաքացիների, այլեւ ամբողջ ժողովուրդների «արիական» ծագումը: Բոլոր մարդիկ եւ փոքրամասնությունները, որոնք հստակ շիկավուն չէին, ընկան օտար ռասայի շարքում դասվելու վտանգի տակ, որն իր հերթին կարող էր հանգեցնել ծանր հետեւանքների եւ որի դեմ պետք էր պայքարել»:

Ի դեպ, այդ ժամանակ գործում էր հայ-գերմանական ընկերությունը, որի նախագահն էր Պաուլ Ռոհրբախը:

1933թ. սեպտեմբերի 29-ի վճռի համաձայն, Գերմանիայի համար որոշվեց՝ «հայերը՝ ըստ պետական պաշտոնեության վերականգնման մասին օրենքի, «արիացիներ են»:
Թարգմանչուհին ասաց, թե արեւելյան լեգեոնների պատմությունը թարգմանելիս, իր սրտի վրայով անցել են լեգեոնականների ուղղությամբ արձակված գնդակները:
Ինչպես գրքի խմբագիր Դավիթ Մկր-Սարգսյանն ասաց. «Հայկական լեգեոնի մասին պատմությունն առանձին գիրք է այս գրքի մեջ»:

Գրքի արժանիքը թերեւս նաեւ այն է, որ հեղինակները, մասնավորապես, Արա Յ. Բերքյանն իրենց օգտված աղբյուրները բարեխղճորեն նշել են, գրքում նշված է 117 գերմանական գրականությունից, ռազմական, պետական, մասնավոր նյութ:
Նշվեց, որ Արա Յ. Բերքյանը հարցազրույցներ է ունեցել հայկական լեգեոնի զինվորների, նրանց հարազատների, գերմանացի սպաների հետ:

Գրքում կան քարտեզներ, գծանկարներ, որոնք նույնպես թարգմանված են:
Նշեմ, որ երկու տարի առաջ Հայաստանում լույս տեսավ նաեւ Արա Յ. Բերքյանին նվիրված «Արա Յ. Բերքյան» կենսագրական հոդվածներ, նամակներ, մատենագիտություն» ժողովածուն:

Ճարտարապետը երազում էր Շուշիում տուն ունենալ: Թարգմանչուհու քույրը՝ ազատամարտիկ, լրագրող Շուշանիկ Աբրահամյանը հիշեց, որ նա 1988թ.-ին եղել է Հայաստանում, իսկ Արցախում լինելով՝ գիտեր ամեն մի քարի, թփի պատմությունը, որը նույնիսկ այնտեղ բնակվողները չգիտեին. «Նրանց համատեղ կյանքը կարճատեւ էր: Հետմահու բարեկամությունը շարունակական: 60-ամյա ամուսնու մահն անակնկալի բերեց եւ փորձության ենթարկեց Հայաստանից Գերմանիա տեղափոխված կնոջը: Միեւնույն ժամանակ նրա նկուն ուսերին ընկավ ծանր պարտականություն, ամուսնու թողած գիտամշակութային հարուստ ժառանգությունը հանրությանը ներկայացնելը: Խոնարհվում եմ Արա Յ. Բերքյանի՝ մարդու, գիտնականի, ճարտարապետ-գիտնականի, հայագետի հիշատակի առաջ»:

Գրքի թարգմանիչը՝ Լիզա Աբրահամյան-Բերքյանը, ներկայացնելով գիրքը՝ ասաց, որ այն տպագրվել է «Տիգրան Մեծ» հրատարակչությունում, Գագիկ Հարությունյանի հովանավորությամբ:

Խմբագիրն է Դավիթ Մկր-Սարգսյանը:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի
Հ.Գ. Ի դեպ, միջոցառումը համընկավ Գերմանիայի վերամիավորման օրվա հետ: Մասնակիցները դիմելով դեսպանին, չթաքցրին, որ մի օր էլ հայերս կունենանք երկու Հայաստանների վերամիավորման օրը, եւ պատմական արդարությունը կվերականգնվի:

 

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31