Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մոտ են գնում՝ ընտանեկան վեճեր հարթեցնելու

Հոկտեմբեր 06,2016 10:49

Սյունեցի պատգամավորը՝ ԶԼՄ-ների պատմած
«հեքիաթների» եւ «իրական» Սուրիկ Խաչատրյանի մասին

«Ես ձեզ մի գաղտնիք ասեմ: Ես շատ հաճախ Սուրիկ Խաչատրյանի հետ զբոսնում եմ Գորիս քաղաքում: Այնտեղ նրա շատ ընկերներ, թեկուզ անծանոթներ, պատկերացրեք, եթե մարդուց վախենան, այդ մարդու հետ պետք է նախ առաջինը դիստանցիա պահեն եւ, բնականաբար, այդ մարդու հետ պետք է խոսեն կմկմալով, կակազելով եւ այլն: Բայց շատ-շատ մարդիկ մոտիկանում են նրան, ուղղակի ձեռքով բարեւում են եւ ասում՝ Սուրիկ ջան, ինչպե՞ս ես: Եթե դա համարում եք վախի մթնոլորտ՝ բրավո: Դա ընդամենը հարգանքի մթնոլորտ է»,- «Առավոտի» հետ զրույցում Սյունիքից ընտրված պատգամավոր Հայկ Գրիգորյանն այսպես պատասխանեց մեր հարցին՝ Սյունիքում վախի մթնոլորտի, Սուրիկ Խաչատրյանի տարածած ահ ու սարսափի մասին:

Հայկ Գրիգորյանը պատմեց, թե ինչքան ընտանիքների է օգնել Սուրիկ Խաչատրյանը. «Մարդը շատ մարդկանց օգնում է, հասնում է՝ լինի ցանկացած խնդիր: Ընտանեկան վեճերն էլ են էդ մարդու մոտ գալիս՝ հարթեցնելու նպատակով: Լուրջ բան եմ ձեզ ասում, ես իմ աչքի տեսածն եմ ասում: Երբ որ մարդը սրտացավորեն է մոտենում, կարողանում է լսել: Լսելու կարողություն ունի այդ մարդը, բոլորին լսում է հատ առ հատ, բոլորի հետ խորհրդակցում է»:

Նա ասաց, որ Երեւանում թյուր կարծիք կա, թե Սուրիկ Խաչատրյանը լսելու ընթացքում կարող է հանկարծ ինչ-որ պոռթկումներ ունենալ. «Դրանք սաղ հեքիաթներ են, ասեմ ձեզ: Ձեր կողմից մտածված է, որպեսզի ձեր աուդիտորիան եսիմ ինչ բաներով լցնեք: Մի անգամ նույնիսկ իմ ընկերոջ հետ ես առաջարկեցի այդ հանդիպումները Սուրիկ Խաչատրյանի մի հատ նկարենք գաղտնի կերպով առանձին եւ տանք մեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ընկերս ասեց՝ մի անհանգստացի, Հա՛յկ ջան, մեկ է, ԶԼՄ-ները ասելու են՝ էդ սարքած է, հատուկ արված է: Նման բան չկա, էլի, ոնց ձեզ ասեմ»:

Մենք ճշտեցինք` ուզում եք, որ իրական Սուրիկ Խաչատրյանի՞ն մարդիկ ճանաչեն, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Այո, իրականին, այլ ոչ թե ինչքան բացասական ԶԼՄ-ներում պտտվող էմոցիաներ, պոռթկումներ կան՝ լցնեք ժողովրդի գլխին»:
Մեր դիտարկմանը, որ այդ ամենը քրեական գործերից է գալիս, նաեւ հիշեցրինք, թե ինչեր էր իր բանդայի, հանցագործությունների մասին պատմում Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, Հայկ Գրիգորյանն արձագանքեց. «Ձեր ասած Սամվել Հարությունյանը ասում էին՝ այդ մարդը քնում, վեր էր կենում, մի պատմություն հորինած: Հիմա այդ նույն Սամվել Հարությունյանն այս պահին Սուրիկ Խաչատրյանի կողքին է կանգնած, աջակցում է նրան բազում հարցերում, ինչո՞ւ եք ինձ ուզում տանել քննարկումների այդ հորձանուտը»:

Մեր դիտարկմանը, որ Սամվել Հարությունյանն ինչ ասել է՝ հրապարակավ չի հերքել, չի ասել, որ ստել է, հորինել է ինչ-որ նպատակով, ուղղակի ասել է, որ հիմա այլեւս այդ թեման փակում է, եւ որ իրենց վեճը հարթվել է, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Հազար ներողություն, եթե ես ձեզ պաշտոնապես հրապարակայնորեն անվանեմ հանցագործ, եւ եթե ես գալիս եմ ձեր կողքին կանգնում, ուրեմն կամ ես զրո բարոյական քաղաքական գործիչ եմ, կամ էլ ես ինքս եմ հանցագործ»:

Նա ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը հանցագործ կհամարվեր, եթե լիներ դատարանի օրինական վճիռ. «Հանրային ընկալումը… մարդկանց գլխուղեղներում տալիս եք բացասական կերպար, ասում եք՝ այս մարդը հանցագործ է: Երբ փաստերով չի ապացուցվում դա, բարի եղեք ԶԼՄ-ներով ասեք՝ ես ներողություն եմ խնդրում, ոչ թե մոռացության տվեք: Այդ կուլտուրան չկա: Գաղջ մթնոլորտից խոսենք, էլի»:
Հայկ Գրիգորյանը Սուրիկ Խաչատրյանին գովելու համար նույնիսկ իրեն փնովեց: Նրա խոսքերով՝ «Որպես այնտեղից ընտրված պատգամավոր՝ կարող եմ փաստել, վկայել, որ Սուրիկ Խաչատրյանը, կոնկրետ իմ տարածաշրջանում՝ իմ աչքերով տեսած, կատարում է շատ լուրջ գործունեություն: Որպես մարզպետ, նա տարեկան կարողանում է մի քանի անգամ այցելել այդ տարածաշրջանները: Ես ուզում եմ բացասական կերպով նշել, չեմ ուզում ասել՝ մեղավոր եմ կամ անմեղ, բայց այս 5 տարվա ընթացքում ես չեմ կարողանում, չեմ հասցնում անգամ այցելել այն տարածաշրջանները, որտեղից ընտրվել եմ, որքան Սուրիկ Խաչատրյանը՝ 1 տարվա ընթացքում: Կարող եմ ինքնաքննադատաբար մոտենալ եւ ասել՝ այո, մեղավորը ես եմ, որ չեմ հասցնում: Նա շատ լուրջ աշխատանք է այնտեղ իրականացնում՝ հանդիպում մասնավոր ներդրողների հետ: Դուք գիտեք, որ մեր բյուջեն շատ սուղ միջոցներ ունի:

Մեր բյուջեով նախատեսված միջոցներով հնարավոր չէ գյուղում ամբողջովին վերանորոգել դպրոց, մշակույթի տուն, ասֆալտապատում, ոռոգման համակարգ, լուսավորություն: Սա հիմնական խնդիրներն եմ ձեզ ասում, էլ ուր մնաց՝ լուսավորության հարցը, կոմբայն, տրակտոր եւ այլն: Այդտեղ մասնավոր ներդրումներ են պետք: Այդ մարդը մասնավոր ներդրողներ է հրավիրում, լուծում է տալիս այդ հարցերին: Այդքանը կարող եմ փաստել: Իսկ մերձավոր շրջապատի մասին ոչինչ չեմ ուզում խոսել: Ես գնահատում եմ Սուրիկ Խաչատրյանին՝ որպես մարդ, ՀՀ քաղաքացի, մարզպետ»:
Հայկ Գրիգորյանը համաձայնեց, որ պասիվ պատգամավոր է, ասաց, որ այսուհետեւ ակտիվ է լինելու, որովհետեւ արդեն ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ է. «Ես ձեզ մի գաղտնիք էլ կարող եմ ասել՝ պատգամավորի ակտիվությունը ես հասկացա, որ շատ կարեւոր է իր հանձնաժողովից: Ես եղել եմ Եվրաինտեգրման հանձնաժողովում, հիմա՝ Պետաիրավական: Ես շոուներ չսիրող մարդ եմ, որ երբ շոու է լինում, վեր կենամ, ինչ-որ ելույթների հակապատասխանեմ: Հազարից մեկ, երբ իմ տարածաշրջանից ինձ դիմում է մի համայնքապետ եւ այլն, ես միկրոֆոնով բարձրաձայնում եմ»:

 

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ.- Երեկ հերթական անգամ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին ազատելու են պաշտոնից: Պաշտոնապես դա չի հաստատվել: Այսօր կառավարության նիստն է, եւ սպասվում է նաեւ այդ հարցի քննարկումը:

 

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31