Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոշոր հեքիաթ մըն է Աղթամարի նորոգությունը»

Հոկտեմբեր 06,2016 14:00

Ըստ պոլսահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլու-Մելքոնյանի,
իրենց աջակցել են Հայաստանի մասնագետները

Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հայկական ճարտարապետության կոթողներից է, որը ժամանակին եղել է Հայաստանի հոգեւոր խոշոր կենտրոն Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասը: Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 915-921 թվականներին՝ ճարտարապետ Մանվելի կողմից:
2007թ. Թուրքիայի կառավարության որոշմամբ Աղթամարի Սուրբ Խաչը վերանորոգվել է, իսկ 2010-ի սեպտեմբերի 19-ին, 95 տարվա ընդմիջումից հետո, եկեղեցում տեղի է ունեցել պատարագ: Սեպտեմբերի 30-ի գիշերն էլ եկեղեցու գմբեթի վրա խաչ է դրվել, մի բան, որ մինչ այդ թուրքական կառավարությունը հրաժարվում էր անել:
2013 թվականի սեպտեմբերի 8-ին իբրեւ թանգարան գործող եկեղեցում մկրտություն է տեղի ունեցել:

Ի տարբերություն ոմանց, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը քանիցս կարծիք էր հայտնել, որ եկեղեցու վերանորոգումն իրականացել է բարձր մակարդակով:
Վերջերս «Առավոտը» Ստամբուլում հանդիպեց պոլսահայ հայտնի ճարտարապետ Զաքարիա Միլդանօղլու-Մելքոնյանի հետ, որը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնող ճարտարապետն է, նաեւ ժամանակ առ ժամանակ հոդվածներով հանդես է գալիս «Ակոսում»:

«Առավոտի» հետ զրույցում ճարտարապետը նշեց. «Խոշոր հեքիաթ մըն է անիկա՝ Աղթամարի նորոգությունը»: Նա պատմեց, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ շաբաթական երեք օր այնտեղ է անցկացրել: Չմոռացավ նշել, որ իրենց անչափ օգտակար են եղել հայաստանցի մասնագետները՝ ճարտարապետները, ճարտարագետները, լեզվաբանները, պատմաբանները, կրոնական շենքերի մասնագետները:

Զաքարիա Միլդանօղլու-Մելքոնյանը շատ կարեւորում է համատեղ մշակութային եւ հասարակական ձեռնարկների իրականացումը, ասում է՝ փոքր, թե մեծ գործողություն այս պարագայում շատ կարեւոր է: Նա անչափ հուզված էր, որ հայկական ճարտարապետության մարգարիտներից մեկը վերջապես կարող է հավուր պատշաճի ներկայանալ այցելուներին:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Զաքարիա Միլդանօղլու-Մելքոնյանի լուսանկարը՝ հեղինակի:

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31