Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական արժեքներ

Հոկտեմբեր 06,2016 13:30

Եվրոպայի՝ որպես որոշակի արժեքների վրա հիմնված քաղաքական միավորի գաղափարի ձեւավորման համար տեւական ժամանակ է պահանջվել, թեեւ հեռավոր անցյալում երբեմն գոյություն է ունեցել որոշակի գիտակցություն այն մասին, թե ինչպիսի դեր ունի քաղաքակրթություններին բնորոշ արժեհամակարգը, բացի նրանց ռասայական պատկանելության, իշխանավորի նկատմամբ հավատարմության, կրոնական ավանդույթների կամ որոշակի հողերի տիրապետման հատկանիշներից: Հին հույներին, օրինակ, բնորոշ էր նաեւ քաղաքական ազատությունը՝ ի տարբերություն բռնատիրության, որի հետ նրանք ասոցացնում էին իրենց սահմաններից դուրս գտնվող աշխարհը:
Սակայն, չնայած եվրոպական ժողովուրդների միջեւ առկա ընդհանրություններին, դարեր պահանջվեցին, որպեսզի արժեքները վերածվեին այն անկյունաքարի, որի շուրջը կձեւավորվեր եվրոպական ինքնությունը:

Լուսավորության ժամանակաշրջանը խթանեց այն նոր գաղափարների զարգացումը (բերեց նոր գաղափարներ), որոնք խիստ կապված էին մարդկային արժեքների հետ: Այդ գաղափարները տարածում ստացան՝ ձգտելով համընդհանրության:

XIX դարում, ի վերջո, Եվրոպան ականատես եղավ հեղափոխությունների հաղթանակների: Հեղափոխություններ, որոնց արդյունքում ստեղծվեցին ազգային պետություններ՝ որպես առանձին լեզվական եւ մշակութային միավորներ: Այս նոր միավորները ծնվեցին՝ առաջ քաշելով հիմնարար արժեքներ, որոնց շարքում առանձնակի տեղ էր զբաղեցնում ազատությունը: Դեռեւս 1834 թվականին իտալական պետականության հայրերից մեկը՝ Ջուզեպպե Մացցինին, պաշտպանում էր դաշնային Եվրոպայի գաղափարը՝ այն համոզմունքով, որ իտալական շարժումը պետք է իր տրամաբանական շարունակությունը գտներ հանուն ազատության մղվող համաեվրոպական հեղափոխական շարժման մեջ: Այդ նպատակով նրա հիմնած «Երիտասարդ Եվրոպա» հեղափոխական միավորումը համախմբեց քաղաքական փախստականների Իտալիայից, Լեհաստանից եւ Գերմանիայից:

Հարկ է հիշել նաեւ, որ XIX դարում լուրջ զարգացումներ տեղի ունեցան միջազգային իրավունքի ասպարեզում: Նույն դարի վերջում ստեղծվեց Միջխորհրդարանական միությունը, որը դարձավ միջազգային վեճերը խաղաղ միջոցներով լուծելու կառավարություններին խրախուսելու առաջին համակարգված փորձը:
Քսաներորդ դարի մեծ ցնցումները եւ դրանց հետեւանքով առաջացած բարոյահոգեբանական պրպտումները ի հայտ բերեցին իրապես առաջատար արժեքներ՝ որպես ավելի լավ աշխարհ ստեղծելու նախադրյալ, որը հիմնված կլինի ոչ միայն խաղաղության եւ ազգերի միջեւ համագործակցության, այլեւ այնպիսի սկզբունքների վրա, որոնց շնորհիվ այդ համագործակցությունը կարող է զարգանալ նաեւ վերազգային մակարդակով:

Խաղաղության եւ արդարության համընդհանուր կանոնի աճող փնտրտուքին զուգահեռ կամ, թերեւս, որպես վերջինիս հետեւանք, միասնական Եվրոպայի գաղափարը սկսեց ավելի բացահայտ կերպով օգտագործվել: 1921թ., օրինակ, Ֆրանսիայի վարչապետ Արիստիդ Բրիանն առաջ քաշեց Դաշնային Միության գաղափարը: Այնուհետեւ, որոշ ժամանակ անց, Ուինսթոն Չերչիլը գրեց մի հոդված, որտեղ նա շրջանառության մեջ դրեց Եվրոպայի Միացյալ Նահանգների գաղափարը` որպես եվրոպական մայրցամաքում վտանգավոր անկայունության դեմ սպեղանի:

Երկրորդ աշխարհամարտը արժեքների խնդիրը էլ ավելի հրատապ եւ գլոբալ դարձրեց: 1948 թ. պետությունների ճնշող մեծամասնությունը ստորագրեց Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը: Եվրոպայի Խորհուրդը ձգտում էր հասնել անդամ պետությունների միջեւ ավելի սերտ միասնության՝ նպատակ ունենալով պահպանել եւ իրագործել ընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալներն ու սկզբունքները եւ նպաստել տնտեսական ու սոցիալական առաջընթացին: Կազմակերպությանն անդամակցումը բաց էր ցանկացած եվրոպական պետության համար, որն ընդունում էր օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սկզբունքները:

Հենց նման բեկումնային զարգացումների սկզբնավորման ժամանակաշրջանում էր, որ Շումանը շրջանառության մեջ դրեց Եվրոպական նախագիծը. 1950 թ. Ածխի եւ Պողպատի Եվրոպական Համայնքի ստեղծումը կյանք տվեց մի հաստատության, որը զուտ տնտեսական խնդիրներից բացի, արձագանքում էր ժամանակի ոգուն՝ ձգտելով վերազգային կառույցների միջոցներով խաղաղություն, զարգացում եւ ժողովրդավարություն հաստատել Եվրոպայում: Եվ այն իրապես դարձավ ժողովրդավարական եւ վերազգային համայնքի առաջին օրինակը:
Այդ պահից ի վեր, հավատարմությունն այնպիսի արժեքներին, ինչպիսիք են ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները, դարձել է եվրոպական համայնքներին միանալու համար պարտադիր պայման:

Լիսաբոնի համաձայնագրի նախաբանում կարեւորվում է արժեքների դերը: Հետաքրքրական է նշել, որ տեքստում հղում է կատարվում «…Եվրոպայի մշակութային, կրոնական եւ հումանիստական ժառանգությանը, որից սկիզբ են առել համընդհանուր արժեքները՝ մարդու անձեռնմխելի եւ անօտարելի իրավունքներ, ազատություն, ժողովրդավարություն, հավասարություն եւ օրենքի գերակայություն»: Այլ կերպ ասած, Եվրոպայի մշակութային, կրոնական եւ հումանիստական ժառանգությունը չի ներկայացվում որպես Եվրոպան մնացած աշխարհից տարբերելու գործոն, այլ ընդհակառակը, այն բացահայտ կերպով կապվում է համամարդկային արժեքների ամրապնդման հետ:

Արժեքների հիմնարար բնույթը վերահաստատվել է նաեւ ԵՄ հիմնադիր անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ, երբ նրանք 2016 թ. փետրվարի 9-ին Հռոմում կայացած հանդիպմանը հայտարարեցին, որ «շատ սերունդների համար Եվրոպան պարզապես խաղաղության եւ փոխըմբռնման երազ է եղել՝ ուղեկցված մայրցամաքում համերաշխության, օրենքի գերակայության, ազատության, ժողովրդավարության, մարդկային արժանապատվության հույսով: Եվրոպական նախագիծը հնարավորություն ընձեռեց մեզ հենց այս սկզբունքները դնել Եվրոպայում մեր համակեցության հիմքում: Դրանց վրա են հիմնված նաեւ մեր անվտանգությունը, կայունությունը եւ բարգավաճումը: Դրանք են նաեւ մեր ընդհանուր ապագայի կապիտալը»:

Այսպիսով, եվրոպական արժեքները իսկապես համամարդկային արժեքներ են: Բայց կա՞ն, արդյոք, այնպիսի արժեքներ, որոնք առաջնահերթ են համարվում ԵՄ շրջանակներում: Որքանո՞վ են նրանք փաստացիորեն ընդհանուր Եվրոպայի ժողովուրդների համար:
2012թ. կատարված մի հետազոտության միջոցով Եվրոբարոմետրը փորձել է բացահայտել «եվրոպացիների արժեքները»՝ ձգտելով պարզել, թե արդյոք դրանք ընդհանուր արժեքներ են, եւ արդյոք որոնք են Եվրոպական միությանը վերագրվող արժեքները: Այն հարցին, թե որ արժեքներն են իրենք առավել կարեւորում, եվրոպացիները նախ եւ առաջ նշում են մարդու իրավունքները եւ հարգանքը մարդու կյանքի նկատմամբ, որոնց հաջորդում են խաղաղությունը, ժողովրդավարությունը, հավասարությունը, համերաշխությունը, հանդուրժողականությունը, ինքնաիրացումը, հարգանքը այլ մշակույթների նկատմամբ, կրոնը:

Եվրոպացիների հարաբերական մեծամասնությունը (49%) շարունակում է մտածել, որ համընդհանուր արժեքների առումով ԵՄ անդամ պետությունները շատ մոտ են միմյանց: Հետաքրքրական է, որ երիտասարդ եվրոպացիները շատ ավելի են հակված կարծելու, թե անդամ պետությունները արժեքների առումով այդչափ մոտ են: Բացի այդ, եվրոպացիների բացարձակ մեծամասնությունը գտնում է, որ ի տարբերություն այլ մայրցամաքների, շատ հեշտ է տեսնել, թե ինչ ընդհանրություններ ունեն եվրոպացիները արժեքների առումով:
Հետեւաբար, կարող ենք վստահորեն կրկնել, որ Եվրամիությունը մի իրականություն է, որը ձգտում է իր իսկ սահմանումը տալ ոչ թե ընդգծելով, որ տարբերվում է մնացյալ աշխարհից, այլ որն անկեղծորեն նվիրված է այնպիսի արժեքների, որոնք կիսում է մարդկային հասարակության ճնշող մեծամասնությունը՝ դրանց մեջ տեսնելով խաղաղության, կայունության եւ առաջընթացի միակ կենսունակ պայմանները:
Այս ամենի գիտակցումը դյուրացնում է փոխգործակցությունը եւ՛ Միության գործընկերների, եւ՛ այլ կողմերի հետ, ովքեր կիսում են երկխոսությանը եւ համագործակցությանը նպաստող համոզմունքները: Սա վերաբերում է նաեւ Հայաստանի Հանրապետությանը:

2015 թ. Ռիգայի գագաթաժողովին իր ելույթի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը, իր բարձր գնահատանքն արտահայտելով Միության կողմից յուրաքանչյուր երկրի նկատմամբ կիրառվող տարբերակված մոտեցման վերաբերյալ, կարեւորեց այն խորը համոզմունքը, որ բոլոր գործընկերները պետք է հավատարիմ լինեն ընդհանուր արժեքներին եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը՝ հավելելով, որ «Հայաստանի Հանրապետությունը հենց այդ ուղղությամբ է շարունակելու աշխատել»:

 
ՋՈՎԱՆՆԻ ՌԻՉՈՒԼԼԻ
Հայաստանում Իտալիայի դեսպան

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31