Ինջիրլիք ռազմաբազա կատարած այցի շրջանակներում Թուրքիայում գտնվող Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) պատվիրակությունը և թուրք պաշտոնյաները անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Թուրքական «İhlas» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Բունդեսթագի պաշտպանության հանձնաժողովի անդամներից կազմված պատվիրակությունը Ինջիրլիք մեկնելուց առաջ հյուրընկալվել է մեջլիսում, իսկ այնուհետև Գերմանիայի դեսպանատանը մամուլի ասուլիս է կազմակերպվել:
Ասուլիսի ժամանակ Գերմանիայի խորհրդարանի Պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կարլ Լամերսը նշել է, որ մեջլիսում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Դաշնային խորհրդարանի ընդունած Ցեղասպանության բանաձևը:
Լամերսը նշել է, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Քահրամանի և Դաշնային խորհրդարանի նախագահ Լամերտի միջև եղած մի նամակագրությունում ևս անդրադարձ է կատարվել տվյալ խնդրին: Փոխնախագահը հույս է հայտնել, որ այդ նամակագրությունում տեղ գտած տեսակետներն այսուհետ հայկական բանաձևի հարցում դրական զարգացումների հիմք կհանդիսանան:
«Որպես խորհրդարան՝ Դաշնային խորհրդարանը, բնականաբար, իրավունք ունի որոշակի դիրքորոշում ունենալու 100 տարի առաջ տեղի ունեցած այդ դեպքերի վերաբերյալ: Մենք հավատում ենք, որ ապագային պետք է նայել՝ ելնելով հենց այդ որոշման սկզբունքներից և պետք է միջոցներ ձեռք առնել, որպեսզի այդ դեպքերը այլևս չկրկնվեն», – ասել է Լամերսը: Նա նաև հույս է հայտնել, որ նշյալ սկզբունքով շարժվելու դեպքում հնարավոր կլինի կողմերի միջև դրական երկխոսություն ձևավորել:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում