Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Թուրքիա. կանոնակարգե՛լ միջպետական հարեւանությունը

Հոկտեմբեր 06,2016 12:00

Շատ ջրեր հոսեցին, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» օրերից: Սառը պատերազմից հետո փակ մնացած միակ սահմանը շարունակում է հայտնի քաղաքական պատճառներով մնալ անանցանելի, սակայն կյանքը մի շարք հարցեր է առաջ քաշում:

Թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում, թե՛ նրանց շուրջ շատ բան փոխվեց անցած տարիներին: Շատ է խոսվել, թե ինչու «ֆուտբոլային դիվանագիտությունը» չստացվեց, թե «ում դաշտում է գնդակը», եւ կրկնության կարիք ամենեւին էլ չկա: Այնուամենայնիվ, Հայաստանը եւ Թուրքիան՝ երկու հարեւան պետություններ, ժամանակի ընթացքին զուգահեռ՝ «հորիզոնական» կապեր են հաստատել եւ խորացնում են դրանք բազմաթիվ ոլորտներում, ինչը բնական է, սակայն միջպետական հարաբերությունները մնում են չկանոնակարգված:

Ոչ ոք այլեւս չի զարմանում, երբ հայ եւ թուրք հասարակական կամ մշակութային գործիչներ այցելում են հարեւան երկիր, երբ Երեւանի փողոցներում տեսնում ենք թուրքական բեռնատարներ, երբ Երեւան-Ստամբուլ եւ Ստամբուլ-Երեւան ավիաչվերթները ոչ միայն մնում են պահանջված, այլեւ վերջին տարիներին դարձան ավելի հաճախակի՝ ավտոբուսային ուղեւորափոխադրումներն էլ գումարած: Ոչ ոք այլեւս չի զարմանում, երբ Թուրքիայում վերականգնվում է հայկական մշակութային ժառանգության հերթական կոթողը, եւ այդ աշխատանքներին ներգրավվում են հայ մասնագետները, իսկ Հայաստանի քաղաքացիների հերթական խումբն այցելում է այս կամ այն՝ նախկինում հայաբնակ քաղաքը կամ գյուղը: Եվ այս ամենը տեղի է ունենում՝ անկախ նրանից, թե ինչ է հայտարարում պաշտոնական Անկարան, եւ դրան ինչպես է արձագանքում պաշտոնական Երեւանը:

Միջպետական հարաբերությունները հարեւանների միջեւ առաջին հերթին կանոնակարգի, ընթացակարգի հարց է՝ անկախ այդ հարաբերությունների «ջերմության աստիճանից»: Սա՝ ընդհանրապես: Իսկ երբ հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ, հայեր եւ թուրքեր պարբերաբար այցելում են հարեւան երկիր, ինչպե՞ս վարվել, եթե նրանցից մեկն, ասենք, հիվանդանա, կորցնի անձնագիրը, խնդիր ունենա ոստիկանության հետ, այլեւայլ միջադեպեր տեղի ունենան նրա հետ, ապահովագրական հարցեր: Սա կապ չունի ո՛չ քաղաքական տարաձայնությունների, ո՛չ, ասենք, Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ տարբեր մոտեցումների հետ եւ ո՛չ էլ նրա հետ, թե ինչպես դրան կվերաբերվի Ադրբեջանը կամ Ռուսաստանը: Սա զուտ Հայաստանի եւ Թուրքիայի խնդիրն է եւ անելիքը, որը թելադրված է ժամանակի պահանջով:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պատված են քաղաքական խնդիրների կամ «խնդիրների» հաստ շերտով, նույնիսկ՝ մի քանի շերտերով, որոնց «ձեռք տալուց» առաջանում է ցավ կամ աղմուկ, կա՛մ երկուսը միասին: Ուստի հարցերին լուծում տալը պահանջում է չափավոր եւ զգուշավոր, բայցեւ՝ հետեւողական եւ նպատակաուղղված քայլեր ժամանակից հետ չմնալու համար: Եվ սա հարցերի այն շրջանակն է, որտեղ ամենեւին էլ կարիք չկա որեւէ միջնորդների:

Սկզբի համար որոշ իրավական հարցերի լուծումը հեշտացնելու համար երրորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները կարող են այդ առաքելությունը վերցնել իրենց վրա, օրինակ՝ Շվեյցարիայի, Վրաստանի, Լեհաստանի, երկրների, որոնք գերտերություններ չեն եւ բնականոն հարաբերություններ ունեն թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի հետ:

Դժվար չէ եզրակացնել, որ տարբեր հարցերով տեխնիկական բնույթի մշտական երկխոսության «սովորական ռեժիմը» երկու պետությունների միջեւ կարող է հեշտացնել նույն «սովորական ռեժիմով»՝ այլ հարցերով քննարկումները, որոնք անհրաժեշտ են եւ անխուսափելի՝ ապագայում եւ ապագայի համար:

Անշուշտ, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների բազմաթիվ հայտնի քաղաքական ենթատեքստերը եւ համատեքստերը չեն կարող այդ քննարկումների արդյունքում մեկ օրում կամ մեկ տարում վերանալ: Եվ պաշտոնական Անկարայի դիրքորոշումը այս ամենի վերաբերյալ հայտնի է, հայտնի է պաշտոնական Երեւանի դիրքորոշումը, ինչպես նաեւ հայտնի է, թե ինչպես են վերաբերվում այս ամենին պաշտոնական Բաքուն եւ պաշտոնական Մոսկվան, ինչն անխուսափելիորեն թողնում է իր բացասական ազդեցությունը:

Հայաստանի՝ որպես պետության համար սա կարեւոր է քաղաքացիների անվտանգության, իրավական պաշտպանվածության տեսանկյունից, եւ սա այն հարթությունն է, որտեղ, անկախ քաղաքական տարաձայնություններից, Թուրքիայի հետաքրքրությունը կարծես թե նույնն է:

Բազմիցս է ասվել, որ հայ-թուրքական հարաբերությունները եւ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունները պետք է տարանջատվեն: Գաղտնիք չէ, որ առաջինի պարագայում խոսք է գնում հաշտեցման մասին, որը ներառում է պատմական, քաղաքական, մշակութային եւ իրավական հայեցակետեր, որտեղ հայեր ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլեւ Թուրքիայի՝ ծագումով հայ քաղաքացիների, հայկական Սփյուռքին, որը մեծապես Ցեղասպանության արդյունք է: Այս բոլոր շերտերը եւ հայեցակետերը անցյալի, ներկայի, ապագայի՝ ոչ մեկ օրվա, ոչ մեկ տարվա, ոչ էլ մեկ սերնդի լուծելու հարցեր են: Այլ է Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների պարագան, որն, ինչպես նշվեց, կանոնակարգի եւ աշխատակարգի հարց է, զուրկ է հուզականությունից եւ միտված է ներկային եւ ապագային եւ պահանջում է մշտական հանդարտ, «սովորական ռեժիմով» քայլեր գործնական հարթության վրա՝ առանց ավելորդ աղմուկի կամ քաղաքական դիվիդենդների:

Իհարկե, միջպետական հարաբերությունների մասին խոսելիս քաղաքական հայեցակետը դժվար է շրջանցել: Մեր շուրջը փոխվում է ամեն ինչ: Ռուսաստանը թուլանում եւ մեկուսանում է աշխարհից՝ սպասելով նոր ներքին ցնցումների, Իրանը բացվել է աշխարհին, Ադրբեջանի նավթիշխանության՝ պետրոկրատիայի հեռանկարները դառնում են ավելի մշուշոտ, Վրաստանի՝ եվրաատլանտյան վեկտորն այլեւս անշրջելի է, նաեւ համահունչ՝ ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի հաստատակամ տեղաշարժմանը դեպի Արեւելք եւ Սեւ ծովի ավազանում ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը:

Քառօրյա ապրիլյան պատերազմը հաղթահարած Հայաստանին անհրաժեշտ է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա նաեւ տարածաշրջանային թատերաբեմում: Եվ քաղաքական կարճատեսություն կլինի թուրքական «թեման» համարել փակված: Զինված հեղաշրջման խափանված փորձի, Սիրիայի ճգնաժամի, ներքին ահագնացող մարտահրավերների, Արեւմուտքի հետ տարաձայնությունների, Ռուսաստանի հետ երկիմաստ հարաբերությունների ֆոնին Թուրքիան չի կարող չշարունակել իր «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը: Իսկ Հայաստանն իր անելիքի «ծրագիր-մինիմումը» պետք է պատրաստի արդեն այսօր՝ փորձելով այն իրականություն դարձնել քայլ առ քայլ: Չէ՞ որ դա նաեւ մեր ազգային անվտանգության հարցն է: Իսկ, ասենք, Հունաստան-Թուրքիա, Բուլղարիա-Թուրքիա հարաբերությունները ցույց են տալիս, որ խոսքն ամենեւին էլ անիրականանալի բաների մասին չէ:

Ամենակարճ ճանապարհը ամենաերկար ճանապարհն է՝ ասում էին Հին Չինաստանում:
… Մի քանի տարի առաջ երկրորդ էշելոնի թուրք քաղաքական գործիչներից մեկը Երեւանում բնորոշելով թուրքական քաղաքականությունը՝ ասաց մոտավորապես հետեւյալը. աշխարհը քաղաքականության մեջ խաղում է շախմատ, իսկ Թուրքիան՝ նարդի, եւ չգիտես, թե հաջորդ քայլին «զառը» ինչ կբերի, իսկ բերելուց էլ՝ ինչպես կխաղա:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

05.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31