Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ օտար տերերն են զոռբայությամբ իշխել կամ հայ զոռբաներն են իշխել մեզ վրա». Հայր Կոմիտաս վարդապետ

Հոկտեմբեր 05,2016 19:55

Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն անդրադառնում է նախօրեին Վանաձորի Հայ-Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի ծեծի դեպքին:

Մեր հարցին, թե ինչու են սովորաբար ընտրությունները Հայաստանում ուղղորդվում միջադեպերով, ծեծկռտուքներով, հայր Կոմիտասը պատասխանեց. «Սա քաղաքական գործընթաց է, որը դժվար է  հասկանալ: Գուցե այդ ամենը գալիս է նրանից, որ մենք երբեւէ անկախ պետականություն չունենալով՝ չենք կարողացել ընտրապայքարը հասկանալ քաղաքակիրթ մակարդակի վրա, քանի որ կյանքում միշտ կամ օտար տերերն են իշխել զոռբայությամբ կամ հայ զոռբաներն են իշխել: Այսօր տեսնում ենք մոտավորապես  նման երեւույթ է իրականանում ամենուր՝ Գյումրիում ընտրապայքարում նույն ծեծկռտուքի մասին էին խոսում, ուրիշ քաղաքներում նույն ծեծկռտուքներն էին: Այսինքն, մարդիկ պայքարում են ոչ թե մտքով, իրենց գաղափարներով, այլ՝ ուժերով: Այդ ձեւով եղած առաջին իսկ պահից նույնիսկ նախագահական որոշ ընտրությունների ժամանակ ականատեսն էինք լինում նույն երեւույթներին: Մեզ պակասում է  քաղաքակիրթ կարգավիճակը, որ հասկանանք, որ պայքարը բռունցքներով չեն մղում, այլ գաղափարի պայքար է դա, որտեղ ընտրվում է  նա, ով կարողանում է  իր գաղափարներով ավելի համոզիչ լինել հասարակության համար: Որովհետեւ բռնի ուժերով եկած անձը, բռնի ուժով էլ պետք է կառավարի: Այ, ինչի ականատես ենք լինում այսօր»:

Անդրադառնալով Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի ծեծի դեպքին՝ Հայր Կոմիտաս վարդապետը շարունակեց. «Անգնահատելի երեւույթները չի կարելի գնահատել: Մի այնպիսի երեւույթ է, որի ամոթը մեզ է: Կարեւոր չէ հոգեւորական է, հոգևորական չէ, ամոթ է, երբ հայ մարդը իր եղբոր վրա ձեռք է բարձրացնում: Մենք միշտ վարժված ենք եղել, որ օտարն է հայ մարդու վրա ձեռք բարձրացնում: Իսկ երբ հայը հայի վրա է ձեռք բարձրացնում, նշանակում է, որ ինչ-որ բան խախտված է մարդկային փոխհարաբերության մեջ: Կապ չունի, թե այդ մարդը հոգեւորական է հայտարարվում կամ Աստծո Մարդ է հայտարարվում: Այնպես որ, դժվարանում եմ՝ ինչ-որ բան ասել այդ խնդրի հետ կապված:  Մի ճշտում, սակայն, այդ անձի՝ հոգեւորական ներկայացնելու վերաբերյալ, ընդհանրապես, Ավետարանական եկեղեցու հովվին կոչում են քարոզիչ, ոչ թե հոգեւորական»:

Մեր հարցին՝ քաղաքական պայքարում ինչով էր պայմանավորված հոգեւոր բնագավառի մարդկանց ներքաշումը, Հայր Կոմիտասը պատասխանեց. «Այն բոլոր կրոնական կառույցները, որոնք առաջին դեմքը չեն Հայաստանում, որովհետեւ Հայաստանն ունի իր առաջին եկեղեցին՝ Հայ Առաքելական եկեղեցին, ինչքան էլ որոշ քաղաքական գործիչներ, չեմ ուզում անուններ տալ, ուզում են հավատարմության մկրատ օգտագործելով՝ հավասարության գիծ տալ բոլոր աղանդավոր եւ ոչ աղանդավոր եկեղեցիներին կամ եկեղեցի անվանյալ կառույցներին՝ հավասարեցնելով մայր եկեղեցու հետ, այնուամենայնիվ, նման կառույցները փորձում են քաղաքական անձանց համագործակցությամբ ազդեցություն ունենալ նաեւ քաղաքական կյանքում: Ինչից պարզ է դառնում մի բան, որ դրսից մատուցված բոլոր կառույցները ոչ թե մտնում են հայ մարդու հոգեւոր աշխարհը ձեւավորելու, այլ հոգեւոր աշխարհի անվան տակ քաղաքական կյանքում իր ազդեցությունն ունենալու, ինչու չէ, նաեւ իրականացնելու այն ծրագրերը, որոնք իրենց առջեւ դրվում են»:

Հիշեցնենք, որ Ռաֆայել Գրիգորյանը նախօրեին, ըստ իր պատմածի, ծեծի է ենթարկվել «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի քաղաքապետի թեկնածուի կողմից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պումբա /ծիմոնը այլ կարծիքի էր/ says:

    Շատ լավ հոդված_ զրույց էր։միակողմանի )))։
    ստախոս անձի հեևթական մտքի փայլատակում// հենց առավոտն էր բացահայտել նրա ստախոս լինելի որոշ ժամանակ առաջ ԱԱծ մի գործով/;
    իրական ասելիքը հետևյալն էր-
    – միայն մեր եկեղեցին ա ճիշտը։
    մնացածը ֆոն էր ու սոուս։
    ինչի են սրա կարծիքը հարցնում՞։
    ավելի լավ չի հարցնել, թե օրինակ խի ես տենց ճարպակալել,՞սպորտով զբաղվի։
    բա ավանդական առաքելական եկեղեցուն սազական ա՞ չաղ տերտեր ունենալ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31