ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային պատկերասրահի և ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում գումարվել է գիտաժողով` նվիրված Ռուբեն Դրամբյանի ծննդյան 125-ամյակին: Արվեստաբան, թանգարանագետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Դրամբյանն անգնահատելի ավանդ ունի հայրենի մշակույթի զարգացման ասպարեզում: Նա Հայաստանի ազգային պատկերասրահի և հայ թանգարանագիտության հիմնադիրն է: Երկօրյա գիտաժողովի շրջանակում կներկայացվեն Ռ. Դրամբյանի` տարբեր արվեստագետների կողմից ստեղծած դիմանկարներ, ինչպես նաև կկայանա Ռ. Դրամբյանի հոդվածների համապարփակ ժողովածուի շնորհանդեսը. հեղինակ` Ռուբեն Դրամբյանի դուստր` Իրինա Դրամբյան:
Գիտաժողովին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Գտնվելով որմնանկարների այս փառահեղ դահլիճում, այսօր դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ դժվարություններով, ահռելի ջանքերով ու տիտանական աշխատանքով է Ռուբեն Դրամբյանը ստեղծել այս ամենը: Փորձենք պատկերացնել հեռավոր 1924 թվականը: Հողաշեն, հոգսաշատ, գաղթականներով լեցուն Երևան և այդ Երևանում Կերպարվեստի պետական թանգարանի բացում: Մի տեսակ ուտոպիստական ու տարօրինակ է թվում: Փորձենք պատկերացնել նաև Երևանը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսը դժվար թե ժամանակ և միջոցներ թողներ պատկերասրահի մասին մտածելու համար անգամ, բայց Ռուբեն Դրամբյանը հավատում և տեսնում էր այս օրը: Այսպիսի նվիրյալ գործիչների, ազգային մտածողությամբ օժտված մարդկանց շնորհիվ, նրանց հայրենասիրության և անձնազոհ նվիրվածության շնորհիվ է, որ այսօր մենք ունենք Հայաստանի ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան»,-մտավորականի 125-ամյակին նվիրված գիտաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
ՀՀ մշակույթի նախարարություն