Թբիլիսում սկսվել է ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության երթը Ռուսթավելի փողոցից դեպի քաղաքի կենտրոն: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր ավելի վաղ Թբիլիսիի Վարդերի հրապարակում տեղի էր ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների ցույցը: Ամբիոնից ելույթ են ունեցել կուսակցության առաջնորդները, իսկ Սաակաշվիլին Օդեսայից հավաքվածներին դիմել է հեռուստակամուրջի միջոցով: Կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ ցույցին հավաքվել է մի քանի տասնյակ հազար մարդ: Թբիլիսիի քաղաքապետի նախկին թեկնածու Նիկա Մելիան կոչ է արել հանրահավաքի մասնակիցներին շարժվել դեպի Ազատության հրապարակ, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայի մյուս ծայրին:
«Այսօր ամբողջ Վրաստանը ականատես եղավ մարդկանց խաղաղ ակցիայի, մարդկանց, ովքեր չեն ցանկանում շարժվել հակառակ ուղղությամբ և ապրել կեղծիքի մեջ, մարդկանց, ովքեր փոփոխությունների են սպասում, որոնք (փոփոխությունները- խմբ.) կգան մի քանի օրից»,- հայտարարել է Բաքրաձեն:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին: Հիմնական մրցակիցներն են նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք» և Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ