Վարչապետն ասաց, որ այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին ճիշտ չի լինի: Բայց վերջ-առաջ՝ պետական կառավարման համակարգը էֆեկտիվ դարձնելու համար մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Կարեն Շախմուրադյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեց. «Դուք ձեր ելույթում նշել էիք, որ պետական ապարատում պետք է ընդգրկվեն բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Իհարկե, ցանկալի է եւ ողջունելի, բայց ինչպես ինքներդ եք ասել՝ լավ կադրերը ամենուրեք պահանջված են: Այդ մարդիկ սովորաբար մասնավոր ոլորտում են աշխատում՝ բարձր վարձատրությամբ: Ինչպե՞ս եք հրապուրելու այդ մարդկանց պետական ծառայության անցնել, որտեղ վարձատրությունը անհամեմատ ցածր է»:
Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պայմանավորվել ենք, չէ՞, անկեղծ խոսել: Այդ հարցի պատասխանն է՝ չգիտեմ: Հա, իրոք, չգիտեմ: Պետք է մեջներից ընտրենք մարդկանց, որոնք առաքելություն են տեսնում: Եվ այս պահին խոսել պետական ծառայողի աշխատավարձի բարձրացման մասին, երբ որ մենք բազմաթիվ այլ խնդիրներ չենք լուծել, կարծում եմ, ճիշտ չի լինի: Բայց վերջ-առաջ՝ պետական կառավարման համակարգը էֆեկտիվ դարձնելու համար մենք անպայման այդ հարցին պետք է անդրադառնանք: Մենք չենք ունենալու որակյալ պետական կառավարիչներ: Դա իրականում խնդիր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ