Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանից մի պահանջ ունի` լուծել հետևյալ խնդիրը. «Այսքան ժամանակ նախարարությունը ոչ մի ժամանակակից օպերայի, բալետի պատվեր չի տվել: Մենք հաղթող երկիր ենք, բայց ոչ մի ստեղծագործություն գրված չէ նախարարության առաջարկով»:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այն հայտարարությանը, որ մշակութային տարբեր ոլորտներ պետք է ոչ թե գումար խնդրեն պետությունից, այլ կարողանան իրենք աշխատել ու մի բան էլ հարկեր վճարել պետությանը, Արամ Սաթյանը կտրուկ արձագանքեց. «Պետք է ներդնել, որ ստանալ: Պետք է գիտենալ ներքին խոհանոցը: Դա սխալ մտածելակերպ է»:
Պարոն Սաթյանը համեմատելով խորհրդային շրջանում ստեղծագործական միությունների աշխատողների վարձատրությունն ու այժմ, նշեց. «Այն ժամանակ իմ ստացած աշխատավարձով կարելի էր մեքենա գնել»: Հիշատակելով արվեստագետների չնչին աշխատավարձը` պարոն Սաթյանը վրդովվեց. «Ես կուզենայի որևէ նախարար 50-60.000 դրամ աշխատավարձ ստանար ու ապրեր»:
Ի տարբերություն Արամ Սաթյանի` Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ավելի լավատեսական ակնկալիքներ ունի. «Գրահրատարակչության խնդիրների լուծման ուղղությամբ նախկինում էլ աշխատանք տարվել է: Բայց մշակութային քաղաքականության ամեն մի փոփոխություն հույս է ծնում, որ լավ կլինի»:
Կարդացեք նաև
Դառնալով ֆինանսական հատկացումներին` պարոն Միլիտոնյանը վստահեցրեց, եթե բյուջեն չպետք է կարևորվի այնքան, որ դառնա ռազմավարական, ուրեմն ամեն ինչ սխալ կլինի»:
Պարոն Միլիտոնյանը համոզմունք հայտնեց, թե որևէ նախարար ի վիճակի չէ միայնակ որոշելու, թե ինչ պետք է արվի: Դրական արդյունքի հասնելու համար նախարարությունում պիտի հայտնվեն բանիմաց մասնագետներ, ոչ թե զուտ կատարողներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կրկին անգամ, պարոն Սաթյանը ընդգծեց իր սովետական մտածողությունը … Հարգանքով` Աշոտ Բաբայան