Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը բողոքում է «աջաբսանդալից»՝ ռեկտորի պաշտոնի պահանջները գրում են կոնկրետ մարդկանց համար

Հոկտեմբեր 05,2016 18:45

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը կառավարության անդամներին խորհուրդ տվեց՝ ժպտացե՛ք, Միեւնույն է, գիտենք, որ տնտեսության վիճակը շատ ծանր է: Վարչապետին էլ նա ասաց, որ ամենաշատը նրան է սազում ժպիտը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ վստահեցրեց, որ իր հարցը լսելուն պես՝ կժպտան, քանի որ խոսքը պետբյուջեից 21 մլն դրամի կորստի մասին է: Նա ասաց, որ կառավարությունը «Քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ին տրամադրել են արտոնյալ վարկ՝ գյուղատնտեսության համար՝ 21 մլն դրամ. «Վարկը չի վերադարձվել, չի մարվել: Նա հարցրեց՝ ո՞վ է տվել վարկը»:

Կառավարությունից հորդորեցին գրավոր հարցն ուղարկել՝ կպատասխանեն: Տեւական ժամանակ Տիգրան Ուրիխանյանը չէր համաձայնում հեռանալ խոսափողի մոտից՝ ասելով, որ հենց հիմա թող պատասխանեն, կոնկրետ հարց է:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հարցրեց, թե բուհերում գործող օրենսդրությամբ ինչ չափանիշներ են առաջադրում՝ ռեկտորի պաշտոնում տարբեր մարդկանց ընտրության հարցում: Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 22-ի նիստում կարճ անդրադարձել է դրան: Սամվել Ֆարմանյանը մեջբերեց, թե, օրինակ, ինչ չափանիշներ են գործում բուհերի կանոնադրության մեջ: ԵՊՀ-ի ռեկտոր կարող է ընտրվել այն պրոֆեսորը, որն ունի դոկտորի գիտական աստիճան: Պոլիտեխնիկական համալսարան՝ ռեկտոր կարող է ընտրվել այն ՀՀ այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի գիտությունների դոկտորի աստիճան կամ  պրոֆեսորի գիտական կոչում՝ վերջ: Հայկական պետական մանկավարժական համալսարանում ռեկտորի պաշտոնում կարող են ընտրվել նորից դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի գիտական կոչում ունեցող անձը:

Նա ասաց, որ սեպտեմբերի 22-ի նիստում կառավարությունը հաստատեց Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի կանոնադրությունը, որտեղ իր խոսքերով՝ «մեր ունեցած աջաբսանդալը դարձել է կատարյալ». «Ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել այն գործունակ չափահաս քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 10 տարվա պետական կառավարման կամ բուհում վարչական աշխատանքի ստաժ»:

Պատգամավորը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին հարցրեց՝ չե՞ք կարծում, որ սա կարգավորելու անհրաժեշտություն կա, մարդկանց մոտ ճիշտ տպավորություն է ստեղծվում, որ այս կանոնադրությունները գրվում են կոնկրետ մարդկանց համար:

Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ այդ «աջաբսանդալն» ուզում են փոխել եւ համալսարանի ինքնավարություն ձեւակերպել: Ըստ նախարարի, Բարձրագույն կրթության մասին օրենքով ի վերջո կկարգավորվի խնդիրը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Գյումրու մանկավարժականում նշանակված ռեկտորի պաշտոնակատարը բացարձակապես ոչ գիտնական է, ոչ մենեջեր: Լավ կլինի նախարար Մկրտչյանը քիչ օգտագործի համաշխարհային փորձ բառակապակցությունը, որովհետև պաշտոնակատար Մինասյանը միայն հանրապետական լինելու պատճառով է հայտնվել ռեկտորի աթոռին ու չկարողացավ պայքարել Գյումրու քաղաքապետի աթոռի համար: 3 ամիսների ընթացքում նա մանկավարժականին ահռելի վնաս է հասցրել, մոտ ապագայում էլ կկործանի: Բուհի կանոնադրությունն էլ առանց գիտական խորհրդում քննարկելու թաքուն ուղարկել է ԿԳՆ ու այնպիսի կետեր է մտցրել, որ միայն ինքը կարողանա ռեկտոր ընտրվել: Շատ վատ է, որ Լևոն Մկրտչյանը հովանավորում է նման մեկին, որը 20 տարվա ընթացքում քանդեց մարզի հանրակրթությունը և շատ պաշտոնյաների նման դարձավ գիտությունների թեկնածու: Նախարարը շատ է շահագրգռված, որ Մինասյանի նման պատահական մեկը ռեկտոր ընտրվի, լավ չէ…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31