Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրթության ոլորտում. դեպի արդիականացում ու բարեկեցություն` նաև կրթությամբ

Հոկտեմբեր 05,2016 18:35

Յուրաքանչյուր պետության հիմքն

իր երիտասարդ սերնդի կրթությունն է:

Դիոգենես Լաերտացի

Օֆելյա Ամիրխանյան

ՄԱՀՀԻ կրթության հարցերով փորձագետ

Հայաստան-ԵՄ գործընկերությունը խարսխված է ժողովրդավարության, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների սկզբունքների հարգանքի վրա, որոնք, մասնավորապես, սահմանված են ՄԱԿ կանոնադրությամբ[1], Հելսինկիի եզրափակիչ ակտով[2] և Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիայով[3], ինչպես նաև հիմնված են շուկայական տնտեսության սկզբունքների հարգանքի վրա, որոնք արտացոլված են ԵԱՀԿ (նախկինում` ԵԱՀԽ) Բոննի խորհրդաժողովի[4] փաստաթղթերում:

Մեջբերված սկզբունքները պետք է ընկած լինեն համագործակցության բոլոր ոլորտներում, կողմերի ներքին ու արտաքին քաղաքականությունների հիմքում, այդ թվում` կրթության բնագավառում, ու կազմեն դրա առանցքային տարրերը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն ու կրթության ոլորտը

Հայաստան-ԵՄ համագործակցությունը կարգավորող առաջին հիմնարար փաստաթուղթն ու իրավական շրջանակը Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն (այսուհետ` ԳՀՀ) է, որը ստորագրվել է 1996թ., գործողության մեջ մտել՝  1999թ. մայիսի 31-ին, նախնական 10 տարի ժամանակահատվածով[5]: ԳՀՀ 52-րդ հոդվածը վերաբերվում է կրթության ու մասնագիտական վերապատրաստման ոլորտում կողմերի միջև համագործակցությանը.

«Կրթության և մասնագիտական վերապատրաստման բնագավառում համագործակցությունը ծավալվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորներում հանրակրթական և մասնագիտական որակավորման մակարդակը բարձրացնելու նպատակով, և, մասնավորապես, կենտրոնացած է հետևյալ բնագավառներում. Հայաստանի բարձրագույն կրթության և մասնագիտական վերապատրաստման համակարգերի կատարելագործում, ներառյալ՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների վկայագրման և բարձրագույն կրթության դիպլոմների համակարգը, պետական և մասնավոր սեկտորների ղեկավարների և պետական քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն ըստ առաջնային կարևորության ոլորտների, համագործակցությունն ուսումնական հաստատությունների միջև և ուսումնական հաստատությունների և ֆիրմաների միջև, ուսուցիչների, ուսանողների, կառավարիչների, երիտասարդ գիտնականների ու հետազոտողների և երիտասարդության ներկայացուցիչների փոխանակում, ուսումնական հաստատություններում եվրոպական ուսումնասիրությունների դասավանդման խրախուսում, ԵՄ անդամ պետությունների ազգային լեզուների ուսուցում, մասնագիտական որակավորում ունեցող սինխրոն թարգմանիչների կատարելագործում, լրագրողների վերապատրաստում, դասավանդողների մասնագիտական վերապատրաստում»[6]:

Գիտատեխնիկական համագործակցության բնագավառում կարևորված է քաղաքացիական նպատակներով կատարվող գիտական հետազոտությունների և տեխնիկական զարգացման բնագավառը (այսուհետ` ԳՏԶ): Այն ընդգրկում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակումը, համատեղ միջոցառումները ԳՏԶ-ի բնագավառում, մասնագիտական վերապատրաստման միջոցառումները և փոխանակման ծրագրերը` կողմերի ԳՏԶ-ների մեջ ընդգրկված գիտնականների, հետազոտողների և մասնագետների համար:

Կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցությունը չի սահմանափակվել միայն գործադիր բնույթի քայլերով: Այն նախատեսում է համագործակցություն օրենսդրական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, տեխնոլոգիական դաշտերում, որոնք անուղղակիորեն և ուղղակիորեն առնչվում են նաև կրթությանը:

ԳՀՀ-ը կոչված էր կանոնակարգելու և ավարտին հասցնելու խորհրդային վարչահրամայական կառավարումից ժողովրդավարականի` Հայաստանի անցման շրջանը՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, կրթական ու ամրագրված այլ բնագավառներում: Թեպետ այն հիմնարար ու շրջանակային համաձայնագիր է, այդուհանդերձ դրա գործողության ժամկետի ավարտից հետո երկկողմ համագործակցության ավելի բարձր մակարդակը ենթադրում էր երկրորդ սերնդի բարեփոխումներ ու գործողություններ, որոնք մի կողմից հիմնադրված ֆորմալ կառուցակարգերին կհաղորդեին իրական բովանդակություն, մյուս կողմից կխորացնեին Երևանի ու Բրյուսելի համագործակցությունը նաև կրթության ոլորտում: Դրան էլ ուղղված էր ԳՀՀ-ի իրականացմանը զուգահեռ ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագրի ստորագրումը:

ԵՄ-Հայաստան ԵՀՔ Գործողությունների ծրագիրը և կրթության ոլորտը

«Ավելի ուժեղ հարևանություն, ավելի հզոր գործընկերություններ» կարգախոսի ներքո սահմանակից երկրներում կայունությունը, անվտանգությունը և բարեկեցությունը խթանելու և ԵՄ աջակցությանն օժանդակելու նպատակներով 2004թ. մեկնարկեց Եվրոպական հարևանության քաղաքականությունը (ԵՀՔ), որի մասնակից երկիր դարձավ նաև Հայաստանը:

Եվրոպական հարևանության քաղաքականությամբ ապահովվում է ոլորտային համագործակցության շրջանակ, որում ընդգրկվում են բավականին տարբեր ոլորտներ (այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղական համայնքների զարգացում, արդարադատություն և ներքին գործեր, մաքսային և հարկային ոլորտներ, բնապահպանություն, աղետների կառավարում, հետազոտություններ և նորարարություն, կրթություն, երիտասարդություն, մշակույթ, առողջապահություն և այլն)[7]:

2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում ստորագրվեց ԵՀՔ Հայաստան-ԵՄ Գործողությունների առաջին ծրագիրը (այսուհետ` ԳԾ)[8], որի նպատակ է հռչակվել ԵՄ չափանիշներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը նպաստելը, հետագա տնտեսական ինտեգրման համար ամուր հիմքեր ստեղծելը՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման ու կիրառման վրա, որոնք կխթանեն առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը:

Մարդկային շփումների բնագավառում (4.7 կետ) էլ ներառվեցին կրթության, վերապատրաստման ու երիտասարդության, առողջապահության, մշակույթի բնագավառները, որոնք պահանջում են՝ «բարեփոխել և արդիականացնել կրթական և վերապատրաստման համակարգերը՝ Եվրամիության չափանիշներին և պրակտիկային համապատասխանելու հայաստանյան ծրագրերի շրջանակներում» [9]:

ԵՀՔ-ի աշխատանքային գործիք հանդիսացող Գործողությունների ծրագիրն ամփոփեց հինգ տարվա գործողությունների ուղեցույցը, որը կանոնավոր վերանայումների և արդիականացման ենթակա է 2007թ. սկսյալ (այն մասնավորապես վերանայվել է 2007, 2008 և 2009թթ.), որի արդյունքները, այդ թվում՝ կրթության բնագավառում, պարբերաբար հրապարակվել են ամենամյա ընթացիկ զեկույցներում (2008-2014)[10]:

Արևելյան գործընկերությունը և կրթության բնագավառը. Վիլնյուսից մինչև Ռիգայի գագաթաժողով

2009թ. մայիսից մեկնարկած ԵՄ մեկ այլ` Արևելյան գործընկերություն նախաձեռնությունը միտված է Հայաստանի և մյուս հինգ գործընկերների (Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) հետ առկա քաղաքական համագործակցության խորացմանը` նախատեսելով ԵՄ-ի հետ ավելի սերտ քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում՝ հատկապես խթանելով տեղաշարժը, էներգետիկ անվտանգությունը, տրանսպորտի ոլորտը, գյուղատնտեսությունը, բնապահպանության շուրջ համագործակցությունն ու մերձեցման քաղաքականությունը: Կրթությունը, որպես թվարկված բնագավառների հետ սերտորեն շաղկապված ոլորտ, իր ուրույն արտացոլումն է գտել ԵՄ մի շարք առանցքային փաստաթղթերում:

Այդուհանդերձ, ԱլԳ շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հետ մի շարք երկրների, նրանց թվում՝ Հայաստանի` 3,5 տարի շարունակ բանակցած  Ասոցացման/Խորը և համապարփակ ազատ առևտրի  համաձայնագրերի նախաստորագրման դժվարություններ առաջացան 2013թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունենալիք Եվրոպական միության (ԵՄ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) Վիլնյուսյան գագաթաժողովին ընդառաջ: Արդյունքում նշված հիմնարար համաձայնագրերը Ռուսաստանի ճնշումների ու Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելու՝ Հայաստանի իշխանությունների որոշման պատճառով չնախաստորագրվեցին:

Դրա արդյունքում Վիլնյուսում ընդամենը ստորագրվեց հայտարարություն, որով ամրագրվեցին մի շարք ոլորտներ նոր պայմանագրի շուրջ հետագա բանակցությունների համար. «Հենվելով ընդհանուր արժեքների վրա՝ երկու կողմերը հանձնառու են զարգացնել համագործակցությունը՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների և դատական համակարգի շարունակական բարելավմանը, մարդու իրավունքների և օրենքի գերակայության խթանմանը, արդյունավետ կառավարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, առևտրի ու ներդրումների ընդլայնման համար միջավայրի հետագա կատարելագործմանը, շարժունակության գործընկերության շարունակական իրականացմանը և ոլորտային համագործակցության ընդլայնմանը»[11]։

Թեպետ հիշատակված հայտարարության մեջ կրթության ու շատ այլ ոլորտներ անվանապես նշված չեն, սակայն ակնհայտորեն Հայաստանն ու ԵՄ-ը երկուստեք շահագրգռություն ունեին այդ բնագավառում ևս համագործակցությունը խորացնելու հարցում: Դա իր արտացոլումը գտավ 2015թ. մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած ԵՄ ԱլԳ գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում:

Ի թիվս բազմաթիվ բնագավառների` Հայաստանի և ԵՄ-ի միջև սերտ համագործակցության երկկողմ պատրաստակամություն ամրագրվեց նաև կրթության ու հետազոտության ոլորտում. «Գագաթաժողովի մասնակիցներն ընդգծում են մարդկանց միջև կրթական, երիտասարդական և մշակութային ոլորտներում շփումների կարևորությունը, որով նրանք նպաստում են Արևելյան գործընկերության նպատակների իրականացմանը: Նրանք ողջունում են «Էրազմուս+» առաջին կանչի մեկնարկը 2014թ., որն ամբողջովին բաց է Արևելյան Եվրոպայի գործընկերների ուսանողների, երիտասարդների և համալսարանների համար, և որը համագործակցության և շարժունակության ընդլայնված հնարավորություն է ընձեռում»[12]:

Ռիգայի գագաթաժողովն ընդգծեց ԱլԳ երկրների հետ համագործակցության խորացման տարբերակված մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը. «Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են Արևելյան գործընկերության նպատակը՝ զարգացնելու ամուր տարբերակված հարաբերություններ ԵՄ-ի և նրա վեց ինքնիշխան, անկախ գործընկերների միջև։ Համագործակցության շրջանակը և խորությունը որոշվում է ԵՄ-ի և գործընկերների հավակնություններն ու կարիքները, ինչպես նաև բարեփոխումների տեմպերը հաշվի առնելով»[13]։

Գագաթաժողովը նաև ԵՄ կրթական խոշորագույն ծրագրերին Հայաստանի միանալու, ինչպես նաև ԵՄ համապատասխան գործիքներից օգտվելու հնարավորություն և ուղի բացեց: Հռչակագիրը, մասնավորապես, ամրագրեց. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի ներգրավումը «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության ծրագրի շրջանակում և առաջիկայում ակնկալում են Հայաստանի և Վրաստանի ներգրավման համաձայնագրերի վերջնականացումը»[14]:

Ի նկատի ունենալով ԱլԳ երկրների՝ ԵՄ-ին ինտեգրվելու տարաստիճան շահագրգռությունները՝ գագաթաժողովն ընդգծեց. «Գագաթաժողովի մասնակիցները ողջունում են այն քայլերը, որոնք արվել են 2013թ. Վիլնյուսի գագաթաժողովից ի վեր` զարգացնելով ԵՄ-ի և իր յուրաքանչյուր գործընկերոջ միջև տարբերակված երկկողմ հարաբերությունները: Մասնակիցները ողջունում են համընդհանուր ըմբռնումը` ԵՄ-ի և Հայաստանի միջև ապագա համաձայնության հետ կապված, որի նպատակն է ապահովել նրանց փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմակողմանի համագործակցության հետագա զարգացում ու ամրապնդում»[15]:

Այսպիսով, Ռիգայի գագաթաժողովի մասնակիցները, մասնավորապես, մի կողմից՝ ԵՄ-ը, մյուս կողմից` Հայաստանը, ընդգծել են կրթական և այլ ոլորտներում շփումների կարևորությունը, որը նպաստում է Արևելյան գործընկերության նպատակների իրականացմանը:

Հայաստանը և Բոլոնիայի գործընթացը

Չնայած նրան, որ Հայաստանը 2013թ. Վիլնյուսում չնախաստորագրեց Ասոցացման/Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որով կսահմանվեին բոլոր, այդ թվում` կրթության բնագավառում ԵՄ-Հայաստան ավելի խորը համագործակցության պայմանագրային նոր շրջանակներն ու ուղենիշները, անցած տարիներին Հայաստանի կրթական ինտեգրումը եվրոպական հաստատություններին շարունակվեց անգամ պայմանագրային անորոշության պայմաններում (Նախկին պայմանագրերի գործողության ժամկետները վաղուց ավարտվել էին, դրանցում սահմանված գործողություններից շատերն այլևս ֆորմալ կատարված էին, իսկ պայմանագրերը լավագույն դեպքում ամեն տարի վերանայվում էին, մինչդեռ 2013թ.-ից ի վեր Հայաստան-ԵՄ նոր շրջանակային պայմանագիրը ստորագրված չէ):

Անգամ այդ` պայմանագրային անորոշության ժամանակահատվածում Հայաստանն ակտիվորեն ներգրավված է եղել բարձրագույն կրթության բարեփոխումներում՝ հյուրընկալելով Բոլոնիայի քարտուղարությանն ու 2015թ. Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Եվրոպական կրթություն եվրասիակա՞ն Հայաստանում» քննարկման ժամանակ խոսելով Ռիգայի գագաթաժողովից ձեռքբերումների մասին` ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Սա ևս մեր գլխավոր նպատակներից մեկն էր, որն էլ իր հերթին նպատակ էր հետապնդում ուժեղացնել բարձրագույն կրթության կարողությունները, իսկ  դա արդեն նշանակում է, որ մենք ուզում ենք լինել եվրոպական ավելի պրոակտիվ քաղաքական  նախագծերում: Հայաստանն այս ընթացքում շատ ակտիվ աշխատել ու կարողացել է գտնել գործընկերներ, որոնց ներգրավել է Էրազմուս ծրագրերում: Օրինակները շատ են ու բազմազան, և մենք փորձելու ենք շարունակել հանդես գալ եվրոպական այլ նախագծերում ևս: Կարող եմ այսօր վստահությամբ ու հպարտությամբ ասել, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման կրթական ծրագրի հաշվի ցուցանիշները  տարբերվում են նախորդներից ինչպես քանակով, այնպես էլ որակովԵվ եթե 4 տարի առաջ այդ ցուցանիշներով Հայաստանին գերազանցում էր Վրաստանը, ապա այսօր այդ երկիրը բավականին հետ է մեզանից: Իսկ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը դարձավ  ակնհայտ ընդգծված առաջատարներից մեկը»[16]:

Իսկ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարությունը 2015թ. ստանձնելու վերաբերյալ նախարարը հայտարարեց. «Իհարկե, այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում, մեզ շարժում էր շատ կարևոր քաղաքական ամբիցիա. Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի մաս է, ավելին՝  կրթությունն այն դաշտն է, որտեղ, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, հնարավոր է և պետք է զարգացնել ինտեգրացիոն գործընթացը: Հետևաբար, ստանձնելով քարտուղարության դերակատարությունը՝ մենք մի քանի նպատակ էինք հետապնդում.

Քաղաքական հայտ ներկայացնել՝ ընդգծելու Հայաստանի դերակատարությունն ընդհանուր Եվրոպայի քարտեզի վրա:

Կրթական շարժառիթ՝ ընդգծելու Հայաստանի կարողությունները՝ պատասխանատու լինելու եվրոպական ողջ բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների համակարգման և ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման համար: Մենք նպատակ ունեինք, և մեզ հաջողվեց հիմնականում օգտագործել մեր՝ Եվրոպայի ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը ՝ Հայաստանում ուժեղացնելու բարձրագույն կրթության կարողությունները:

Կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման կրթական հաշվելի ցուցանիշներն այսօր և 4 տարի առաջ պարզապես մի քանի անգամ տարբերվում են իրենց քանակով և որակով»[17]:

Կրթության և գիտության նախկին նախարարը նաև հայտարարեց «Հորիզոն 2020»-ին Հայաստանի միանալու նախապատրաստական աշխատանքների մասին. Հայաստանի անունից այդ համաձայնագիրը 2016թ. մայիսի 19-ին ստորագրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, իսկ Եվրոպական հանձնաժողովի կողմից` հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Երկկողմ շահագրգռություններ`բազմամյա պայմանագրային անորոշությամբ

Վկայակոչված հիմնարար պայմանագրերի ու դրանց դրույթների համառոտ անդրադարձը փաստում է, որ Եվրամիությունը մեծ դեր ունի Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում, որը ռազմավարական նշանակության է ոչ միայն Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու, չափանիշներն ու ուղենիշները համապատասխանեցնելու, այլ նաև Հայաստանի ինտեգրումը եվրոպական կրթական հաստատությունների ու շրջանակների հետ խորացնելու առումով:

Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի` 2015թ. մարտի 4-ի «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն»[18] վերտառությամբ համատեղ խորհրդատվական փաստաթղթում՝ ԵՀՔ-ով ապահովվող ոլորտային համագործակցության շրջանակի մեջ, ի թիվս այլ բնագավառների, շեշտվեցին հետազոտությունները և նորարարությունը, կրթությունը, երիտասարդությունը և այլք:

Մշակված փաստաթղթի առաջ քաշած հարցադրումների ու սկզբունքների հիման վրա 2015թ. նոյեմբերի 18-ի` Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի «Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում» համատեղ հաղորդագրության[19] մեջ կարողությունների զարգացումը, սոցիալական պաշտպանությունը, կրթությունը և այլ բնագավառներ հիշատակվեցին որպես «սոցիալական զարգացումն ապահովող», ինչպես նաև՝ փոքր և միջին ձեռնարկություններում աշխատատեղերի հետ կապված, ըստ այդմ` հայտարարվեց այդ ոլորտներում բարեփոխումները խրախուսելու ու աջակցելու մասին:

Այդ փաստաթղթում մասնավորապես նշվեց. «ԵՄ-ը կարող է բարելավել տեղական աշխատուժի աշխատանքի տեղավորման պայմանները և օգնել կենտրոնացնել ջանքերը հմտությունների և ունակությունների զարգացման, մասնավորապես` երիտասարդ տղաների և աղջիկների համար, հնարավորությունների ստեղծման հարցում: Աջակցությունն իրականացվելու է՝ սկսած արտադպրոցային կրթության խրախուսման (ոչ պաշտոնական ուսուցում), տարրական ու միջնակարգ կրթություն ստանալու հնարավորությունների հեշտացման և անգրագիտության վերացման մինչև կարողությունների, արհեստների և աշխատանքահեն ուսուցման զարգացման ապահովումը: ԵՄ-ն էապես ընդլայնելու է Էրազմուս + ծրագրում հարևան գործընկերների ներգրավվածության շրջանակը, այդ թվում` բարձրացնելով ֆինանսավորման մակարդակը: Հատուկ շեշտ պետք է դրվի նաև Էրազմուս + ծրագրում կոնֆլիկտային տարածաշրջանների ԲՈՒՀ-երի մասնակցությունը դյուրացնելու վրա: Կրթության և վերապատրաստման հարցում ԵՄ-ը նպաստելու է տեղաշարժին՝ այս կարևոր ոլորտում ավելի մեծ աջակցություն տրամադրելու նպատակով: ԵՄ-ը նաև օժանդակելու է եվրոպական և հարևան պետությունների պրակտիկանտների տեղաշարժին, ովքեր աշխատանքային փորձ են փնտրում արտասահմանյան երկրներում»:

Ինչ վերաբերում է երիտասարդության զբաղվածությանը, ԵՄ-ը հայտարարել է, որ «տարածաշրջանում համագործակցության համար գոյություն ունեցող ֆորումի շրջանակում նաև խրախուսելու է Հարավային միջերկրյածովյան պետությունների միջև կրթության, վերապատրաստման և երիտասարդության քաղաքականությունների վերաբերյալ փոխանակումները: Այս համատեքստում ԵՄ-ը հրավիրելու է Վերապատրաստումների եվրոպական հիմնադրամին`ակտիվ դերակատարում ունենալու»:

Վերջապես, գիտելիքահեն ու կայուն աշխատատեղեր զբաղեցնելու համար «ԵՄն աջակցելու է այն քաղաքականություններին, որոնք ուղղված են ունակությունների և աշխատաշուկայի կարիքների համատեղման, համալսարանարդյունաբերություն համագործակցության և ուսանողների աշխատունակության զարգացման վրա, ինչպես նաև նպաստելու է հեռանկարային ծրագրերի իրականացմանն այն 16 անձանց համար, որոնք սովորել կամ հմտություններ են ձեռք բերել ԵՄում, այնուհետև իրենց երկրներ վերադառնալու նպատակով»:

Իբրև այս ամենի արդյունք, խնդրո առարկա բնագավառում «Տեմպուս», «Էրազմուս Մունդուս», «Էրազմուս+» և այլ ծրագրերի շնորհիվ ստեղծվել և ամրապնդվել է եվրոպական ու հայաստանյան համալսարանների համագործակցությունը` դասախոսական ու ուսանողական կազմին Եվրոպայում սովորելու և հետազոտություններ իրականացնելու հնարավորություն ընձեռելով:

Եվրոպական Միության գործունեության ներկապնակի մեջ առանձնացնելով կրթության ոլորտը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վերջերս  նշեց. «Կրթությունը ևս կարևոր ոլորտ է, որտեղ մեր ներկայությունն ակնհայտ է ոչ միայն «Էրազմուս» ծրագրի առաջարկած հնարավորությունների, այլև Եվրամիության` մասնագիտական կրթությանն ուղղված շատ տեսանելի դրական ազդեցության շնորհիվ: Մենք կառուցել, վերանորոգել կամ թարմացրել ենք Հայաստանի մի քանի համալսարաններ, ինչպես նաև նպաստել ենք կրթական համակարգի բարեփոխմանը»[20]:

Իսկ դրանից շուրջ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով երիտասարդների խնդիրների մասին, նրանց համար կարևորել է արևմտյան մոդելի կրթությունը. «Այսօր երիտասարդությանը պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել»: Սերժ Սարգսյանը նաև հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու. «Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից»[21]:

Կարևորելով ԵՄ-ի հետ կրթության ոլորտում համագործակցությունը` դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ Հայաստանում իրականացված կրթական ծրագրերն արդյունավետ են գնահատվում, այժմ մշակվում է ԵՄ ասոցացման նոր համաձայնագիրը, որտեղ մեծ տեղ է հատկացվում կրթական աջակցությանը[22]:

Ի հավելումն ոլորտային աջակցության` ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական համագործակցության ծրագիրն[23] օժանդակում է Հայաստանի բարեփոխումների  հավակնոտ ծրագրին: Այդ օժանդակությունը, մասնավորապես, կենտրոնացած է ժողովրդավարական զարգացման և լավ կառավարման, օրենսդրական  բարեփոխումների և վարչական կարողությունների հզորացման, քաղաքացիական հասարակության, մասնագիտական կրթության և ուսուցման աջակցության, ինչպես նաև գյուղատնտեսության և  միջուկային անվտանգության ուղղություններով:

ՀՀ նախագահի՝ «արևմտյան մոդելի կրթության անցնելու, երիտասարդության համար դրա հասանելիության», ինչպես նաև ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու և նոր պայմանագիրը 2016թ. ստորագրելու «պատասխանը» եվրոպական կողմից չուշացավ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով իր հերթին նույնպես վերահաստատեց Բրյուսելի տեսլականը, Հայաստանը համարելով «եվրոպական ընտանիքի անդամ», «եվրոպական ինքնությամբ ու արժեհամակարգով», Եվրոպայի հետ «ընդհանուր արժեքներ կիսող», Եվրոպայի համար «կարևոր երկիր Իրանին սահմանակից լինելու շնորհիվ», ինչպես նաև` «մի խաչմերուկ, մի դուռ տարբեր մշակույթների հետ Եվրոպայի հաղորդակցության» համար, հայտարարեց. «Եվրոպական Միության գործունեության ներկապնակը բավականին մեծ է, մենք ունենք մեր առաջնահերթությունները, և ես կարծում եմ, որ Եվրամիությունը Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է»[24]:

Այդուհանդերձ, 2013թ. սեպտեմբերի 3-ից մինչ օրս ԵՄ-Հայաստան նոր պայմանագիրը ստորագրված չէ….

Հայաստան-ԵՄ նոր պայմանագրի ստորագրմանը սպասելիս

Դժվար է չհամաձայնել վերոնշյալ հայտարարությունների հետ ընդհանրապես, և կրթության ոլորտի եվրոպականացման անհրաժեշտության հետ` մասնավորապես, որպես Հայաստանի արդիականացման կարևորագույն նախադրյալ: Չկա մի բնագավառ կամ ոլորտ, որտեղ կրթությունը ներթափանցած ու պահանջված չլինի, և, թերևս, Հայաստանի Հանրապետությունն իր բազում ռազմավարական ծրագրերում ճանաչել է այդ միարժեք կապը:

  • Դրանցից է Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որը կազմվել է Հայաստան-ԵՄ համագործակցության փաստաթղթերում ամրագրված դրույթների հաշվառումով և կարևորում է կրթության ոլորտի հատուկ նշանակությունը երկրի կայուն զարգացման համար:
  • Անցած տարիներին ընդունված/վերանայված և իրականացված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրերը գոնե ֆորմալ ճանաչել են կրթության դերն աղքատության հաղթահարման գործում. «Որակյալ կրթության ապահովումը և դրա մատչելիության բարձրացումը միջին և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի, աղքատության ու անհավասարության մեղմման կարևորագույն գործոններից մեկն է: Բնագավառի հետագա զարգացումը դիտվում է որպես տնտեսության առաջընթացի առաջնային գերակայություն» (2.2. Կրթություն):

Աղքատության և կրթության միջև միարժեք կապի հիմնավորում է այն անհերքելի փաստը, որ կրթությունը մի կողմից «սոցիալական պահանջմունք» է, իսկ աղքատությունը` «սոցիալական ծառայությունների ցածր մատչելիություն», մասնավորապես` «անհրաժեշտ նվազագույն կրթություն ստանալու սահմանափակ հնարավորություն», մյուս կողմից էլ կրթությունն աղքատության հաղթահարման միջոց է դիտարկվում:

Այդ իսկ հիմնավորմամբ էլ ԱՀՌԾ-ը գերակայություններից մեկը ճանաչեց կրթությունը. «Ծրագրի շրջանակներում առաջնահերթ է դիտվում հանրակրթության ոլորտի հետագա զարգացումը` ոլորտում մատուցվող ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Հավասարապես մատչելի և որակյալ հիմնական ընդհանուր կրթությունը հանդիսանում է` (i) հասարակության կրթվածության և գրագիտության մակարդակի բարելավման, (ii) աշխատանքի շուկա մտնելու համար անհրաժեշտ առաջնային գիտելիքների ապահովման և (iii) կրթությունը հետագայում շարունակելու կարևոր նախապայման» (7.2.2.2. Գերակայությունները և նպատակադրումը)[25]:

  • Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունը, սահմանելով ազգային անվտանգության հիմնարար արժեքները, ի թիվս այլոց նշել է նաև բարեկեցությունը, որի ներքո թվարկել է՝ «աղքատության հաղթահարումը, խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը, արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականության մշակումն ու կենսագործումը` հատկապես նորարարական զարգացման ուղղությամբ, առողջապահության համընդգրկուն ու արդյունավետ համակարգի զարգացումը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան, անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման պայմանների ապահովումը»: Թվարկված նպատակները կարող են ձեռքբերվել առաջին հերթին կամ բացառապես կրթության շնորհիվ:

Փաստաթուղթն ազգային անվտանգության սպառնալիք է ճանաչում նաև գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը. «Կրթությունն ավանդաբար մեծ դեր ունի Հայաստանում: Գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար»[26]:

  • Միարժեք է նաև կրթության և գործարարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի միջև կապը. Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ծավալուն, համակողմանի հարցումների ու հետազոտության արդյունքում եզրահանգել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի սկզբնաղբյուրը գտնվում է կրթության ներքո, և կրթական համակարգը պետք է լուրջ գործի դրվի կոռուպցիայի դեմ պայքարում: Կրթության դերը պետք է ուժեղացվի կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություններում»[27]:
  • Գիտականորեն այլևս հիմնավորված է նաև կրթության ոլորտի ուղղակի ազդեցությունը երկրի ժողովրդավարության մակարդակի ինդեքսի վրա, քանզի ժողովրդավարության նախապայմանների համեմատական վերլուծությունը վեր է հանել տեսական կապն այն մասին, որ ժողովրդավարությունը կանխորոշվում է տնտեսական զարգացմամբ, սոցիալական, կրթական, մշակութային, կրոնական, միջազգային ու այլ գործոններով և ոլորտներով. «Ինդուստրիալիզացիայի, ուրբանիզացիայի, բարեկեցության ու կրթության գործոններն այնքան սերտորեն են փոխկապված, որ կազմավորում են մեկ ընդհանուր գործոն: Իսկ տնտեսական զարգացման խմբին դասակարգված գործոններն այդ խմբի հետ միասին քաղաքական կոռելացիայի մեջ են ժողովրդավարության հետ» [28]:

Մի կողմից՝ կրթության, մյուս կողմից` քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացման ու առաջընթացի միջև միարժեք կապի բազմաթիվ նման հիմնավորումներ կարելի է վկայակոչել:

Արդ, վերոշարադրյալից

  • անհերքելի է, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանն ընդհանուր ռազմավարական շահեր ունեն բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես կրթության ոլորտում ինտեգրումն ու համագործակցությունը խորացնելու առումով,
  • աներկբա է, որ կրթության ոլորտում որակական առաջընթացը մեղմելու կամ չեզոքացնելու է ազգային անվտանգության ու զարգացման բազում մարտահրավերներ, ինչպիսիք են՝ ժողովրդավարության անկումները, կոռուպցիան, աղքատությունը և այլն,
  • հետևում է, որ Հայաստանի ազգային շահերից է բխում ԵՄ-Հայաստան նոր պայմանագրի շուտափույթ ստորագրումը, որը կթարմացնի համագործակցության պայմանագրային շրջանակը, կսահմանի երկկողմ հանձնառություններ բոլոր ոլորտներում, այդ թվում` կրթության բնագավառում առավել խոր ինտեգրման ու բարեփոխումների ուղղությամբ:

Պաշտոնական Երևանն ու Բրյուսելը 2016թ. ընթացքում մի շարք լավատեսական ու զգուշավոր հայտարարություններ են փոխանակել տարեվերջին պայմանագրի ստորագրման հեռանկարի վերաբերյալ: Հայաստանի նոր կառավարության ու վարչապետի գլխավոր մարտահրավերներից է տարեսկզբից մեկնարկած բանակցությունները պայմանագրի ստորագրումով եզրափակելը, եթե, իհարկե, պաշտոնական մակարդակով արված հայտարարությունները հռչակագրային չեն…

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] ՄԱԿ-ի Կանոնադրություն, մարտի 2, 1992թ., https://www.un.am/res/UN%20Treaties/Charter_arm_unicode.pdf

[2] Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցություն, Եզրափակիչ ակտ, Հելսինկի, 1975թ., https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=18536

[3] Նոր Եվրոպայի Փարիզյան խարտիա, https://www.oscepa.org/documents/all-documents/documents-1/historical-documents-1/673-1990-charter-of-paris-for-a-new-europe/file ,  Հայաստանը Խարտիային միացել է 1992թ. ապրիլին,  «Հայաստանի Հանրապետություն», 21 ապրիլի, 1992թ., https://ankakhutyun.am/archives/762

[4] Document of the Bonn Conference, 11 April 1990, Bonn, https://www.osce.org/eea/14081?download=true

[5] Հետագայում թե՛ այս, թե՛ հաջորդող պայմանագրերի գործողությունները երկկողմ համաձայնությամբ թարմացվել, իսկ ժամկետը երկարացվել է:

[6] The Partnership and Cooperation Agreement between the European Communities and their Member States, առնչվող բոլոր փաստաթղթերը` https://eur-lex.europa.eu/legal-content/EN/ALL/?uri=CELEX:31999D0602,  պայմանագրին առնչվող որոշումները` https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=CELEX:21999A0909(01)&from=EN, բուն պայմանագիրը` https://eur-lex.europa.eu/resource.html?uri=cellar:cfa0c50d-97c4-444d-84d3-7fd45943cf14.0020.02/DOC_1&format=PDF

Համաձայնագրի ամբողջական տեքստն անգլերեն՝ https://www.mineconomy.am/uploades/PCA_EU-Armenia.pdf, հայերեն՝ https://www.mineconomy.am/uploades/Hamadzaynagir.pdf

[7] Համատեղ խորհրդատվական փաստաթուղթ. Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն, Բրյուսել, 04.03.2015թ.,

https://eeas.europa.eu/delegations/armenia/eu_armenia/political_relations/political_framework/index_hy.htm

[8] ՀՀ-ԵՄ ԵՀՔ Գործողությունների ծրագիրը, https://eeas.europa.eu/enp/pdf/pdf/action_plans/armenia_enp_ap_final_en.pdf,  հայերեն՝ ոչ պաշտոնական թարգմանությունը, https://www.mineconomy.am/uploades/Gorcoxutyunneri_cragir.pdf

[9] Նույն տեղում:

[10] ԵՀՔ Երկրի առաջընթացի զեկույց-ՀԱՅԱՍՏԱՆ զեկույցները, https://eeas.europa.eu/delegations/armenia/eu_armenia/political_relations/political_framework/index_hy.htm

[11] Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական Միության միջև համատեղ հայտարարություն, 29.11.2013թ., Վիլնյուս, https://www.mfa.am/hy/press-releases/item/2013/11/29/eu_js/

[12] Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հռչակագիր, Ռիգա, 2015թ. մայիսի 21-22, https://profil.am/home/riga_statement/

[13] Արևելյան գործընկերության գագաթաժողովի համատեղ հայտարարություն (Ռիգա, 21-22 մայիսի, 2015), https://armedia.am/static/content/european_union/Riga_summit_Declaration.pdf

[14] Նույն տեղում https://profil.am/home/riga_statement/

[15] Նույն տեղում, https://profil.am/home/riga_statement/

[17] Նույն տեղում, ինչպես նաև`Հայաստանի եվրոպական ինտեգրման կրթական հաշվելի ցուցանիշներն այսօր և 4 տարի առաջ մի քանի անգամ տարբերվում են իրենց քանակով և որակով. Արմեն Աշոտյան, https://168.am/2015/08/15/526086.html

[18] Համատեղ խորհրդատվական փաստաթուղթ. դեպի նոր եվրոպական հարևանության քաղաքականություն, 4 մարտի, 2015թ., https://eeas.europa.eu/delegations/armenia/eu_armenia/political_relations/political_framework/index_hy.htm

[19] Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում, 18 նոյեմբերի, 2015թ. https://eeas.europa.eu/delegations/armenia/documents/news/20151118-joint-comm_hy.pdf

[20] Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ը Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է», https://www.mediamax.am/am/news/interviews/19730/

[21] Նախագահը Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին, 27 օգոստոսի, 2016թ. https://www.president.am/hy/press-release/item/2016/08/27/President-Serzh-Sargsyan-visit-Gegharkunik-Kotayk-marzes/ , ինչպես նաև`

Սերժ Սարգսյանի հեղափոխական հայտարարությունը, https://www.lragir.am/index/arm/0/comments/view/138374

[22] Հետխորհրդային երկրների շարքում Հայաստանի կրթությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ԵՄ դեսպան, https://www.panorama.am/am/education/2015/10/19/ashotyan-svitalski/

[23] Տեխնիկական և ֆինանսական համագործակցություն, https://eeas.europa.eu/delegations/armenia/eu_armenia/tech_financial_cooperation/index_hy.htm

[24] Պյոտր Սվիտալսկի. «ԵՄ-ը Հայաստանի արդիականացման տեսանելի գործոն է» , https://www.mediamax.am/am/news/interviews/19730/

[25] Հայաստանի  Հանրապետության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր, https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=44725,  հաստատված` ՀՀ Կառավարության 8 օգոստոսի, 2003թ. N 994-Ն որոշմամբ,

[26] Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարություն, https://www.mfa.am/u_files/file/doctrine/Doctrinearm.pdf, հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում

[27] Մակարյան Գ., ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի մի քանի հայեցակարգային դրույթներ, 27 ապրիլի, 2016թ., ՄԱՀՀԻ, https://aiisa.am/ourexperts/publication/116

[28] Aleksanyan A. , Index of Democracy Level (IDL): Discovering Factors that Influence Democracy in Armenia, Caucasus Research Resource Center (CRRC) – Armenia, https://www.crrc.am/hosting/file/_static_content/fellows/fellowship12/Final%20Paper_Arusyak%20Aleksanyan.pdf, Ալեքսանյան Ա., Հայաստանի ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, 20 փետրվարի, 2016թ., ՄԱՀՀԻ, https://aiisa.am/ourexperts/publication/105

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31