Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Աթանեսյան. Լրագրողն ընդդեմ ոստիկանապետի գործում գենդերային խտրականությունը բացառվում է

Հոկտեմբեր 05,2016 18:25

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ լրագրող Սիրանույշ Պապյանի ընդդեմ ոստիկանապետի գործով նախնական դատական նիստը:

Դատական նիստից հետո Aravot.am-ը զրուցեց ոստիկանապետի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի հետ: Նա նշեց, որ դատական նիստի ընթացքում ներկայացրել է հայցադիմումի պատասխանի լրացում. «Երեք պահանջ է ներկայացված, երեքն էլ հնարած՝ առաջինը վիրավորանքի մասին, երկրորդը՝ գենդերային խտրականության մասին եւ խոսքի ազատության սահմանափակման: Ամբողջ այս գործը հնարված գործ է: Ես իմ կարիերայի ընթացքում պաշտպանել եմ լրագրողների եւ օրաթերթերի, երբեք չեմ հանդիպել ցածր պրոֆեսիոնալիզմի, որի հետեւանքը եղել է այն, ինչ եղել է: Եվ հիմա դիմել են դատարան զուտ նրա համար, որ դիմեն դատարան եւ ցույց տան՝ մենք այնքան կանք, որ կարող ենք դիմել ոստիկանության պետի դեմ: Իրավունքի տեսանկյունից՝ հայցն ակնհայտորեն անհիմն է, ես առավել, քան վստահ եմ, որ քաղաքացիաիրավական որեւէ հետեւանք չի լինի»:

Տիգրան Աթանեսյանը համարում է, որ գործում գենդերային խտրականությունը բացառվում է. «Կառուցել են նրա վրա, որ եթե վիրավորվածը կին է, ուրեմն՝ նաեւ կա գենդերային խտրականություն, որը բացարձակապես այդպես չէ: Դա ցույց է տալիս, որ նաեւ գենդերային խտրականությանը լավ չի տիրապետում հայցվոր կողմը»:

Տիգրան Աթանեսյանը նկատեց, որ կատարվածից հետո լրագրողը շարունակել է աշխատել. «Ոչ ոք որեւէ կերպ չի նեղացրել եւ դա բացառվում է, որ նեղացնեն: Դեռ հակառակը՝ իմ վստահորդը այն պաշտոնատար անձն է, որ պաշտպանում է նաեւ լրագրողին: Նման բան չկա, իմաստն ամբողջ այն էր, որ վիրավորվել է, երեւի մի երկու օր չի աշխատել: Դե գիտեք ինչ կա այդ դեպքում կարելի է նա եւ կայծակին դատի տալ՝ վախեցել եմ մի երկու օր չեմ աշխատել: Նման բան չկա»:

Սիրանույշ Պապյանի պաշտպան Դավիթ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ մտավախություն ունի, որ հայցադիմումի պատասխանը ուշացմամբ է ներկայացվել դատական նիստ հետաձգելու համար. «Իսկ դատական նիստը հետաձգվելը նպատակ են հետապնդում, որ հասարակությունը տվյալ գործը մոռանա: Արդյունքում էլ կարող են արձագանքել, որ հասել են իրենց նպատակին»:

Տիգրան Աթանեսյանը չցանկացավ անդրադառնալ այս հայտարարությանը. «Ես չեմ ցանկանում մեկնաբանել երիտասարդ փաստաբանի խոսքերը, դա մի քիչ դուրս է գալիս նաեւ կոռեկտության սահմաններից: Ոչինչ երիտասարդ է, ես ել եմ անցել այդ ուղղով: Ձգձգման բացարձակ կարիք չունենք, ես կողմ էի, որ նիստը շարունակվի, որովհետեւ առանց այդ փաստաթուղթը ընթերցելու դատավարական մինիմալ գործողություններ կողմը կարող էր կատարել»:

Հիշեցնենք, Ծիծեռնակաբերդում, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան`ոստիկանության բարեփոխումների մասին, նրանց անվանել է դեղնած, գունաթափված, իսկ վերջում Սիրանույշ Պապյանի դիտարկմանը արձագանքել է. «Ես քո մեջ, կներես, կին չեմ տեսնում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31