Պարզվում է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Էրոս Ռամազոտիի համերգի տոմս է առել ու խաբվել:
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին հարց ուղղեց՝ այդ չկայացած համերգի հետ կապված:
Նա ասաց, որ ամիսներ առաջ «Ֆորպոստարտ» ընկերությունը, որը համերգային ծրագրեր է նախապատրաստում ՀՀ-ում, հրավիրել էր Էրոս Ռամազոտիին, բայց համերգը տեղի չունեցավ. «Դեռ դեկտեմբերից վաճառվել էին տոմսերը, մեծ գումարներ էին մարդիկ վճարել՝ տոմսերը ձեռք բերելու համար, մինչեւ այսօր չեն վճարել նրանց: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրին եւ երեք անգամ խաբել են՝ խոստանալով գումարը վերադարձնել»:
Նա հրավիրեց նաեւ իրավապահ մարմինների ուշադրությունը՝ ասելով, որ այստեղ կոռուպցիոն հարցեր կան, մեծ գումարների հետ գործ ունեն: Ընկերությունը երկար ժամանակ գումարը դնում է շրջանառության մեջ՝ օգտագործելով իր ունեցած լծակները:
Կարդացեք նաև
Հարցին պատասխանեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա ասաց, որ Քաղաքացիական օրենսգիրքը պարտավորությունները չկատարելու համար իրավական հետեւանքներ է նախատեսում: Իրավական հետեւանքը համապատասխան գումարի հետ վճարումն է, որոշակի դեպքերում՝ հատուցումը:
Նա ցույց տվեց պատգամավորին դատարանի տեղը՝ ասելով, որ դատական կարգով է հնարավոր:
Լյուդմիլա Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ այդ համերգի տոմսը 10 հազար դրամից մինչեւ 50 հազար դրամ է եղել, մարդիկ են եղել, որ 2 տոմսի համար 100 հազար դրամ են վճարել ու չեն կարողանում հետ ստանալ: Նա վստահեցրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ են տուժել: Եվ այդ ընկերությունը նորից շարունակում է համերգային խմբեր հրավիրել ու չեղյալ համարել:
Նախարարն էլ պատասխանեց, որ կառավարությունը հետեւողական կլինի, եւ եթե կա քրեական հանցակազմ՝ իրավապահ մարմինները կարձագանքեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ