Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց ուսուցիչներին սոցփաթեթով տրամադրվող ծառայությունների մասին:
Նա հարցրեց՝ հնարավո՞ր է կառավարության նոր որոշումներով սոցփաթեթում ուսուցիչներին տրվող հանգստի իրավունքը, հիմա էլ նաեւ առողջապահական ծառայությունները կասեցվեն: Նա նաեւ հարցրեց՝ սոցփաթեթում կուտակված գումարից նրանք կարո՞ղ են վերցնել 2017-ին:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այն ուղղությունները, որոնք նախատեսված էին կառավարության գործող որոշմամբ, դեռ ուժի մեջ են: Սոցփաթեթի շահառուները կարող են միջոցներն օգտագործել հիփոթեքային վարկի մարման, ուսման վարձի, առողջապահական ծառայությունների եւ ՀՀ-ում եւ ԼՂՀ տարածքում հանգստանալու ուղղություններով. «Գործող կարգում այս պահին որեւէ փոփոխություն նախատեսված չի: Դրանք գործում են ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված անձանց համար, որոնք կարող են տնօրինել իրենց գումարները: Ինչ վերաբերում է կանխիկացմանը, դա եւս կարգով հաստատված է: Կանխիկացում կարող է իրականացվել, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է կամ թոշակի է անցնում»:
Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի անձը կարող է նախորդ տարի իր վճարած սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր՝ սոցիալական փաթեթների համար վճարված գումարները:
Կարդացեք նաև
Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2017-ի պետբյուջեի քննարկման ժամանակ կորոշեն շահառուների դաշտի ընդլայնման հարցը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բարև Ձեզ.
Մեկնաբանեք խնդրում եմ վերոգրյալից 1. և 2. մեջբերումները՝
1.— (Կանխիկացում կարող է իրականացվել, եթե աշխատողը աշխատանքից ազատվում է կամ թոշակի է անցնում)—
հարց՝ Սոց.փաթեթի թոշակառու շահառուները, որոնք և աշխատում և միաժամանակ թոշակառու են, նույնպես կարող են կանխիկացնել և ինչ կարգով???
2.— (Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր տարի անձը կարող է նախորդ տարի իր վճարած սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր՝ սոցիալական փաթեթների համար վճարված գումարները:)
հարց՝ Որն է համարվում նախորդ տարի վճարած սոցիալական վճարների չափը???? որի չափով և կարելի կլինի կանխիկացնել իր՝ սոցիալական փաթեթների համար վճարված գումարները:
Նախապես շնորհակալ եմ…
Հարգելի Աշոտ, նախարարն ասաց, որ սոցփաթեթի շահառուները կարող են կանխիկացնել իրենց հատուկ հաշվում կուտակված գումարները, եթե ազատվում են աշխատանքից կամ անցնում են կենսաթոշակի:Սոցփաթեթի շահառուները կարող են օգտագործել միջոցները միայն նախարարի նշած 4 ուղղություններով՝ հանգստի, առողջապահական ծառայությունների եւ այլնի համար: Այս կարգը գործում է ինչպես աշխատողների, այնպես էլ աշխատանքից ազատված անձանց համար:
Իսկ կանխիկացման մասին Արտեմ Ասատրյանն ասաց, որ կուտակային կենսաթոշակի վճարների հետ կապված նոր ուղղություն մտցրեցին գործող կարգում, ըստ որի յուրաքանչյուր տարվա ավարտից հետո հաջորդ տարի անձը կարող է նախորդ տարի իր վճարած սոցիալական վճարների չափով կանխիկացնել իր սոցփաթեթի համար փոխանցված գումարները:
Սոցվճարի չափը կախված է տվյալ անձի աշխատավարձից: Սոցիալական վճարի դրույքաչափը կազմում է աշխատավարձի (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի դեպքում՝ տարեկան եկամտի) 5 %-ը: