Վաղը Երեւանի «Ուրարտու» նորաստեղծ տղամարդկանց բասկետբոլային ակումբը, որն առաջին անգամ մասնակցելու է Ռուսաստանի Սուպերլիգա-1 2016/2017 թթ. առաջնությանը, «Դինամո» մարզադահլիճում կհյուրընկալի Ռուսաստանի «Ռյազանին»:
Այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցեցին ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը, գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը եւ թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը:
Արթուր Նազարյանն ասաց, որ «Ուրարտու» ակումբի հիմնադրումով Հայաստանի ազգային հավաքականի համար ստեղծվել է բազային թիմ, որը եկող տարվանից մասնակցելու է աշխարհի առաջնության ընտրական փուլին: Եվ այդ նպատակով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ՀԱՕԿ-ի աջակցությամբ ամբողջությամբ ներգրավված է այդ աշխատանքներում:
Տիգրան Գյոկչյանը խոսելով «Ուրարտուի» անցկացրած նախապատրաստական փուլի մասին՝ ասաց, որ թեեւ վերջերս Վրաստանում ուսումնամարզական հավաքներ են անցկացրել՝ հանդիպելով տեղի ուժեղագույն ակումբների հետ, սակայն իր գլխավորած թիմը դեռ 100 տոկոսով պատրաստ չէ: «Նախապատրաստական փուլերը, ցավոք, շատ հստակ չեն եղել: Լեգեոներականների ուշացումները եւ բացակայությունները խանգարեցին, որպեսզի լիարժեք թիմային խաղ, տարբեր օղակների ու մարզիկների միջեւ ավելի լավ փոխգործակցություն ձեռք բերվի: Բայց տղաները, հատկապես, դրսում բնակվող, ժամանել են ֆիզիկական լավ մարզավիճակում: Տղաները ամառվա ընթացքում լավ են մարզվել եւ մեզ հիմա մնում է աշխատել տեխնիկական ու տակտիկական խնդիրների վրա: Ամեն դեպքում կա հետաքրքիր, մարտունակ ու համախոհների թիմ», – ասաց գլխավոր մարզիչը ու հավելեց, որ ինքը որպես կանոն մրցաշարերում չի պլանավորում այս կամ այն տեղ գրավել: «Ինձ համար տվյալ խաղն է կարեւոր ու դրանում հաղթելը: Իսկ թե ինչ կլինի վերջում, ապագան ցույց կտա», – ասաց Տիգրան Գյոկչյանը: Իսկ թիմի ավագ Ամիրան Ամիրխանովն ավելացրեց, որ բասկետբոլիստների համար այս պահին իրենց կարողությունները տնային հանդիպումներում ամբողջապես ցույց տալն է եւ թիմը երկրպագուների աջակցության կարիքն ունի: «Մենք Թբիլիսիում անցկացրած հավաքում վատ խաղամակարդակ չցուցադրեցինք: Հաղթեցինք բոլորին, ում հետ խաղացինք: Անգամ 50 միավորի առավելության հասանք Վրաստանի առաջնության երկրորդ տեղն զբաղեցրած թիմի նկատմամբ: Չգիտեմ, մե՞նք էինք այդքան ուժեղ, թե նրանք էին թույլ: Բայց դա ցուցանիշ չէ: Կարեւորն այն է, որ մեր թիմում առողջ ու համերաշխ մթնոլորտ է: Մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները եւ մեզ մնում է խաղալ ու աշխատել լավ արդյունքներ ցուցադրել», – ասաց «Ուրարտուի» ավագը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ