Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը կարևորել է էկոտուրիզմի ոլորտի զարգացումը, որը հենվում է պաշտպանված բնության վրա

Հոկտեմբեր 05,2016 16:51

ՀՀ բնապահպանության նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի արտահերթ նիստ: Հասարակական խորհրդի անդամներից բացի նիստին հրավիրվել էին բնապահպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող մոտ երկու տասնյակ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ ակնկալում է սերտ համագործակցություն հասարակական կազմակերպությունների հետ: Այդ նպատակով հետագայում էլ նման հանդիպումներ հաճախ են կազմակերպվելու` ակնկալելով դրանցից ստանալ առավելագույն արդյունքներ:

«Պետության կայուն զարգացումը և հաջողված տնտեսական կարգը հենց այն է, որը պարտադիր հաշվի է առնում և հենվում բնապահպանական լավագույն լուծումների վրա: Աշխարհի փորձն է դա փաստում: Հետևաբար առաջնահերթություն դիտարկելով բնապահպանական նորմերի պահպանման տնտեսական կարգի ձևավորումը, ես վստահ եմ, որ մենք նաև սահմանադրական նորմին համապատասխան կունենանք այդպիսի ձևավորված համակարգ»,- հայտարարել է բնապահպանության նախարարը: Իր խոսքում բնապահպանության նախարարը կարևորել է բնապահպանական վերահսկողության համակարգի ուժեղացումը և կոչ արել հասարակական կազմակերպություններին գտնել խնդրի համատեղ լուծումներ, մասնավորապես` հասարակական կազմակերպությունների հետ մշակել այնպիսի վերահսկողական մեխանիզմ, որի մի զգալի հատվածում կներգրավվի հասարակությունը` համապատասխան խրախուսման մեխանիզմների կիրառմամբ: Վերահսկողական համակարգի ուժեղացման համար կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումը, որը թույլ կտա նաև օպերատիվ արձագանքել համակարգի կողմից արձանագրված խախտումներին: Նկատելով, որ Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ էական տեղ է հատկացված տուրիզմին` Արծվիկ Մինասյանն այս առումով կարևորել է էկոտուրիզմի ոլորտի զարգացումը, որը հենվում է պաշտպանված բնության վրա: Այս խնդիրների լուծման համար, ըստ Արծվիկ Մինասյանի, առաջնային է բնապահպանական ռազմավարության մշակումը, որում պետք է ամրագրված լինի բոլոր կողմերի դերակատարությունը և մասնակցությունը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, շնորհավորելով նախարարին պատասխանատու և կարևոր ոլորտի պետական լիազոր մարմնի ղեկավարումը ստանձնելու առթիվ, իրենց ելույթներում բարձրացրել են բնապահպանական բազմաթիվ հարցեր: Մասնավորապես նորանշանակ նախարարին առաջարկել են ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բնապահպանական նորմերի, Շաքիի ջրվեժի բնական վիճակի, բնապահպանական փորձաքննության մեխանիզմների և մեթոդաբանության, փոքր ՀԷԿ-երի գործունեության, անտառապատ տարածքների ու ընդհանրապես Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանման, էկոկրթության և այլ հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարարը յուրաքանչյուր բարձրացված հարցի վերաբերյալ համապատասխան ստորաբաժանումներին տվել է հանձնարարականներ: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդեն առաջիկա օրերին բարձրացված որոշ հարցերով կազմակերպել առանձին քննարկումներ:

Նիստի մասնակիցների կողմից հնչել են նաև բնապահպանական հիմնահարցերի լուծման առաջարկներ: ՀՀ բնապահպանության նախարարն առաջարկել է դրանք գրավոր ներկայացնել նախարարություն` ոլորտի քաղաքականությունը մշակելու գործընթացում դիտարկելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ և օգտակար քննարկումների համար` Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ այս հանդիպումով տրվել է համատեղ աշխատանքի մեկնարկը և հետագայում ոլորտին առնչվող որոշումները կկայացվեն հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, ինչն էապես կնպաստի դրանց իրագործման արդյունավետության բարձրացմանը:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31