Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Հովհաննիսյանի դեմ ոստիկանների ցուցմունքների զավեշտները

Հոկտեմբեր 05,2016 16:46

Փաստաբանները կարծում են, որ Սարի թաղում հուլիսի 29-ի դեպքերի վերաբերյալ առաջադրված մեղադրանքները և կալանավորումները հիշեցնում են մարտի 1-ի ձեռագիրը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը հայտարարեց, թե աբսուրդ է. մի գործով Դավիթ Հարությունյանը ճանաչվել է որպես տուժող, մյուսով մեղադրյալ: Դառնալով անտրամաբանական հանգամանքներին` պարոն Արսենյանը տեղեկացրեց. «Այս պահին ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում իմ պաշտպանյալ Դավիթ Հովհաննիսյանը տուժող է, քանի որ Խորենացիում վնասվածքներ է ստացել: Այսօր մեկուսարան եմ գնալու, քանի որ ՀՔԾ-ի կողմից քննիչը նրան որպես տուժող պետք է հարցաքննի: Իսկ քննչական կոմիտեով քննվող գործով նա մեղադրյալի կարգավիճակում է»:

Ըստ պարոն Արսենյանի` Սարի թաղում տեղի է ունեցել խնդրի` ոստիկանական ուժերի ծրագրավորած լուծումը` երթը հարկադիր դադարեցնելու մասով, որի արդյունքում գրոհ է ձեռնարկվել և նետվել 52 ձայնային և գազային նռնակ:

Փաստաբանը նշեց, որ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ. «Մեղադրանքը շուրջ երեք թերթ է, որում նկարագրվում է, որ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը և այլք կազմակերպել են այդ անկարգությունները և մի տողով նշվում է, որ Դավիթ Հովհաննիսյանն իր հերթին քարեր է նետել ոստիկանների ուղղությամբ: Սա մարտի 1-ի ձեռագիրն է. այն ժամանակ էլ շարքային ոստիկաններին հանձնարարել են, որ այս կամ այն անձի նկատմամբ ցուցմունք տան»:

Հովիկ Արսենյանը մի շարք ոչ տրամաբանական հանգամանքներ է նկատում Դավիթ Հովհաննիսյանի գործում. «Եթե զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, ապա ոստիկանությունը պարտավոր էր հասարակական կարգը պահպանել, հետևաբար ի՞նչն է պատճառը, որ ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում»: Պարոն Արսենյանը կարծում է, որ ընդհանրապես հուլիսի 29-ին զանգվածային անկարգությունների մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քանի որ քաղաքացիները զղջացել են քարեր նետելու համար:

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անազատության մեջ գտնվող անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն էլ աբսուրդ համարեց այն, որ ոստիկանները ցուցմունք են տվել, որ իրենք Սարի թաղում քառասուն մետրի վրա էին կանգնած ու լսում էին, թե ինչպես են Արմեն Մարտիրոսյանը և մյուսները ցույցի մասնակից անձանց հորդորում, որ քարեր վերցնեն ու նետեն մարդկանց վրա: Նա զարմանք է հայտնում, թե այդ աղմուկի մեջ ինչպես կարող էին ոստիկանները քառասուն մետրի վրա նման բան լսած լինել. «Տրցակով տուժողներին փորձագիտական եզրակացություններ են տալիս ոստիկանների, բերում են բազում վնասված մեքենաներ. այսպիսի բան Ռեմբոն ու ֆիլմային մյուս հերոսներն անել չեն կարող:

Հովիկ Արսենյանն էլ, վկայակոչելով ԵԽԽՎ-ի`ՀՀ-ի վերաբերյալ ընդունած 1609 /1639 բանաձևը, նշեց, որ միայն մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա չի կարելի քրեական հետապնդում իրականացնել, առավել ևս կալանավորում: Այնուհետ հեգնեց, թե դրա համար էլ հիմա երկու ոստիկանի ցուցմունք են ներառել: Կարեն Մեժլումյանն էլ իր հերթին հավելեց. «Երկու ոստիկանի ցուցմունք են ներառել, բայց կալանավորել են երեք անձի»:

Փաստաբաններն արձանագրեցին, թե շարունակում են անազատության մեջ մնալ հիմնականում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ձերբակալվածների կողմէ՝ Մարտ 1-ի հետ բաղդատականը ամենաանճիշդ, անճարակ բանն է որ կարելի է անել,
    նկատի ունենալով թէ, ի տարբերութիւն անցած հուլիսին, ինչ ձեւով վերջ գտաւ այդ նախորդ ապստամբութեան փորձը, Մարտ 1-ին…

    պաշտպան «փաստաբանները» այս ձախավեր բաղդատականը կատարելով,
    պարզապէս լաւ նիշ են տալիս վարչակարգի այժմու տարբերակին

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31