Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանի կուսակիցները Գյումրու մանկավարժականի թիվ 3 ընտրատեղամասում արտառոց խախտում են հայտնաբերել

Հոկտեմբեր 05,2016 16:39

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանի տեղեկացմամբ, Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո սահմանված ժամկետում բողոքարկումներ են ներկայացրել վեց կուսակցություններ՝ տարբեր բովանդակությամբ։ Թվով 6 դիմում ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, 7 դիմում՝ «Բալասանյան» դաշինքը, 3 դիմում՝ «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, 5 դիմում՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը և 2 դիմում՝ «Հայկական Վերածնունդը»։

«Մենք դեռ երեկ քննարկել ենք «Համախմբում» կուսակցության դիմումը, որը կապված է Գյումրու մանկավարժական ինստիտուտի թիվ 3 ընտրատեղամասում թվով 99 քվեաթերթիկների անվավեր ճանաչման հետ։ Մենք վարչական վարույթ ենք ունեցել այս մասով, հետագայում իմ կողմից որոշվել է տեղամասի ամփոփումը ստուգել, կատարել վերահաշվարկ։

«Համախմբում» կուսակցությունը իր դիմումում պահանջում էր համարել չեղյալ, վերաքվեարկություն անցկացնել։ Իսկ դրա համար մենք պիտի պատրաստ լինենք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, փաստորեն վերահաշվարկի արդյունքում իրոք պարզվեց, որ կան 99 թվով անվավեր ճանաչած քվեաթերթիկներ, որոնք որ հանձնաժողովի անդամի կողմից՝ երրորդ անձի կողմից երրորդ կնիքը չի դրվել։ Գիտեք, որ 3 կնիք է, երկուսը դրվել են, 3-րդը չի դրվել։ Այդ առումով մենք դեռևս որոշում չենք կայացրել, դա ընթացքի մեջ է։

Նույն կուսակցության ներկայացրած մնացած 4 դիմում-բողոքները հիմնականում նրանց վստահված անձանց կամ թեկնածու համարվող անձանց կողմից վերահաշվարկ կատարելու պահանջներ են։ Ընտրական օրենսգիրքը ունի մի շատ կարևոր հոդված, ասվում է՝ կարող են բողոքարկման դիմում բերել վստահված անձինք կամ թեկնածուները, եթե նրանք տվյալ տեղամասում ամփոփման գործընթացին մասնակցել են և ունեն առարկություններ։ Փաստորեն նրանք չգտնվելով այդ տեղամասում՝ ներկայացրել են դիմումներ վերահաշվարկի մասին, որը որ չի ընդունվում, մերժվել է։

Հաջորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որը ներկայացրել է 6 դիմումներ թեկնածուների անուններից՝ նորից վերահաշվարկ կատարելու մասին։ Սա նույնպես մերժվել է նույն պատճառով․ թեկնածուները տվյալ ընտրատեղամասերում ընդհանրապես չեն գտնվել, նույնիսկ տեղյակ չեն արդյունքների ամփոփումից, թեև իրենց փաստաթղթերը ներկայացված էր, կան քաղվածքներ, սակայն դրանք դեռևս բավարար չեն»,- ներկայացրեց Էդուարդ Բաղրամյանը։

Ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, «Գյումրեցու ոգին» ևս ունեցել է 3 դիմում, հանձնաժողովը երեկ կատարել է վերահաշվարկ՝ թիվ 18-րդ ընտրատեղամասում, սակայն վերահաշվարկի արդյունքով ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, վավեր, անվավեր ձայները, բոլոր փաստաթղթերը համապատասխանել են արձանագրության մեջ նշվածներին։

«Այսինքն` մենք դեռ երեկ ունեցանք վերահաշվարկված երկու ընտրատեղամաս՝ թիվ 3 և 18, «Գյումրեցու ոգուց» մնաց երկու տեղամաս։

«Բալասանյան դաշինքը», որը յոթ դիմում էր ներկայացրել, դրանցից երկուսը դեռ երեկ նիստում մեր կողմից մերժվել է նույն պատճառով․ նորից ընտրատեղամասում նրանք չեն գտնվել և բնական է չգտնելով հանդերձ՝ վերահաշվարկ կատարելը ենթակա չէր ընթացք տալու։

Հաջորդը «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է, որը վերահաշվարկ չի պահանջել, առարկություններ ուներ երկու ընտրատեղամասի հետ կապված, դիմումների մեջ նշում էին, որ կան տարաձայնություններ, տարբերություններ քաղվածքների և ու արձանագրությունների միջև։ Մենք այդ խնդիրները ուսումնասիրել ենք, չկա էապես տարբերվող ելակետային նշումներին խանգարող հանգամանք և մերժվել են նրանց դիմումները։ Այսօր առավոտյան ժամը 9-ին նիստ ենք գումարել և «Բալասանյան դաշինք» -ի մնացորդ հինգ դիմումների և «Գյումրեցու ոգու» երկու դիմումների հետ կապված, դրանք մեկ անգամ ևս ուսումնասիրվել են, նրանց բոլոր դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, որ ներկայացված դիմումներում չկան հիմնավորող փաստաթղթեր վերահաշվարկի հիմք հանդիսանալու համար, այդ իսկ պատճառով բոլորի 7 դիմումներն էլ մերժվել են և ավարտվել է մեր ունեցած դիմումների վերաբերյալ պատասխան որոշում կայացնելու ժամկետը։ Հիմա մենք նախապատրաստվում ենք բոլորին մեկ առ մեկ իրենց համապատասխան որոշումների մասով», -ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Նշենք, որ հաշվարկներին, վերահաշվարկներին մասնակցած լրագրողների փաստմամբ, այս ընտրությունները տարբերվել են քվեաթերթիկների վրա եղած գրառումների առատությամբ, մարդիկ քվեարկել են՝ իրենց սրտի խոսքն ասելով ու, իհարկե, անվավեր դարձնելով դրանք։ Էդվարդ Բաղրամյանի տեղեկացմամբ, 2475 քվեաթերթիկներ անվավեր են ճանաչվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31