Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Մեկ ուսումնական տարում 6500 աշակերտ է արտագաղթել» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2016 16:05

Կրթության փորձագետ, ԵՊՀ դասախոս Սերոբ Խաչատրյանը հոկտեմբերի 5-ին «Պոստ Սկրիպտում» ակումբում խոսեց ոչ միայն Ուսուցչի տոնից, այլեւ կրթության համակարգում առկա խնդիրներից:

Պարոն Խաչատրյանը փաստեց, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ պաշտոնապես նշվում է ուսուցչի մասնագիտական տոնը, բայց միեւնույն ժամանակ ուսուցչի վերաբերյալ չկա համակարգված քաղաքականություն: «Վաղուց անցել են ժամանակները, երբ ուսուցիչը առաքյալ էր կամ աստված: Դա այն ժամանակ էր, երբ կրթության հնարավորություն փոքր թվով մարդիկ ունեին, իսկ հիմա պարտադիր կրթություն է, եւ մենք ունենք 100000-ավոր ուսուցիչներ, դրա համար նրանք այլեւս առաքյալ չեն ընկալվում»,-ասաց բանախոսը:

Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այսօր խորը անջրպետ կա ուսուցիչների եւ աշակերտների միջեւ. աշակերտներն օգտվում են ժամանակակից տեխնոլոգիաներից, ուսուցիչներն աշխատում են հին մեթոդներով:

Կրթության փորձագետի ձեւակերպմամբ՝ ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում, եւ 21-րդ դարի ուսուցիչը պետք է իմանա, թե ինչ է անհրաժեշտ լինելու 20 տարի հետո աշխատաշուկա մտնող երեխային:

Նա նաեւ ասաց, որ ունենք վերբալիստական կրթական համակարգ, մինչդեռ ժամանակակից աշխարհում կրթական համակարգում միայն խոսքը բավարար չէ՝ ուսուցման եւ հաղորդակցման մեթոդները պետք է տարբեր ու հետաքրքիր լինեն:

Խոսելով գյուղական ուսուցիչների մասին, կրթության փորձագետը հավելեց, որ նրանց վիճակն ավելի ծանր է. «Շատ վտանգավոր է մարդկանց հետ աշխատող մարդուն միայնակ թողնելը: Սա հատկապես գյուղական ուսուցիչների խնդիրն է, նրանք պետք է վերապատրաստվեն գոնե 5 տարին մեկ անգամ»:

Ինչ վերաբերում է ուսուցչի միջին աշխատավարձին, այն շարունակում է ցածր մնալ: Սերոբ Խաչատրյանն ասում է. «Դա 60-65000 դրամ է, ճիշտ այնքան, որքան արժի ատամնաբուժական կլինիկաներում մեկ ատամը «պլոմբելը»: Փաստորեն, մեկ ատամի գին վճարելով՝ ուսուցչի վրա հսկայական ծանր բեռ ենք դնում: Մեր երկրում շատ է նաեւ ուսուցիչների թիվը, կա 25000 դրույք աշխատանք ու 34000-ից ավելի ուսուցիչ: Ունենք դպրոցներ, որտեղ ավելի շատ ուսուցիչ կա, քան աշակերտ»:

Բանախոսը փաստեց նաեւ, որ անցյալ ուսումնական տարում 6500 դպրոցական է արտագաղթել, ու վերադարձել է 2400-ը: Նրա խոսքերով, դա ռեկորդային ցուցանիշ է, կազմում է աշակերտության 1,1%-ը եւ նախորդ տարիներին արտագաղթած աշակերտների թիվը երբեք չի գերազանցել 4000-ը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31